Վրաստանի ապագան կանխատեսելի ու ցավալի է

Պետությունները մեկուսացված միավորներ չեն, և բնական է, որ փորձում են որոշակի հարաբերություններ հաստատել այլ պետությունների, առաջին հերթին, հարևան երկրների հետ: Նման հարաբերությունների հաստատման ու զարգացման հիմքում, որպես կանոն, ընկած են ծագումնաբանական, քաղաքակրթական, մշակութային և այլ բնույթի ընդհանրությունները, որոնք միջպետական հարաբերությունների դինամիկ ընթացքի հետ մեկտեղ, հնարավորություն են տալիս ապահովել երկրի ներքին կայունությունն ու զարգացումը:

Հետխորհրդային շրջանի վրաց-ռուսական հարաբերությունները բավական բարդ ընթացք ունեցան: ԽՍՀՄ փլուզումից հետո Վրաստանը ևս անցավ «ազատ նավարկության ռեժիմի», որի ընթացքում վրաց հասարակության մեջ կաթիլ առ կաթիլ ներարկվում էր այն տեսակետը, որ Վրաստանի ու վրաց ժողովրդի պատմական բոլոր անհաջողությունների մեջ միակ մեղավորը Ռուսաստանն է՝ հատուկ շեշտադրումներ կատարելով աբխազական պատերազմում կրած պարտության վրա: Այդ ընթացքում Ռուսաստանն էապես անտեսելով իր նախկին բարեկամների ճակատագրերը, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ինքնամոռացության մեջ բախում էր «արևմտյան դռները»` սեփական ապագան տեսնելով արևմտյան «ընտանիքներում»:

Սակայն, եթե Ռուսաստանը ռազմական, տնտեսական ու տարածքային ներուժի բերումով կարող էր իրեն տարբեր շեղումներ թույլ տալ հիմնական ուղուց, ապա Վրաստանը զրկված էր նման շռայլությունից, և այդ երկրից պահանջվում էր հավասարակշռված, զգուշավոր ու մտածված վարք, հատկապես, հարևան երկրների հետ հարաբերություններում:

2000-ականների սկզբներից վրաց և ռուս որոշակի քաղաքական շրջանակների կողմից փորձեր ձեռնարկվեցին միջպետական հարաբերությունների շտկման ուղղությամբ, սակայն այդ փորձերը շատ զգուշավոր էին ու դանդաղկոտ՝ հաշվի առնելով վրաց հասարակության մեջ արդեն գրեթե արմատավորված վերաբերմունքը Ռուսաստան պետության` որպես հիմնական թշնամու նկատմամբ: Այս նախաձեռնությանը թվում էր թե անդարձելի հարված հասցվեց 2008 թ. օգոստոսյան պատերազմով, սակայն տարիների դադարից հետո կրկին վերսկսվել էր ռուս-վրացական հարաբերությունների բարելավման զգուշավոր, բայց անթաքույց գործընթացը (թերևս միայն ժողովրդական դիվանագիտության մակարդակում), ու նորից հարված…

Ռուս-վրացական հարաբերությունների վերականգնման դեմ են գործում արևմտյան որոշ տերություններ (Կովկասում ու հարավային ուղղությամբ Ռուսաստանի դիրքերն ու ազդեցությունը թուլացնելու նպատակով) և, իհարկե, Թուրքիան՝ Վրաստանի տարածքը յուրացնելու նպատակով: Թուրքիայի բացահայտ ակտիվությունը Վրաստանում սկսվեց հենց 2008թ. 8-օրյա պատերազմից հետո, երբ սկսեց գործել մի պարզագույն բանաձև. որքան Վրաստանը հեռանում է Ռուսաստանից, այնքան հայտնվում է Թուրքիայի ճիրաններում («սուրբ տեղը դատարկ չի մնում»): Տարօրինակն այն է, որ վրաց իշխանությունները ևս նպաստում են դրան, ինչը հատկապես լայն թափ էր ստացել Սահակաշվիլու իշխանության օրոք, երբ ամսական մի քանի հազար թուրքի տրվում էին վրացական անձնագրեր, երբ Աջարիայի տեղական իշխանությունները խոչընդոտում էին բուն վրացական բիզնեսի ներհոսքը դեպի Աջարիա՝ այն դեպքում, երբ թուրքական բիզնեսի առջև կանաչ լույս էր վառված: Արդյունքում՝ Աջարիայում կատարված ներդրումների շուրջ 75%-ն ունի թուրքական ծագում: Իսկ թուրք արմատականները («Գորշ գայլերը») ազատորեն հանրահավաքներ են անցկացնում Վրաստանի տարածքում՝ պնդելով, որ սա իրենց հայրենի տարածքն է (մասնավորապես՝ Աջարիան):

Վրաստանը պետք է հասկանա մի պարզ ճշմարտություն, որ եթե ռուս-վրացական հարաբերությունների վատացումից տուժում է ընդամենը Ռուսաստանի հարավային ուղղությամբ տարվող քաղաքականությունը, ապա Վրաստանի պարագայում դա կարող է լինել երկրի անհետացումը:

Պատահական չեն հայտնի վրաց ռեժիսոր Ռոբերտ Ստուրուայի այն խոսքերը, որ «Վրաստան այլևս գոյություն չունի»:

Լևոն Անդրիասյան