Իսրայելյան ձախողված հանդիպում. Նեթանյահուն չդարձավ ԱՄՆ և Ռուսաստանի «հաշտարարը»

Իսրայելում տեղի ունեցավ արտասովոր հանդիպում. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նպատակ ուներ իրեն ԱՄՆ-ի և Ռուսաստանի «հաշտարար» զգալ: Նա այդ հանդիպման համար ներկայացրեց Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Մեյեր Բեն-Շաբբաթին: Վերջինիս զրուցակիցներն էին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը և ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար, բանակի գեներալ Նիկոլայ Պատրուշևը: Թվում էր, թե պետք է խոսեին Սիրիայի, Մերձավոր Արևելքի մասին, մինչդեռ  իրականում խոսակցությունը ծավալվեց Իրանի շուրջ: «Մենք լի ենք վճռականությամբ՝ Իրանին Սիրիայից վտարելու համար։ Իսրայելը կշարունակի խոչընդոտել Իրանի հարձակումները Իսրայելի տարածքի վրա ու դրա  համար կօգտագործի    հարևան տարածքները»,- հայտարարել է Նեթանյահուն:

Բոլթոնը հաստատեց ԱՄՆ-ի՝ «Սիրիայում օտարերկրյա ուժերի դուրսբերման» ցանկությունը, առաջին հերթին նկատի ունենալով Իրանին: Նա նաև կրկնել է Վաշինգտոնի ավանդական մեղադրանքներն այս երկրի հասցեին: Նա մասնավորապես ասել է Օմանի ծոցում լցանավերի վրա հարձակումների և ամերիկյան անօդաչու սարքի մասին. ինչպես կարծում է ԱՄՆ-ը, հարձակումների հետևում կանգնած է Թեհրանը։

«Վերջին մի քանի ամիսների ընթացքում Իրանը մասնակցել է երկարատև և չարդարացված հարձակումների»,- ասել է Բոլթոնը՝ չմոռանալով խոսել նաև Թեհրանի «միջուկային հավակնությունների» մասին: Իհարկե, եթե առաջնորդվենք Իրանի բարձրագույն պաշտոնատար անձանց բոլոր պաշտոնական հայտարարություններով, ապա այդպիսիք չկան: Ավելին, դրանք հերքվում են ԱԷՄԳ (IAEA) բազմաթիվ զեկույցներով, որոնցում նշվում է, որ  Իրանը՝ «Միջուկային համաձայնագրի» շրջանակներում հստակ և հետևողականորեն կատարում է 2015 թ. իր պարտավորությունները:

Իսկ ռուսական և իրանական լրատվամիջոցները շեշտում են, որ գեներալ Պատրուշևն իր հայտարարություններում, փաստորեն, ամբողջությամբ և անվերապահորեն հերքել է Նեթանյահուի և Բոլթոնի հայտարարությունները: Ըստ «Fars News» գործակալության, Պատրուշևը Իսրայելում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է. «ՌԴ պաշտպանության նախարարությունից անհերքելի ապացույցներ ունեմ, որ ամերիկյան անօդաչու սարքը գտնվում էր Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքում»: Խոսելով հունիսի 13-ին Օմանի ծոցում երկու նավթային տանկերների վրա հարձակման մասին, որի համար ԱՄՆ-ը և Իսրայելը մեղադրում են Իրանին, Պատրուշևը նշեց. «Տվյալ միջադեպի մանրակրկիտ հետաքննություն անցկացրեք: Ռուսաստանը չի ընդունում Իրանի նկատմամբ անհիմն մեղադրանքները՝ մինչև հետաքննության անցկացումը և անհերքելի ապացույցներ ներկայացնելը»: Ռուս գեներալը նաև նշել է, որ Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա հարձակման մասին տրամադրված տեղեկատվությունը «չափազանց ոչ պրոֆեսիոնալ» էր:

Այսպիսով, Մոսկվան ընդունում և աջակցում է Թեհրանի վարկածին, ընդ որում, Պատրուշևը շեշտեց, որ չի քննարկել այդ թեման իրանական կողմի հետ: Նա նաև անցանկալի անվանեց Ւսրայելի ճնշումները Սիրիայի վրա: ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը Սիրիայից օտարերկրյա զորքերի դուրսբերման մասին ոչինչ չասաց, սակայն ռուսական քաղաքական գործիչներն ու դիվանագետները բազմիցս բարձրաձայնել են այս թեման: Հայտնի է, որ Մոսկվայի համար ավելի սուր է համարվում ամերիկյան զինված ուժերի և նրանց մարիոնետ դաշնակիցների դուրսբերումը Սիրիայից, քան իրանամետ ուժերի: Ռուսաստանում հավատարիմ են մնում այն դիրքորոշմանը, որ եթե իրանցիներին հրավիրել է սիրիական ղեկավարությունը, ապա նա էլ պետք է որոշի, թե ինչ պայմաններով է համագործակցելու Թեհրանի հետ: Դա բազում անգամ ընդգծել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, իսկ վերջին անգամ շեշտեց հունիսի 25-ին Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեխ Շուկրիոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում: Ինչպես հետևում է Պատրուշևի խոսքերից, Մոսկվայում ավելի արդյունավետ են համարում Իրանի հետ բանակցությունները, և ոչ թե նրա վրա ճնշում գործադրելը․ «Մենք հասկանում ենք Իսրայելի անհանգստությունները և ուզում ենք, որ գոյություն ունեցող սպառնալիքները վերացվեն… Միևնույն ժամանակ պետք է հիշել տարածաշրջանային այլ պետությունների ազգային շահերը»:

«Եթե հաշվի չնստենք Իրանի շահերի հետ, ես կասկածում եմ, որ կկարողանանք հասնել կոնկրետ արդյունքների»,- ընդգծել է Պատրուշևը և ավելացրել, որ Ռուսաստանն ու Իրանը «փոխադարձաբար հնարավորություն ունեն փոխազդելու միմյանց վրա», և հնարավորություն կա «լսելու միմյանց»: ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը նախազգուշացրել է իր գործընկերներին՝ հեռու մնալ Թեհրանը որպես տարածաշրջանային անվտանգության հիմնական սպառնալիք ներկայացնելու փորձերից և ընդգծել, որ «Իրանը եղել և մնում է Ռուսաստանի դաշնակիցն ու գործընկերը»: Ընդ որում, չնայած տարաձայնություններին, Պատրուշևը հասկացրեց, որ, այնուամենայնիվ, կողմերը մի բան ունեին պայմանավորվելու: Իր ելույթի վերջում նա ընդգծել է, որ հանդիպման մասնակիցները «շատ առումներով համակարծիք եղան», առաջին հերթին Սիրիայի հարցի շուրջ․ «Մենք պետք է երկխոսություն վարենք»,- ընդգծել է նա:

Իսրայելի բանակցությունների մասնակիցներն իրարից բաժանվեցին որպես լավ և բավարարված ընկերներ: Այդպես էր արտաքին տպավորությունը։ Սակայն Պատրուշևի խոսքերի վերլուծությունը (հունիսի 25-ին Լավրովի խոսքերի համատեքստում) փաստում է այն մասին, որ Ռուսաստանը ԱՄՆ-ին և Իսրայելին ներկայացրել է յուրօրինակ մեղմ․․․ վերջնագիր․ Ռուսաստանի հիմնական պահանջը ԱՄՆ-ին և Իսրայելին այն է, որ Սիրիայում ամերիկացիներն ու իսրայելցիները չսադրեն Իրանին, ինչպես նաև չսադրեն Սիրիային ու շիական ուժերին:

Իսկ Իրանում,  զավեշտալի են ընդունում Դոնալդ Թրամփի  հայտարարությունը՝ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սկսելու մասին։ Համաձայն այդ  հայտարարության՝ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառելու Իրանի ղեկավարի՝ այաթոլլահ Ռուխոլլա Մուսավի Խոմեյնիի դեմ․ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը`վկայակոչելով արաբական ԶԼՄ-ներին: Սակայն փաստ է, որ երկիրն այժմ ղեկավարում է այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսսեյնի Խամենեին, իսկ այաթոլլահ Խոմեյնին մահացել է դեռ 1989 թվականին…

Սերգեյ Շաքարյանց