«Ինչ հիմքով է հետաձգվել տեղապահի ընտրությունները»․ Փայլանը հարցապնդում է ուղարկել Թուրքիայի ՆԳ նախարարին

Հունիսի 26-ին Ստամբուլի նահանգապետարանը գրություն էր ուղարկել Պոլսի հայոց պատրիարքարան, որում առանց որևէ պատճառ նշելու պահանջել էր 1 շաբաթով հետաձգել տեղապահի ընտրությունները: «Ermenihaber.am» կայքի տեղեկացմամբ, նամակի հիման վրա էլ պատրիարքարանը հայտարարություն էր տարածել՝ համայնքին տեղեկացնելով, որ տեղապահի ընտրությունները նախօրոք սահմանված հունիսի 27-ի փոխարեն կանցկացվի հուլիսի 4-ին:

Այս առիթով Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը գրավոր հարցապնդում է ուղարկել ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին՝ հետաքրքրվելով, թե որոնք են հետաձգման պահանջի պատճառները:

Փայլանը մեջլիս ներկայացրած հարցապնդման մեջ շարադրել է հետևյալ հարցերը:

  1. Ի՞նչ հիմնավորմամբ եք փոխել Թուրքիայի հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի կողմից սահմանված տեղապահի ընտրությունների ամսաթիվը:
  2. Ինչպես գիտենք, 2017-ի փետրվարի 16-ին տեղապահի ընտրություններ էին անցկացվել, սակայն հենց հոգևորականների հավաքի ժամանակ Ստամբուլի նահանգապետարանի ուղարկած գրությամբ այդ ընտրությունը չեղյալ էր համարվել: Ձեր նախարարությունը ինչո՞ւ և ի՞նչ օրենսդրության հիմքով է միջամտում կրոնական կառույց հանդիսացող հայոց պատրիարքարանի ներքին գործերին:
  3. Թուրքիայի սահմանադրական դատարանը 2019-ի մայիսի 23-ին կայացրած որոշմամբ «կրոնական ազատությունների խախտում» էր համարել տարիներ շարունակ պատրիարքական ընտրությունները խոչընդոտելը: ՍԴ որոշումից հետո տեղի ունեցած այս միջամտությունը արդյո՞ք այդ խախտումների շարունակությունը չէ:
  4. Ձեր նախարարությունը պատրիարքական ընտրություններին միջամտելիս 1863 թվականին ընդունված ազգային սահմանադրության ո՞ր հոդվածների վրա է հիմնվում: