Ոստիկանությունը և այլ իրավապահ մարմիններ, ինչպես նախկինում, գործում են երկակի ստանդարտներով, սա՞ է նոր Հայաստանը…

Երևանի կենտրոնում, Ամիրյան փողոցում  հունիսի 25-ին, ինչպես արդեն հայտնի է, դանակահարել են «Ռեֆորմիստներ» կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին: Ընդդիմադիր այս քաղաքական ուժը հայտնի է այսօրվա իշխանությունների հանդեպ իր սուր քննադատությամբ:

Ոստիկանության լրահոսում դանակահարության, նույնիսկ հրազենի գործածման մասին տեղեկությունները, ցավոք, այնքան էլ հազվադեպ չեն, սակայն այս դեպքում ուշադրություն է գրավում այն հանգամանքը, որ ոստիկանությունը թեև պարզել է Արմեն Ամիրջանյանին դանակահարության մեջ կասկածվող անձի ինքնությունը, նույնիսկ բերման ենթարկել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին, սակայն քրեական գործ չի հարուցվել, ոստիկանությունը դանակահարողին ստորագրությամբ բաց է թողել:

Վերոնշյալ փաստը հերթական անգամ վկայում է, որ ոստիկանությունը և այլ իրավապահ մարմիններ գործում են երկակի ստանդարտներով: Օրինակ, հետաքննության, նախաքննության օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կոչված դատախազությունն ինչպե՞ս կարող է բացատրել, որ «քաղաքացիական ակտիվիստ» կոչված Վարդգես Գասպարիի վրա պլաստիկե շիշ նետած «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի արարքը որակվել է խուլիգանություն, քննիչը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, իսկ Արմեն Ամիրջանյանին դանակահարելու առնչությամբ օրեր շարունակ քրեական գործ չի հարուցվել, դանակահարողն էլ ոչ թե կալանավորվել է կամ, թեկուզ, նախնական կալանքի ենթարկվել, այլ ստորագրությամբ բաց թողնվել, ինչը տարբեր առումներով վտանգ է ներկայացնում տուժողի համար:

Քրեական գործ չհարուցելու առնչությամբ ոստիկանության պատճառաբանությունն այն է եղել, թե հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն, քրեական գործը հարուցվելու է, երբ փորձագետի կողմից կտրվի դատաբժշկական եզրակացությունը: Այս պատճառաբանությունն անընդունելի է, քանի որ ոստիկանությանը ոչինչ չէր խանգարում քրեական գործ հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով («Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը»), իսկ հետո եթե դատաբժշկական եզրակացությունը լիներ այն, որ առողջությանը թեթև վնաս է պատճառվել, դանակահարողի արարքը վերաորակել Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով («Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը»): Արարքի վերաորակման դեպքերը ոստիկանության, ընդհանրապես, ՀՀ իրավապահ մարմինների պրակտիկայում բազմաթիվ են:

Ի դեպ, ոստիկանությունը կարող էր նաև հակառակ կերպ վարվել՝ քրեական գործ հարուցել 117-րդ հոդվածով, իսկ հետո, եթե դատաբժշկական եզրակացությամբ պատճառված վնասվածքը գնահատվեր միջին ծանրության, այն վերաորակեր 113-րդ հոդվածով, կամ պարզելով հանգամանքները, նույնիսկ 112-34 հոդվածով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հանցափորձը) կամ 104-34 հոդվածով (սպանության հանցափորձը), որոնք, բնականաբար, ավելի խիստ պատիժ են նախատեսում:

Ինչու ենք ՀՀ քրեական օրենսգրքի նաև 112-34 և 104-34 հոդվածների մասին նշում: Խնդիրն այն է, որ, ըստ տուժողի, նրա կնոջ՝ Լիլիթ Հովակիմյանի, ինչպես նաև կուսակիցների պատմածի, դանակով հարվածն ուղղված է եղել Արմեն Ամիրջանյանի պարանոցին, սակայն նրան հաջողվել է ձեռքով արագորեն կասեցնել իր պարանոցին ուղղված հարվածը, հարվածողի ձեռքը շեղակի սահել է ներքև, ինչի արդյունքում դանակի հարվածը հասել է ձեռքին:

