Օպերային երգչուհի Լիլիթ Սողոմոնյանը կերգի հայ հանդիսատեսի համար

20 տարի բեմում լինելով՝ օպերային մեներգչուհի Լիլիթ Սողոմոնյանը հասցրել է ներկայանալ բազմաթիվ դերերգերով, հյուրախաղերով լինել ամենատարբեր երկրներում: Առաջին դերերգը կատարել է 24 տարեկանում Վերդիի «Տրուբադուր» օպերայում՝ մարմնավորելով Լեոնորային: Հետագայում «Աիդա» օպերայում մարմնավորել է Աիդային, երգել է «Տոսկա», «Մանոն Լեսկո», Սերգեյ Ռախմանինովի «Ալեկո», Պիետրո Մասկանիի «Գեղջկական ասպետություն», Ամիլկարե Պոնկիելի «Ջոկոնդան» և այլ օպերաներում:

Լիլիթ Սողոմոնյանը միջազգային տարբեր մրցույթների դափնեկիր է, կրթությունը ստացել է Իտալիայում, որտեղ նաև աշխատել է տարբեր մասնագետների հետ:

Վերջին 2 տարիներին օպերային մեներգչուհին հրավերներով հանդես է եկել Չիլլիում՝ Սանտյագոյի «Մունիսիպալ» թատրոնում՝ Պուչինիի «Տոսկա» և Վերդիի «La Forza del Destino» օպերաներով: Չիլիում երգչուհին աշխատել է իտալացի ռեժիսոր Ստեֆանո Վիզիոլիի և չիլիացի դիրիժոր Պեդրո Պաբլո Պրուդենսիոյի հետ:

Հուլիսի 4-ին երգչուհին կերգի օպերային թատրոնում՝ ներկայանալով «Տոսկա» ներկայացման մեջ։