Այաթոլահ Խամենեիի դեմ «պատժամիջոցները» «վերջնականապես փակում են դիվանագիտության ուղիները»

ԱՄՆ-ի և Իսրայելի լրատվամիջոցները  քննարկում են Իրանի վերաբերյալ «Թրամփի  երրորդ սցենարի» իրականացումը: Հունիսի 25-ին պարզվեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ երևույթին, ինքն է վախեցել «երրորդ սցենարից»: Կամ էլ, ԱՄՆ զինված ուժերը կարողացել են համոզել Թրամփին, որ ռազմական ցանկացած տարբերակ սպառնալիք է Վաշինգտոնի և Ասիայում ամերիկյան ռազմական հրամանատարության շահերի համար: Եվ արդյունքում, Թրամփը սահուն կերպով անցավ «չորրորդ սցենարին»:

Հունիսի 25-ի գիշերը ԱՄՆ նախագահը հրամանագիր  ստորագրեց Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին․ այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Սպիտակ տան մամուլի ծառայությունը փոխանցել է Թրամփի հետևյալ խոսքերը, թե   պատժամիջոցներն «ամեն դեպքում կկիրառվեն»: Թրամփը մոռացել է ներողություն խնդրել այն բանի համար, որ ԱՄՆ անօդաչու սարքը ներխուժել է Իրանի օդային տարածք, այսինքն, պատերազմական գործողություն էր իրականացվել  Իրանի դեմ: Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառում նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ութ ռազմական ղեկավարների նկատմամբ:

Պատժամիջոցների ենթարկվածների թվում էր նաև ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջիզոդան: «Նրա կառույցը պատասխանատու է 2019 թվականի հունիսի 20-ին ամերիկյան անօդաչու սարքի ոչնչացման համար»,- նշում է ամերիկյան վարչությունը:

Վաշինգտոնը խոստացել է պատժամիջոցներ կիրառել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի նկատմամբ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը։

ԱՄՆ-ի նոր, միակողմանի պատժամիջոցները նախատեսում են արգելափակել Իրանի ղեկավարության համար ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը, ենթադրում է Դոնալդ Թրամփը. «Իմ կողմից ստորագրված գործադիր հրամանագրով կիրառվող պատժամիջոցները զրկելու են Իրանի ղեկավարին և հոգևոր առաջնորդին, ինչպես նաև, իր աշխատակազմին և նրա հետ կապված անձանց հիմնական ֆինանսական ռեսուրսներից և աջակցությունից: Այաթոլահ Համենեի և իր աշխատակազմի ակտիվները դուրս չեն գա պատժամիջոցների բեռից»: Ըստ նրա, Վաշինգտոնի ընթացիկ քայլերն իրենցից ներկայացնում են «վճռական և համաչափ արձագանք Իրանի գործողություններին»:

«Մենք կշարունակենք ճնշում գործադրել Թեհրանի վրա, քանի դեռ ռեժիմը չի հրաժարվել իր վտանգավոր գործունեությունից և ձգտումներից, ներառյալ միջուկային զենքի մշակումը, ուրանի հարստացման մասշտաբների աճը, բալիստիկ հրթիռների մշակումը, ահաբեկչության օգտագործումն ու աջակցությունը, այլ երկրներում հակամարտությունների խթանումը և ԱՄՆ-ի ու նրանց դաշնակիցների դեմ թշնամական գործողությունները»,- զգուշացրել է Թրամփը:

Առայժմ Իրանը շատ մեղմ է արձագանքում:  «Mehr News» գործակալության  հաղորդմամբ, Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հայտարարել է․ «Իրանի առաջնորդի և Իրանի դիվանագիտության հրամանատարի հանդեպ անիմաստ պատժամիջոցներ կիրառելը նշանակում է դիվանագիտության ուղու վերջնական փակում Միացյալ Նահանգների հուսահատված կառավարության հետ: Թրամփի վարչակազմը ոչնչացնում է համաշխարհային խաղաղության և անվտանգության պահպանման համար ստեղծված բոլոր միջազգային մեխանիզմները»: ԱՄՆ կողմից հայտարարված նոր հակաիրանական պատժամիջոցները ոչ այլ ինչ են, քան քարոզչություն»,- ապա հավելել, որ Վաշինգտոնն արդեն օգտագործել է իր բոլոր կարողությունները Թեհրանի դեմ և չի կարող որևէ այլ բան հորինել. «40 տարի իրենք  պատժամիջոցներ են կիրառում, և 40 տարի մենք դիմակայում ենք նրանց»:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչին նշել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու որոշումը ևս մեկ դրսևորումն է այն բանի, որ Ամերիկան ոչ մի կերպ ​​չի հարգում միջազգային օրենքներն ու գերակշռող միջազգային կարծիքը և կոչ է արել ԱՄՆ-ին վերջ դնել Իրանի դեմ «տնտեսական ահաբեկչությանը»:

Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդ այաթոլահ Համենեին, թերևս, այս անգամ ոչինչ չասի ԱՄՆ-ի գործողությունների մասին, ի վերջո, Իրանի ոչ մի ղեկավար իր միջոցները կամ ակտիվները չի պահում Արևմուտքում կամ Իսրայելի կողմից ղեկավարվող կամ վերահսկվող բանկերում:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 25-ին Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեխ Շուքրիոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ քննադատեց ԱՄՆ-ի և Իսրայելի մոտեցումը Իրանի հանդեպ, հայտարարելով, որ ԱՄՆ-ի կողմից Թեհրանը մեկուսացնելու ոչ կառուցողական փորձերը չեն աշխատի: Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից ներկայացվել է Ռուսաստան-ԱՄՆ-Իսրայել եռակողմ հանդիպման անցկացման նախաձեռնությունը: Լավրովը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի վրա կենտրոնանալը, այդ երկրի դեմ կոալիցիա ձևավորելու փորձերը, մեկուսացնելը և անհիմն մեղադրանք ներկայացնելը կառուցողական քաղաքականություն չեն: Ռուսաստանը կողմնակից է Պարսից ծոցի անվտանգության հարցում արաբական երկրների և Իրանի միջև բանակցություններ վարելու: Լավրովի խոսքերով, Սիրիան Իրանի, Իսրայելի, շիիթների և սուննիների միջև ռազմադաշտ դարձնելու փորձերը անընդունելի են`շեշտելով տարածաշրջանի և Սիրիայի վտանգավոր իրավիճակը: Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Իրանն ու Ռուսաստանը Սիրիայում են գտնվում այդ երկրի կառավարության հրավերով՝ ահաբեկչության դեմ պայքարում Սիրիային օգնելու համար: Ոչ միայն Սիրիայի, այլև Իրաքի հարցերով Իրանի դաշնակից երկրի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը վատ նորություն կլինի Թրամփի և Իսրայելի ղեկավարության համար։

Սերգեյ Շաքարյանց