Մոսկվայի պետհամալսարանի գործունեությունը Հայաստանում ռուսերենի ընդլայնման և զարգացման նոր հարթակ է․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի առաջին շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողությանը: ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայության տեղեկացմամբ, իր շնորհավորական ելույթում վարչապետը մասնավորապես նշել է․«Այսպիսի համալսարանի գոյությունը Հայաստանում, Երևանում լիարժեք համընկնում է ապագայի վերաբերյալ մեր ունեցած պատկերացումների հետ, որովհետև մենք համոզված ենք, որ բոլոր այն խնդիրները, որ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետությունում, ունեն լուծման մեկ բանալի, և այդ բանալին գիտելիքն է, իմացությունն է, հետազոտությունն է: Եվ ահա նման համալսարանները Հայաստան են բերում իրենց հետ կրթության, գիտության հետազոտության ոլորտում գոյություն ունեցող ահռելի մի փորձ, և այդ փորձի առկայությունից օգտվելը մեզ համար, մեր քաղաքացիների համար, մեր երիտասարդների համար բացառիկ հնարավորություն է»:

Շնորհակալություն հայտնելով ՌԴ կառավարությանը համալսարանի բացման գործում ցուցաբերած շահագրգռության և աջակցության համար, վարչապետը նշել է․ «Նման համալսարանները մեզ հնարավորություն են տալիս ընդլայնել մեր մտահորիզոնը: Բազմիցս ասել եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները՝ որպես ռազմավարական տեսլական, պիտի առնվազն մի քանի օտար լեզուների տիրապետեն: Եվ այդ շարքում ռուսերենն ունի կարևոր և առանձնահատուկ նշանակություն: Ես ուրախ եմ, որ Մոսկվայի պետական համալսարանի գործունեությունը Հայաստանում ոչ միայն մեզ հնարավորություն է տալիս հաղորդակցվել այն հսկայական փորձի հետ, որ իր հետ բերում է, այլև Հայաստանում ռուսերենի ընդլայնման և զարգացման նոր հարթակ է դառնում»:

Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