Կառավարությունը հավանություն տվեց նվազագույն աշխատավարձի բարձրացման նախագծին

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագիծը:

Զեկուցող Գեմաֆին Գասպարյանը ներկայացրեց  ԱԺ պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի և Բաբկեն Թունյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձի չափը սահմանել 55 հազար դրամի փոխարեն 63 հազար, այնինչ կառավարությունն առաջարկում է, որ այն սահմանվի 68 հազար դրամ:

«Ուղիղ փոխելու ենք 45 հազար մասնավոր և 35 հազար պետական ոլորտում աշխատողների   աշխատավարձի չափը, որոնք ստանում են նվազագույն աշխատավարձ»,-ասաց նա և նշեց, որ նրանց աշխատավարձը շուրջ 23-24 տոկոսով ավելանում է:

Նիկոլ Փաշինյանը  կարևորեց նաև աշխատողների իրավունքների պաշտպանությունը, քանի որ կառավարության անդամների կողմից մտահոգություններ եղան, որ հնարավոր է՝ գործատուն մանևրելու հնարավորություններ ունենա ժամերի քանակով, ինչը ևս պետք է կանոնակարգել օրենքով, որպեսզի նման հնարավորություն չլինի:

Հարցը կքննարկվի Ազգային ժողովի լիագումար նիստում: