Քոչարյանին կալանավորելու Վերաքննիչի որոշումը կանխորոշված էր դեռ մայիսի 19-ին դատարանները շրջափակելու Փաշինյանի կոչով

Մի՛ փնտրեք արդարադատություն, որտեղ այն չկա, մի՛ փնտրեք իրավունք այնտեղ, որտեղ այն պարզապես գոյություն չունի։ Խոսքը Հայաստանի Հանրապետության մասին է։

Ի սկզբանե ընդգծենք՝ այժմ խնդիրն այն չէ, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու և կաշառք վերցնելու համար ներկայացված մեղադրանքները ճի՞շտ են, թե սխալ, հիմնավո՞ր են, թե անհիմն, սարքովի, քաղաքական վրիժառության արտահայտություն։ Դրանք հարցեր են, որոնց, թեև ունենալով որոշակի փաստեր ու կարծիք, այս պահին չենք անդրադառնում՝ նկատի ունենալով նաև այն, որ այդ հարցերի պատասխանները հանրությանն առավել հստակ հայտնի կդառնան դատաքննության արդյունքում։

Խոսքը բոլորովին այլ բանի մասին է՝ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու առնչությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (նախագահող դատավոր՝ Արմեն Դանիելյան) հունիսի 25-ի անհիմն ու խայտառակ որոշման, որը դժվար է որևէ այլ կերպ բացատրել, քան վերևից տրված, քաղաքական վրեժխնդրությամբ պայմանավորված քաղաքական պատվերի կատարման արտահայտություն։ Եթե դատավոր Արմեն Դանիելյանն այլ բացատրություն ունի, պատրաստ ենք հրապարակել այն։

Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն օրերս հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումների դեմ ՀՀ գլխավոր դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքների վերաբերյալ իր որոշումը։ Դատարանը բավարարեց բերված  միջնորդությունները և վերացնելով Ռ. Քոչարյանի խափանման միջոցն անձնական երաշխավորությամբ փոխելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը, կայացրեց մի որոշում, որով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց դարձյալ կիրառվեց կալանքը։

Հայտնի է նաև, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի կողմից վերջերս փոխվել էր խափանման մեկ այլ միջոցով՝ անձնական երաշխավորությամբ, ավելի որոշակի՝ Արցախի նախկին ու ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորություններով, որոնք, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի համաձայն, իրենց խոսքով և մուծվող դրամական գումարով երաշխավորել են մեղադրյալի պատշաճ վարքագիծը, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով նրա ներկայանալը և այլ դատավարական պարտականություններ կատարելը: Նշենք, որ թեև նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն, «Բացառիկ դեպքերում անձնական երաշխավորությունը որպես խափանման միջոց կարող է կիրառվել առանձնակի վստահություն վայելող մեկ երաշխավորողի առկայությամբ», ինչպիսին, կարծում ենք, Արցախի Հանրապետության նախագահն է, սակայն իր անձնական երաշխավորությունն էր ներկայացրել էր նաև վստահություն վայելող երկրորդ անձը՝ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդված համաձայն, խափանման միջոցը վերացվում է, երբ վերանում է դրա անհրաժեշտությունը: Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նախաքննության մարմնի կողմից որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը, կարծում ենք, ի սկզբանե չի ունեցել անհրաժեշտություն։ Համենայն դեպս, համոզված ենք, որ այժմ՝ դատաքննության փուլում, չկա այդպիսի անհրաժեշտություն։ Ավելին. ոչ միայն կալանքը, այլև ցանկացած խափանման միջոց (ներառյալ՝ անձնական երաշխավորությունը), հիշյալ օրենսգրքի 135-րդ հոդվածի համաձայն («Խափանման միջոց կիրառելու հիմքերը»), դատարանի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի կողմից «կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`

1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.

4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.

5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը» (ընդգծումը՝ մերը):

Որո՞նք են քրեական գործով ձեռք բերված այն նյութերը, որոնք բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ Ռոբերտ Քոչարյանը կարող էր կամ կարող է կատարել վերոնշյալ արարքներից մեկնումեկը։ Համենայն դեպս, այժմ՝ դատաքննության փուլում, չկա այդպիսի հիմք։ Հետևաբար դեռ նույնիսկ առաջին ատյանի դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդված համաձայն, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը պետք է վերացներ, քանի որ չկար, չէր հիմնավորվում դրա անհրաժեշտությունը։ Սակայն, առաջին ատյանի դատարանը, ամենայն հավանականությամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչներին շատ չզայրացնելու ու նրանց հարվածի տակ չընկնելու մտահոգությամբ, ոչ թե ընդհանրապես վերացրել էր Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը, այլ այն փոխել դարձյալ վերոնշյալ հիմքերից մեկնումեկի առկայության դեպքում կիրառվող անձնական երաշխավորությամբ, ինչն, իհարկե, սխալ էր։

Քոչարյանի նկատմամբ ընտրված նույնիսկ վերոնշյալ խափանման միջոցը, սակայն, չբավարարեց հայտնիներին, և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կոպտորեն խախտելով նաև մրցակցային դատավարության սկզբունքը, կայացրեց հունիսի 25-ի իր արդեն հայտնի ու բացառապես քաղաքական որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին նույնիսկ թույլ չտալով ներկայացնել իրենց դիրքորոշումները։ Բնականաբար, հարց է առաջանում՝ ի՞նչ անհրաժեշտությամբ…

Մեկ այլ հարց էլ է առաջանում՝ չլինի՞ թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կոռումպացված չլինելու (ընդգծենք, որ քաղաքական կոռուպցիան կոռուպցիայի տեսակներից մեկն է) մասին մեր հանրության պատկերացումները սին են,  Հայաստանից նշված դատարանի հետ շատ բարձր մակարդակով ինչ-ինչ պայմանավորվածություն կա, ու դա նկատի ունենալով է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, ինչո՞ւ ոչ, նաև ՀՔԾ-ն և ՀՀ գլխավոր դատախազությունն այսպես ինքնավստահ են գործել ու գործում. Ժամանակը, իհարկե, կտա այս հարցերի պատասխանը։

Ամփոփենք՝ դատավոր Արմեն Դանիելյանի կամ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վերոնշյալ որոշումը կանխորոշված էր դեռ ս. թ. մայիսի 19-ին Հայաստանի բոլոր դատարանների շենքերի մուտքերը շրջափակելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով և դատարանների նկատմամբ բացահայտ, կոպիտ ու հակասահմանադրական ճնշման այդ գործողության (որին, ի դեպ, նաև ՀՀ օրենսդիր իշխանության ներկայացուցիչներն են մասնակցել) կազմակերպմամբ։ Կանխորոշված էր նաև հաջորդ օրը՝ մայիսի 20-ին, ՀՀ կառավարությունում, թեկուզ արտաքուստ այլ պատրվակով, դատավորների նկատմամբ վեթինգի գործընթաց սկսելու հայտարարությամբ, որից թերևս յուրաքանչյուր դատավոր հասկացավ, որ իր նկատմամբ կիրառվելիք վեթինգը կամ դրա արդյունքն անողոք կլինի, եթե հանկարծ կայացնի այնպիսի որոշում, դատավճիռ կամ վճիռ, որը վարչապետ Փաշինյանի, «թավշյա հեղափոխությամբ» իշխանության եկածների կամքին հակառակ կլինի կամ պարզապես նրանց դուրը չի գա։

Լավ կլինի վարչապետը մտորի այն հարցի շուրջ, թե ինչ է մնում ժողովրդին այն բանի գիտակցումից հետո, որ երկրում արդարություն, արդարադատություն և իրավունք չկա։

Արթուր Հովհաննիսյան