Լիբերալիզմն իրեն սպառե՞լ է

Աշխարհն իր ուշադրությունը մի քան օր սևեռեց Ճապոնիային, իսկ այժմ, ինչպես միշտ, ուշադրության կենտրոնում Ռուսաստանն է: Ավելի ճիշտ`Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ճապոնիայի Օսակա քաղաքում անցկացվեց G-20 հերթական գագաթնաժողովը, աշխարհի 20 առաջատար երկրների հանդիպումներն ու բանակցությունները: Այս գագաթնաժողովն առանձնապես ոչնչով աչքի չի ընկել: Եվ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հանդիպման անարդյունավետությունը (ընդհանուր առմամբ) կանխատեսելի էր: Կանխատեսվում էր նաև, որ Ռուսաստանի նախագահը «կհանգստացնի» անգլիացի Թերեզա Մեյին: Սպասվում էր, որ Բրազիլիայի նոր նախագահը`ԱՄՆ դրածո Ժաիր Մեսսիաշ Բոլսոնարուն, կակնարկի ԲՌՀՉՀԱ (ԲՐԻԿՍ)  կազմակերպության (Բրազիլիա-Ռուսաստան-Հնդկաստան-Չինաստան-Հարավային Աֆրիկա) անպետք լինելը: Իսկ ինչու G-20 գագաթնաժողովից հետո Արևմուտքը հանկարծ հիշեց գագաթնաժողովից առաջ «Financial Times» թերթին Վ.Պուտինի տված հարցազրույցը։

Իրականում ՌԴ նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի տարած հաղթանակը պայմանավորված էր լիբերալ քաղաքականությունից ամերիկացիների աճող հիասթափությամբ և շեշտել. «Լիբերալ գաղափարն իրեն սպառել է: Միլիոնավոր մարդիկ ապրում են իրենց կյանքով, և նրանք, ովքեր քարոզում են այդ գաղափարները, դրանցից հեռացել են»: Նշանակալի խոստովանություն լիբերալ նախագահից, իսկ Պուտինը լիբերալ է, ինչն ինքը բազմիցս ընդգծել է։ Նշենք, որ G-20 գագաթնաժողովում ոչ մի լուրջ քաղաքական գործիչ չհամարձակվեց հակաճառել Պուտինին: Ամեն դեպքում, միջազգային լրատվամիջոցները չեն հաղորդել, որ Օսակայում լիբերալիզմի հարցով բանավեճ է եղել Արևմուտքի ներկայացուցիչների և Պուտինի միջև: Իսկ «Financial Times» թերթին տված հարցազրույցի ամբողջական տեքստը յուրաքանչյուր ոք կարող է գտնել և կարդալ: Նշեմ միայն, որ լիբերալիզմի ամենաեռանդուն կողմնակիցները, ովքեր փորձել էին հեռակա վեճի մեջ մտնել Պուտինի հետ, հայտնի երաժիշտ և երգիչ, համասեռամոլ Էլթոն Ջոնն ու Եվրոպական խորհրդի նախագահ, Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկն էին: Փոքր-քիչ «դիմադրեց» նաև Թերեզա Մեյը: Եվ վերջ:

Թե ինչու է համասեռամոլ Էլթոն Ջոնը փորձում վիճարկել Պուտինի դատավճիռը Արևմուտքին, հասկանալի է․ հենց «լիբերալիզմի ժամանակակից մեկնաբանության» օրոք է ապականվել ընտանիքի գաղափարը, տղամարդու և կնոջ կամավոր միության գաղափարը: Իսկ Տուսկը սկսեց դեմագոգիայով զբաղվել․ Եվրախորհրդի կայքէջի իր ուղերձում գրված է. «Նա, ով ասում է, որ լիբերալ ​​ժողովրդավարությունը հնացած է, պնդում է նաև, որ հնացած են ազատությունները, հնացած են օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները»: Թերեզա Մեյը, մեկնաբանելով Պուտինի խոսքերը, նշեց, որ Մեծ Բրիտանիան «կպաշտպանի մարդու իրավունքները և բոլոր խմբերի հավասարությունը, այդ թվում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների»: Բայց, այնուամենայնիվ, Արևմուտքում գտնվեցին մարդիկ, որոնք մտածմունքների մեջ ընկան: Ահա հայտնի լրատվամիջոցի արձագանքը`BBC News (World)․ միտումնավոր չեմ թարգմանում անգլերենից․ «Is Putin right? Is Liberalism really dead?»: Հիշեցնեմ միայն Վ. Պուտինի հայտարարության վերջին մասը` լիբերալիզմի «մահվան» մասին․ «Թող բոլորը լավ լինեն, մենք ոչինչ չունենք որևէ մեկի դեմ: Բայց չպետք է մոռանանք նաև մշակույթը, ավանդույթները և ընտանիքի ավանդական հիմքերը, որոնցով ապրում են միլիոնավոր մարդիկ»:

Ահա թե ինչն է իսկապես վախեցրել Արևմուտքին Պուտինի հայտարարության մեջ: Ռուսաստանի նախագահը կոչ արեց սատարել մարդկային քաղաքակրթության ավանդական արժեքները: Այնուամենայնիվ, անսպասելիորեն (բայց Օսակայից հետո) նրան սատարեց… Թրամփը։ ԱՄՆ նախագահը, ի պատասխան լրագրողների հարցի, ասել է, որ չի կարդացել Պուտինի մեկնաբանությունը, սակայն վստահություն է հայտնել, որ իր ռուս գործընկերոջ հայտարարությունը հիմնված է դիտարկումների վրա: Որպես օրինակ, Թրամփը մեջբերել է Լոս Անջելեսն ու Սան Ֆրանցիսկոն, որոնց բազմաթիվ խնդիրներ, ըստ նրա, պայմանավորված են լիբերալիզմի աղետալի հետևանքներով, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Իսկ եթե հավատալ Դաշնային լրատվական գործակալության հունիսի 28-ի հաղորդմանը, ապա «արևմտյան երկրների բնակիչները հիացան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթով, որը հայտարարեց լիբերալիզմի դարաշրջանի ավարտի մասին»: Եվ ապա․ «Որոշ մեկնաբաններ հետաքրքրված էին, թե ինչպես ընտրել Պուտինին`որպես իրենց հայրենի պետության առաջնորդ: Այլ օգտատերեր ցանկություն են հայտնել տեղափոխվել Ռուսաստան»: Դե ինչ, արևմտյան վերնախավը իսկապես մտածելու բան ունի: Կամ գուցե պարզապես բացել աչքերը և հեռանալ «ժամանակակից լիբերալիզմից»: Չէ՞ որ կա պարզ լուծում, և այլևս ստիպված չեն լինի «վախենալ Ռուսաստանից կամ Պուտինից»:

Սերգեյ Շաքարյանց