Մայրցամաքի ուժեղագույն բանակը բերված է «լիակատար մարտական վիճակի»…

Հունիսի 24-ից ՆԱՏՕ-ի բոլոր անդամ երկրներում՝ Ուկրաինայում և Վրաստանում, Հայաստանի այդ «նորագույն» «ընկերների» շրջանում լռություն և խուճապ է տիրում, քանի որ նրանք կռահում են կամ գիտեն, թե ինչ է նշանակում Ռուսաստանի ամբողջ զորքերը երկրի եվրոպական հատվածում բերել մարտական վիճակի, լիակատար մարտական վիճակի։ Հունիսի 24-ին ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ներկա պահին Կենտրոնական ռազմական շրջանի (ԿՌՇ) զորքերում իրականացվում է մարտական պատրաստության չնախատեսված ստուգում: Նրա խոսքերով, այն ուղղված է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Ռուսաստանի զինված ուժերի ռազմական անվտանգություն  ապահովելու կարողությունները գնահատելուն։ Նա նշել է, որ ստուգման ընթացքում մարտական պատրաստության բարձրագույն մակարդակի է բերվելու նաև Հարավային և Արևելյան շրջանների զորքերի մի մասը, ինչպես նաև օդադեսանտային զորքերը (ՕԴԶ) և հեռահար ավիացիայի ստորաբաժանումները։ Ստուգումները կավարտվեն հունիսի 28-ին՝ 35 հրաձգարաններում (պոլիգոններ) ավելի քան 50 զորավարժությունների անցկացմամբ:

Այսպիսով, Մոսկվան կարծես թե մտահոգված է Կենտրոնական Ասիայի հետ իր սահմաններում և Կենտրոնական Ասիայում ռազմական անվտանգության ապահովմամբ։ Սակայն ստուգումն իրականացվում է Կենտրոնական ռազմական շրջանում և դրանում ընդգրկվում է Հարավային շրջանի զորքերի մի մասը: Իսկ Հարավային շրջանը Կովկասն է: Չի՞ նշանակում արդյոք, որ ռուսներն ստուգում են իրենց բանակի պատրաստականությունը, այդ թվում Կովկասում ռազմական գործողությունների հավանականության դեպքում հակահարված տալու համար: Արևմտյան փորձագետներն արագ գլխի ընկան. «Այսինքն, լիակատար մարտական վիճակի է բերվել մայրցամաքի ուժեղագույն բանակը՝ մարտական ​​ավիացիայով, հրետանիով, ՕԴԶ և այլ բաղադրիչներով»:

Կարծում եմ՝ մեր իշխանությունների համար սա պետք է նաև ազդանշան լինի, որ ժամանակն է դադարեցնել  թափահարել բանակում չծառայած ոտքերը, ժամանակն է մտածել, թե ինչ և ինչու է տեղի ունենում Հայաստանի շուրջ։ Գերագույն աստիճանի մարտական վիճակի բերելով՝ «նաև Հարավային շրջանի զորքերի մի մասը»՝ Ռուսաստանը դիտարկում է Կովկասում ռազմական հակահարվածի իր հնարավորությունները: Հայաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի ռուսական ռազմակայանները նույնպես կազմում են Հարավային շրջանի մասերն ու ստորաբաժանումները: Արդյո՞ք ՌԴ այս ռազմակայանները բերվել են գերագույն մակարդակի մարտական վիճակի։ Եթե ​​ այո, ապա Ռուսաստանը պատրաստվում է ՆԱՏՕ-ի կողմից որոշակի սադրանքների: Իսկ ՆԱՏՕ-ն ներկայացնում է նաև Թուրքիան: ՆԱՏՕ-ի «անօրինական» դաշնակիցներն են Վրաստանը և Ուկրաինան: Պարզ է, որ եթե խոսք է գնում «Հարավային շրջանի զորքերի մի մասի» մասին, ապա դա հավասարապես վերաբերում է նաև Սևծովյան նավատորմի (ՍԾՆ) զորքերի, ռազմանավերի մի մասին ​​և Ղրիմի ու Սև ծովի կովկասյան ափերը պահպանող զորքերին: Անկախ նրանից, թե ինչ են ասում, գրում Թուրքիայում, Վրաստանում և Ուկրաինայում, Ռուսաստանի ՍԾՆ նավերից և սուզանավերից ՆԱՏՕ-ում միշտ զգուշացել են, զգուշանում են նաև հիմա, քանի որ միայն «Մոսկվա» հածանավի բոլոր հրանոթներից և հրթիռային կայաններից միաժամանակյա հարվածը կարող է բավական լինել Թուրքիայի ռազմածովային նավատորմը և Միջերկրական ծովում ՆԱՏՕ-ի նավերի խմբավորումը միանգամից ոչնչացնելու համար։

Իրավիճակի վերլուծությունը կարելի է անվերջ շարունակել: Ինձ մտահոգում է այն, որ  Հայաստանի ղեկավարությունն ընդհանրապես ոչ մի բանի պատրաստ չէ, ինչը նշանակում է, որ ամբողջ երկիրը ոչ մի բանի պատրաստ չէ: Հիշեցնեմ մի փաստի մասին․ վերջերս, Իրանի ազգային անվտանգության Գերագույն խորհրդի (ԱԱԳԽ) քարտուղար, ծովակալ Ալի Շամխանին այցելել է Մոսկվա և բանակցություններ վարել: Ես կասկած չունեմ, որ Իրանը տեղյակ է, թե ինչու Ռուսաստանը հունիսի վերջին ՌԴ եվրոպական մասում մարտական ​​պատրաստության հանկարծակի ստուգումներ նախաձեռնեց, այն էլ հեռահար ավիացիայի ներգրավմամբ: Հեռահար ավիացիան ռազմավարական ավիացիան է, ռազմավարական ռմբարկու-հրթիռակիրներ են՝ Ту-22М3, Ту-95МС, Ту-160  և այլն: Չեմ կասկածում, որ Ռուսաստանի և Իրանի նաև չինացի դաշնակիցները գիտեն, թե ինչ հրաման է տվել նախարար Շոյգուն իր ենթականերին: Իսկ Հայաստանի ղեկավարությունը տեղյա՞կ է, թե ինչ է տեղի ունենում…

Սերգեյ Շաքարյանց