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ դանակահարությունը, ըստ տուժողի պատմածի ու ԶԼՄ-ների հրապարակումների, տեղի է ունեցել Արմեն Ամիրջանյանի հետ մի մեքենայի վարորդի վեճի արդյունքում, վերջինս Ամիրջանյանին մեղադրել է մեքենան սխալ կանգնեցնելու համար (սա էլ դեռ պարզելու առանձին հարց է, այսինքն՝ արդյոք հորինովի չէ՞ այդ մեղադրանքը…), ապա սեռական բնույթի հայհոյանքներ ուղղել նրան, առաջացած վեճի ընթացքում արագորեն հանել դանակը և հարվածել Ամիրջանյանին: Այդ ի՞նչ ատելություն է եղել Արմեն Ամիրջանյանի նկատմամբ, որ անձը, որի ինքնությունը ոստիկանությունը, ի դեպ, գաղտնի է պահում տուժողից, նրա կուսակիցներից, հանրությունից, երթևեկությանն առնչվող ինչ-որ չնչին խնդրի համար, համենայն դեպս, լուրջ հիմք չունեցող վեճի արդյունքում դանակահարել է Ամիրջանյանին, ավելին՝ եթե իսկապես հարվածը նրա պարանոցին է ուղղել, փորձել է սպանել կամ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառել: Ընդհանրապես ո՞վ է այդ անձը, և կատարվածն արդյոք պայմանավորված չէ՞ Ամիրջանյանի ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ կամ «Ռեֆորմիստներ» կուսակցության խիստ ընդդիմադիր կազմակերպություն լինելու հանգամանքով… Կասկածներ առաջանում են, ու դրա համար, կարծում ենք, կան հիմքեր:

Ըստ «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանի, իրենք, փաստորեն, ինչ-որ բան պետք է հասկանային, որ չեն հասկացել, դրա համար իրենց «ծակելու» են: Դեպքի կապակցությամբ նա ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը.

«Խնդրեմ՝ սա մեր նոր Հայաստանն է, շնորհավորում եմ: Բայց մի բան էլ ես ասեմ՝ բոլորդ անխտիր գնալու եք բանտ: Ես դա ձեզ խոստանում եմ… »:

Նշենք նաև, որ դանակահարողը Ամիրջանյանին հարվածելուց հետո դիմել է փախուստի, իսկ տուժողին օգնել են պատահական անցորդները, Ամիրջանյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:

«Երևանը այլևս այն անվտանգ քաղաքը չէ, որով պարծենում էինք դեռ մեկ ու կես տարի առաջ,- դեպքի առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ռեֆորմիստներ» կուսակցության փոխնախագահ Կարեն Վարդանյանը:- Եվ ընդհանրապես, այսպես կոչված Նոր, թավշյա Հայաստանում քաղաքացին այլևս իրեն չի կարող զգալ ապահով ու անվտանգ: Թավշյա Հայաստանում մարդուն օրը ցերեկով քաղաքի կենտրոնում կարող են դանակահարել, դանակահարողն էլ կարող է ստորագրությամբ բաց թողնվել:

Ու այս երկրում մարդը պետք է իրեն ապահով զգա՞: Այսպես է՞ ոստիկանությունը պաշտպանում իր քաղաքացիներին, որ դանակահարողը պետք է ընդամենը տուգանքով պրծնի, որ հետո գնա մեկ ուրիշին դանակահարի:

Երևանը վտանգավոր քաղաք է, Հայաստանում կյանքը ապահով ու անվտանգ չէ: Սա ընդունեք ի գիտություն»:

Արթուր Հովհաննիսյան