Հայաստանի և Սինգապուրի միջև կստորագրվի եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիր

Կառավարությունը հուլիսի 4-ի նիստում հավանությանն է արժանացրել «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության կառավարությունների միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: ՀՀ ֆինանսների նախարարությունը 2016-ից նախաձեռնել է Սինգապուրի Հանրապետության հետ կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիր կնքելուն ուղղված աշխատանքներ: Այս ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության և սինգապուրյան կողմի միջև տեղի են ունեցել մի շարք աշխատանքային քննարկումներ:

Ինչպես նշել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, նման համաձայնագրերի նպատակն է նպաստել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, հարկային մարմինների համար տեղեկատվության փոխանակմանը, ինչը հնարավորություն է տալիս սահմանափակել հնարավոր ռիսկերը: Բացի դրանից, ստեղծվում են նաև անհրաժեշտ նախադրյալներ ներդրումներին և արտահանմանը նպաստելու համար: Նման համաձայնագիր Հայաստանը կնքել է արդեն 46 երկրների հետ:

Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել հուլիսի 7-9-ը՝ վարչապետի Սինգապուր կատարած պաշտոնական այցի շրջանակում:

Եվրապարտատոմսերի թողարկման, վերաբացման և հետգնման գործընթացների շրջանակներում ծառայությունների ձեռքբերման հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման առանձնահատկությունների սահմանմամբ պայմանավորված՝ ընդունվել է կառավարության համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ եվրապարտատոմսերի շուկայում գործառնությունները կարգավորվում են միջազգային կապիտալի շուկայում գործող կանոններով, որտեղ բոլոր մասնակիցների վարքագիծը խիստ որոշակի է: Եվրապարտատոմսերի շուկայում գործառնություններ իրականացնելու նպատակով երկրներն այդ կանոններին համապատասխան ընտրում են միջազգային իրավախորհրդատու և գլխավոր տեղաբաշխողներ: Ընտրության գործընթացն ունի որոշակի առանձնահատկություններ, որոնցով պայմանավորված անհրաժեշտ է դրանք սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ: Համապատասխան որոշման ընդունումը հնարավորություն կտա եվրապարտատոմսերի շուկայում գործառնություններ իրականացնելու նպատակով կարգավորել գործընկերների ընտրության հետ կապված առանձնահատկությունները: