Սեզոնային ճամբարներում հայտնաբերվել են թերի մակնշմամբ և անհայտ ծագմամբ մթերքներ․ ՍԱՏՄ դիտարկումը

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսել մանկական սեզոնային ճամբարներում, որի շրջանակներում վերահսկողական միջոցառումներ են անցկացվել Կոտայքի մարզի «Լուսաբաց ճամբար առողջարարական», «Հասմիկ ճամբար», «Հեքիաթային կիրճ մանկական տուրիստական հանգստի կենտրոն» և  «Արագած ճամբար» ՍՊԸ-ներում:

ՍԱՏՄ լրատվական ծառայության տեղեկացմամբ, դիտարկման արդյունքներով պարզվել է, որ բոլոր ճամբարներում սննդամթերքը մատակարարվում է պայմանագրային հիմունքներով, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը ենթարկվել է բժշկական զննության, առկա են եղել բոլորի սանիտարական գրքույկները: Պահպանված են եղել նաև այդ հաստատություններին ներկայացվող սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները՝ խոհանոցային և պահեստային հատվածները գտնվել են նորոգ և բարվոք վիճակում, ապահովված են եղել անհրաժեշտ գույքով և սառնարանային սարքավորումներով՝ սննդամթերքը համապատասխան ջերմային ռեժիմներում պահպանելու համար:

Դիտարկման ընթացքում «Հեքիաթային կիրճ մանկական տուրիստական հանգստի կենտրոն» ՍՊԸ-ում հայտնաբերվել են թերի մակնշմամբ թթվասեր (16 տուփ) իսկ «Արագած ճամբար» ՍՊԸ-ում` ոչ միայն թերի մակնշմամբ թթվասեր (10 տուփ), այլև անհայտ ծագման թխվածքաբլիթ՝ գաթա (20կգ), մածուն (30կգ) և պանիր (4կգ):

Տեսչական մարմնի կողմից հենց տեղում տրվել է իրացումը կասեցնելու մասին կարգադրագիր և սահմանվել է խախտումների վերացման ժամկետ, որոնք տնտեսվարողների կողմից կատարվել են: