«Ասֆալտի հեղափոխական»-ի համար Ռուսաստանը «օկուպա՞նտ» է

«Ասֆալտի հեղափոխական», իր ստանձնած դերի կարևորությամբ երկրում երկրորդ՝ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Ռուսաստանը «օկուպանտ» է:

Նա «Ազատություն TV» հեռուստաընկերության եթերում պատմելով Թբիլիսիում ամերիկացիների կողմից հրահրված միջադեպերի մասին՝ ասել է, թե «Ռուսաստանը օկուպացրել է Աբխազիան և Հարավային Օսիան»: Լավ է, որ «ասֆալտի գործչի» խելքը հերիքել է չասելու, որ օրինակ, «Ռուսաստանը օկուպացրել է Ղրիմը»: Սիմոնյանը հաստատ չգիտի, որ վրացիները փորձելով ճնշել Աբխազիայի ազգային ազատագրական շարժումը, ոչնչացրել են (բնակիչների հետ միասին) Աբխազիայի Լաբրա հայկական գյուղը: Լաբրան 20-րդ դարավերջի Հերնիկան է: Աբխազիայի մեկ այլ հայկական գյուղ` Հայկական Աթարան (Աթարա Արմյանսկայա), շրջափակման մեջ էր հայտնվել ու գնդակոծվել երկու կողմից։

Աբխազիայի տասնյակ կամ նույնիսկ հարյուրավոր հայեր զոհվել են, պաշտպանելով այդ հանրապետությունը վրացական ֆաշիստներից: Եվ պետք չեն հիմա կեղծ հայտարարություններ հնչեցնել, թե՝ վայ, դա «Մխեդրիոնին» էր (իմա՝ վրացական անօրինական ջոկատներ), վրացիները չէին: Իսկ ի՞նչ է, «Մխեդրիոնում» վրացինե՞ր չէին ծառայում, թուրքե՞ր էին, թե աֆղանցիներ։ Եթե ​​Սիմոնյանը չգիտի, թող աղբյուրներ փնտրի, թող կարդա, թե ո՞վ է եղել այնտեղ Ջաբա Յոսելիանին, ինչի համար է ստեղծել «Մխեդրիոնի» գումարտակները և այլն:

Վրաստանի զինված ուժերը նույնպես անկարգություններ էին թույլ տալիս Աբխազիայում: Հենց Վրաստանի պաշտպանության նախարար Գիա Քարկարաշվիլու ենթականերն են Սուխումիում գնդակահարել Աբխազիայի հայ համայնքի ղեկավար Ալբերտ Թոփալյանի մեծահասակ մորը…

Հենց Լաբրայի, Հայկական Աթարայի դեպքերը և Ալբերտ Թոփալյանի մոր սպանությունը դարձան Աբխազիայի հայերի համբերության վերջին կաթիլը: Եվ նրանք ստեղծեցին Մարշալ Բաղրամյանի անվան Ազգային գումարտակը, որը հետագայում դարձավ աբխազական բանակի կադրային ստորաբաժանում։

Սահակաշվիլու օրոք Կոդորի կիրճի աբխազական մասում հենց հայ աշխարհազորայիններն էին կանգնել իրենց գյուղերի պաշտպանության համար, որոնք զսպում էին վրացական ագրեսորներին՝ մինչև Աբխազիայի բանակի զորամասերի ժամանելը: Եվ այդ մարդկանց՝ Աբխազիայի հայերին, այժմ ոմն երևանցի, քաղաքականապես կարճատես Ալեն Սիմոնյանը նույնպես ասում է, որ «Ռուսաստանը օկուպացրե՞լ է Աբխազիան»: Կլինիկական հիմար պետք է լինել, որպեսզի առանց Աբխազիայում կամ նույնիսկ Հարավային Օսիայում տեղի ունեցածի իրական բնույթն իմանալու, 2019-ին ստել այնպես, ինչպես ստում է Ալեն Սիմոնյանը: Արդեն իսկ միայն այդ հիմքով Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակն Աբխազիայի հայերի դավաճանն է:

Բայց նա նաև Արցախի հայության դավաճանն է: Բացատրենք, թե ինչու։

Հանրահայտ է, որ Աբխազիան և Հարավային Օսիան ճանաչել են Արցախի Հանրապետությունը: Իսկ Արցախի Հանրապետությունը գերազանց հարաբերություններ է հաստատել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ: Այս անդրկովկասյան անկախ հանրապետությունները մշտապես դիտորդներ են ուղարկում մեկմեկու երկրներ՝ թե՛ հանրապետական, թե՛ տեղական ընտրությունների ընթացքին հետևելու համար: Հետևաբար ով մերժում է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության իրավունքը, նա մերժում է նաև Արցախի հայերի անկախության իրավունքը: Եվ հարց է առաջնում՝ ո՞վ է Ալեն Սիմոնյանը: Գուցե վրացիների և ադրբեջանցիների գործակա՞լ: Ի վերջո, Վրաստանն ու Ադրբեջանն աբխազների, օսերի և Արցախի հայերի ինքնորոշման իրավունքի հարցում ունեն մեկ միասնական վերաբերմունք։ Վրաստանն ու Ադրբեջանը բազմիցս պաշտոնապես հայտարարել են, որ միասին կպայքարեն այդ հանրապետություններն իրենց վերահսկման տակ վերադարձնելու համար:

Ալեն Սիմոնյան, գիտե՞ք, թե բացահայտ և բարձրաձայն ո՞ր երկիրն է աջակցում վրացիներին և ադրբեջանցիներին՝ Աբխազիայի, Հարավային Օսիայի և Արցախի հարցերում։ Չգիտե՞ք։ Հիշեցնում ենք, հատկապես, բթամիտ հիմարների համար․ Թուրքիան, երկիր, որտեղ 1915-1923թթ․ իրականացվել է Հայոց ցեղասպանությունը։ Դուք թո՞ւրք եք, Ալեն Սիմոնյան։ Ո՞վ եք դուք։ Որ հայ չեք՝ տեսնում եմ։ Կարող եք ասածս հանրորեն չընդունել։ Բայց դա այդպես է…

Իսկ գիտե՞ք, Ալեն Սիմոնյան, թե ինչն է իրականում օկուպացրել Ռուսաստանը՝ դեռևս XIX դարում: Ոչ, չգիտե՞ք: Իրազեկում եմ փոխխոսնակին․ Ռուսաստանը երկու պատերազմներում օկուպացրել է Իրանական կայսրությանը պատկանող Երևանը, Նախիջևանը, Արցախը, Գյումրին, Գանձակը, Նուխին (Շաքի), Շամախան, Բաղուն, Բելոկան և այլն: Քանի որ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանին «օկուպանտ» է համարում, առաջարկում եմ, որ իր անունից, կարելի է նաև իր կուսակցության անունից, պաշտոնական դիմում գրի Ռուսաստանի ԱԳՆ-ին և դեսպան Կոպիրկինին, որպեսզի նրանք անմիջապես սկսեն Իրանի օկուպացված տարածքները Իրանի Իսլամական Հանրապետություն վերադարձնելու գործընթացը: Եվ ի՞նչ: Ժամանակն է վերադարձնել Իրանին այն, ինչ իրեն էր պատկանում՝ մինչ Ռուսաստանը եկավ Անդրկովկաս և օկուպացրեց:

Իսկ ալենսիմոնյանները դեմ են «օկուպանտներին»։ Այդ դեպքում՝ քայլով մարշ Իրանի Իսլամական Հանրապետության իրավասության տակ, «օկուպացիայի դեմ պայքարողներ» … Հաշվի առեք, որ Ռուսաստանի Դաշնության և Իրանի միջև՝ որպես կայսրությունների իրավահաջորդներ, դեռ ուժի մեջ են Անդրկովկասի ճակատագիրը որոշող այն նույն հայտնի (Գյուլիստանի և Թուրքմենչայի) միջպետական ​​պայմանագրերը: Սիմոնյան, ուրեմն, ե՞րբ ենք հանձնվում Իրանին, ե՞րբ ենք սկսում «անհանգստացնել» Ռուսաստանին՝ «Անդրկովկասի ռուսական օկուպացիայի հետևանքների վերացման» վերաբերյալ կոչերով:

Սերգեյ Շաքարյանց