Ամփոփվել են Հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի արդյունքները

Հունիսի 27-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը: ՀՀ կառավարության լրատվական ծառայության տեղեկացմամբ, հայկական կողմից նիստը համանախագահել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, վրացական կողմից`Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին: Շնորհակալություն հայտնելով նիստի մասնակիցներին նիստի կազմակերպման, բովանդակալից քննարկումների և արդյունավետ աշխատանքի համար` փոխվարչապետ Ավինյանը նշել է, որ կարևոր այս միջոցառումը սահմանել է երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հիմնական ուղենիշները՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ ուժերով կողմերը կկարողանան այս գործընթացին հաղորդել հետևողական և համակարգված բնույթ։

Տիգրան Ավինյանն ընդգծել է փոխվստահության մթնոլորտը, որը տիրում էր նիստի աշխատանքների ողջ ընթացքում՝ նշելով, որ հանձնաժողովի անդամների և փորձագետների միջև ձևավորված փոխհարաբերությունների այսպիսի բնույթը ևս նպաստում է ցանկացած հարցերի ու խնդիրների վերաբերյալ համաձայնեցված դիրքորոշումների՝ առավել արագ և արդյունավետ մշակմանը։ Միաժամանակ, նա ավելացրել է, որ շատ կարևոր է պահպանել այս տեմպը և առաջ շարժվել ձեռք բերված պայմանավորվածությունների արագ կյանքի կոչման ուղղությամբ, ինչին բնականաբար սպասում են հայ և վրաց ժողովուրդները:

Նիստի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, հումանիտար և բազմաթիվ այլ ոլորտներին վերաբերող հարցեր։

Նիստի ավարտին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի արձանագրության ստորագրման արարողությունը: Արձանագրության մեջ արտացոլված են երկու կառավարությունների այն հիմնական անելիքները, որոնք անհրաժեշտ հիմք կհանդիսանան երկկողմ տնտեսական հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար։