Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մոսկվայի պետական համալսարանի ռեկտորին

Հուլիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Վիկտոր Սադովնիչիի գլխավորած պատվիրակությանը`ուղեկցությամբ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի հաղորդմամբ,  պրն Սադովնիչին Հայաստան է ժամանել Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի առաջին շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողության առիթով:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակություն է հայտնել Մոսկվայի պետական համալսարանի կողմից Հայաստանում իրականացվող կրթական ծրագրերի առնչությամբ`շնորհավորելով ՄՊՀ ռեկտորին համալսարանի երևանյան մասնաճյուղի շրջանավարտների առաջին սերնդի պատրաստման կապակցությամբ: Նորին Սրբությունը վստահություն է հայտնել, որ նշանավոր համալսարանի մասնաճյուղն իր հետևողական գործունեությամբ մեծապես կնպաստի երկրում կրթության և գիտական մտքի զարգացմանը, ինչպես նաև կդառնա հայ-ռուսական բարեկամության զորացման կարևոր օջախներից մեկը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, անդրադառնալով հավատակից երկու ժողովուրդների բազմադարյա եղբայրական հարաբերություններին, կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի մտավորականության, կրթության, մշակույթի և գիտության մշակների գործակցությունը`ի նպաստ երկու դաշնակից պետությունների, իշխանությունների ու եղբայրական ժողովուրդների միջև փոխըմբռնման ու համագործակցության խորացման:

Իր հերթին ՄՊՀ ռեկտորը, խոսելով համալսարանի երևանյան մասնաճյուղի կրթական գործընթացի մասին, ուրախություն է հայտնել արձանագրած հաջողության կապակցությամբ` կարևոր նկատելով երիտասարդներին կրթելու առաքելությունը: Տիար Վիկտոր Սադովնիչին Վեհափառ Հայրապետին ներկայացրել է Մոսկվայի պետական համալսարանի լայնածավալ գործունեությունը` անդրադառնալով նաև համալսարանի ու Ռուս Ուղղափառ Եկեղեցու միջև առկա սերտ համագործակցությանը:

Շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը հերթական հանդիպման համար` ՄՊՀ ռեկտորը վերհիշել է իր այցելությունները Սուրբ Էջմիածին, կարևոր նկատել Հայոց Եկեղեցու դերը հայ ժողովրդի միասնության և հայկական սփյուռքի պահպանման գործում:

Զրույցի ընթացքում խոսվել է արդի աշխարհի մարտահրավերների մասին, մասնավորապես ընդգծվել երիտասարդության կյանքում հոգևոր-բարոյական արժեքների ամրապնդման ուղղությամբ կրթական և հոգևոր հաստատությունների ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը: Այդ առումով կարևորվել է համալսարանական երիտասարդության հետ տարվող աշխատանքը: Վեհափառ Հայրապետը խոսել է Հայոց Եկեղեցու կողմից ձեռնարկվող քայլերի, մասնավորապես Մայր Աթոռի հովանու ներքո գործող Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միավորման կողմից նախանշվող հոգևոր-կրթական ծրագրերի մասին: