Տասնչորս մարդու կյանք խլած սուզանավը միջուկային էր. Պուտինի գաղտնազերծումը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը գաղտնազերծել է «պետական գաղտնիքի» կնիքի տակ պահվող տեղեկությունը՝ կապված հուլիսի 1-ին ՌԴ տարածքային ջրերում ստորջրյա սարքում տեղի ունեցած ողբերգական հրդեհի հետ:

Ողբերգական դեպքից 3 օր անց Պուտինը հայտարարել է, որ հրդեհված և 14 մարդու կյանք խլած սուզանավը միջուկային էր. ներկայացվել են այլ մանրամասներ

Tert.am-ի տեղեկացմամբ, նախագահը բացահայտել է, որ մինչև այժմ լրատվամիջոցներում խոր ջրային գիտահետազոտական սարք ներկայացվող ապարատն իրականում միջուկային սուզանավ է:

14 նավաստիների կյանք խլած հրդեհից հետո ԶԼՄ-ները ռուսական իշխանություններին մեղադրում էին օվկիանոսի հատակին տեղի ունեցած ողբերգական դեպքի ամբողջական մանրամասները քողարկելու փորձի համար: Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ դեպքի պահին գիտահետազոտական սարքն Արկտիկայից ոչ հեռու ուսումնասիրում էր օվկիանոսի հատակը: Բացի դրանից, հրդեհն ու նավաստիների զոհվելը տեղի էին ունեցել երկուշաբթի, սակայն ՊՆ-ը տեղեկությունը գաղտնազերծել էր միայն երեքշաբթի երեկոյան:

Սարքի միջուկային լինելու մասին հայտնի է դարձել Պուտինի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ Կրեմլում կայացած հանդիպման արդյունքում: Նախագահը հետաքրքրվել է՝ խոշոր հրդեհից հետո ինչ վիճակում է սուզանավի միջուկային ռեակտորը, ինչին ի պատասխան Շոյգուն ասել է. «Միջուկային ռեակտորն ամբողջովին մեկուսացված է, դրա մոտ մարդ չկա: Անձնակազմի կողմից ձեռնարկվել են ռեակտորը պաշտպանելու համար բոլոր անհրաժեշտ քայլերը: Ներկայում այն սարքին է»:

Շոյգուն հավելել է, որ հրդեհը բռնկվել է սուզանավի մարտկոցային հատվածում:

Ինչ վերաբերում է զոհված 14 նավաստիներին, ապա նրանց մահվան պատճառ է դարձել այրվող նյութերից թունավորումը:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով հուլիսի 1-ին ՌԴ տարածքային ջրերում երկրի ռազմածովային նավատորմին պատկանող և ստորջրյա ուսումնասիրությունների համար նախատեսված սարքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 14 նավաստիների զոհվելու ողբերգական դեպքին, ասել էր, որ կատարվածի մանրամասները միանգամայն գաղտնի տվյալներ են և չեն կարող հրապարակվել: Պեսկովի խոսքով՝ ջրասուզորդ նավաստիների զոհվելու հետ կապված տեղեկության մի մասը պետական գաղտնիք է, որը հրապարակման ենթակա չէ:

Բացի դրանից, նախագահի խոսնակը հրաժարվել էր պատասխանել լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպիսի ստորջրյա սարքում կամ սուզանավում են գտնվել նավաստիները: