Իսրայելը կգրոհի՞ Իրանի դեմ

Իրանա-ամերիկյան հարաբերություններում ստեղծված լարվածությունը  չի հանդարտվում:

Հունիսի 23-ին «Ազատ մամուլ» կայքում նշվել է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի ԶԼՄ-ներում այժմ ակտիվորեն քննարկվում է «Թրամփի երրորդ սցենարը», այսինքն, ԱՄՆ-ը Իրանի դեմ պատերազմ չի սկսում:

ԱՄՆ-ի փոխարեն Իրանի դեմ օդային հարվածներ է հասցնելու Իսրայելը։  Դե, ամեն ինչ հնարավոր է: Հիշենք, որ նախկինում ևս սիոնիստական ​​պետությունը գրոհել է Իրաքն ու Սիրիան: 1981 թվականին Իսրայելի ՌՕՈՒ հարվածեցին Իրաքի միջուկային ռեակտորին, որը Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնը գնել էր Ֆրանսիայից: 2007-ին նույն ճակատագրին արժանացավ նաև Սիրիայի միջուկային ծրագիրը: Այն ժամանակ իսրայելական երեք ինքնաթիռներ հարվածներ հասցրին Դեյր Էլ Զոր արևելյան նահանգում գտնվող ենթադրյալ ռեակտորին։ Ընդհանուր առմամբ, Իսրայելը գիտի, թե ինչպե՞ս ոչնչացնել օտար  ենթակառուցվածքները: Հաշվի առնելով Իսրայելի վարչապետ Նեթանյահուի ռազմատենչ հռետորաբանությունն ու նրա ընդգծված ատելությունն Իրանի հանդեպ՝ նման հավանականություն կա: Հատկապես վերջին շաբաթվա ընթացքում, այն բանից հետո, երբ Իրանը սպառնացել էր դուրս գալ միջուկային գործարքից, Իսրայելի վարչապետը սկսեց  ենթադրություններ անել և Թեհրանի, և ընդհանրապես, աշխարհի համար հնարավոր մեծ հետևանքների շուրջ:

Ընդ որում, մոտ օրերս կայացան Իսրայելի բանակի ՌՕՈՒ՝ Իրանին հակազդելու թեմատիկայով մեծ զորավարժությունները։ Իսրայելն էլ հուսով է, որ եթե Իրանն ի պատասխան՝ հարվածի Իսրայելին, ապա ԱՄՆ-ը անմիջապես կմտնի պատերազմի մեջ: Մի խոսքով, հրեաները ցանկանում են «քողարկվել ամերիկյան վահանի թիկունքում»:

Սակայն պետք չէ հրաժարվել այն մտքից, որ ամերիկացիները ռիսկի կդիմեն մտնել Իրանի հետ պատերազմի մեջ, անկախ նրանից, թե ով ինչ է խոսում: Պարզապես, ԱՄՆ-ը չի համարձակվի գրոհ ձեռնարկել իր կամ ՆԱՏՕ-ի ռազմակայաններից: Հարվածը կարող է միայն անուղղակի լինել, որպեսզի Իրանի պատասխան գործողությունների արդյունքում տուժեն այն երկրները, որոնց միջոցով (օդային տարածքով) իրանական տարածք են թռչելու մահացու «բեռները»: Ենթադրենք՝ Վրաստանը կամ Ադրբեջանը, իսկ ինչո՞ւ ոչ: Դրանք ՆԱՏՕ-ի անդամ երկրներ չեն, անհրաժեշտություն չի լինի որևէ բան համաձայնեցնել ՆԱՏՕ-ի այն անդամ երկրների հետ, որոնք կտրականապես դեմ են, որպեսզի ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը տեղափոխվի ռազմական հարթություն: Իզուր չէ, որ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հունիսի 23-ին հայտարարել է, թե ԱՄՆ նախկինում ևս փորձել է ներխուժել իր երկրի օդային տարածք` հետախուզական անօդաչու սարքերի միջոցով։ Որպես ապացույց, դիվանագետը Թվիթերի իր միկրոբլոգում տեղադրել է մի քարտեզ, որի վրա, ըստ նրա, պատկերված է մայիսի 26-ին Իրանի սահմանի մոտ՝ երկնքում, նկատված մեկ այլ ամերիկյան անօդաչու սարքի թռիչքի հետագիծը: Սակայն այն ժամանակ ամերիկյան անօդաչու սարքը չի խախտել Իրանի սահմանը, իսկ Իրանի հակաօդային ուժերը չեն խոցել այն: Միևնույն ժամանակ, Իրանի արտգործնախարարը ենթադրել է, որ Վաշինգտոնը մտադիր է Օմանի ծոցում նավթի տանկերները գրոհելու համար մեղադրել որոշ «միջազգային ահաբեկիչների»: Զարիֆը շատ տեղեկացված անձ է, ըստ երևույթին, նա տեղեկություններ ունի, որ լարվածության նվազեցման համար Դոնալդ Թրամփը պատրաստ է հանել «մեղադրանքները» Իրանի վրայից՝ հունիսի 13-ին տուժած երկու տանկերի համար:

Հենց այդ հանգամանքը ստիպում է մտածել, որ Իսրայելն իսկապես պատրաստվում է միակողմանի հարձակման Իրանի դեմ, եթե գիտի, որ Թրամփը պատրաստ է նահանջել: Բայց այստեղ շատ դժվարություններ կան: Իրանում կա ոչ մեկ, ոչ երկու միջուկային օբյեկտ, իսկ Իրանի միջուկային օբյեկտների մեծ մասը ստորգետնյա են: Այնպես որ, նույնիսկ Իսրայելի հարձակումը կարող է ապարդյուն լինել, ավելին՝ Իրանում գործում է էշելոնացված ՀՕՊ և ՀՀՊ զորքերի համակարգերը,  և դժվար է պատկերացնել, որ Իսրայելի որևէ ինքնաթիռ կամ հրթիռ  կկարողանա ներթափանցել Իրանի օդային տարածք։

Բացի դրանից, հարված հասցնելու համար Իսրայելը պետք է հաղթահարի Սիրիայի տարածքը, ինչ-որ կերպ համաձայնեցնելով այդ գործողությունները Հորդանանի հետ, ապա ստիպված լինի թռչելով անցնել ողջ Իրաքը և այնտեղից ինքնաթիռներով ինչ-որ կերպ հարվածել: Անհրաժետ է խոսել նաև իսրայելյան բալիստիկ հրթիռների առկայության մասին․ այդ երկիրն իհարկե ունի երկարագնաց օդային հրթիռներ, բայց դա կրկին ենթադրում է ավիացիայի ներգրավում և բազմաթիվ ընթացիկ խնդիրների հաղթահարում: Ուստի Իսրայելի հարվածելու հավանականությունը չափազանց փոքր է՝ զրոյին մոտ։

Այսպիսով, խաղադրույքն այստեղ հիմնականում արված է ԱՄՆ վրա:  Թե ինչ կորոշի ԱՄՆ-ը՝ առայժմ պարզ չէ:

2011 թվականին ևս իրավիճակը նույնն էր, իսրայելական ՌՕՈՒ-ն պատրաստվում էր հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքային օբյեկտներին և, միաժամանակ, որոշ ռազմական օբյեկտների: Սակայն որոշակի պահի, երբ Իսրայելի գրոհելու ցանկությունը հասել էր գագաթնակետին, ամեն ինչ հանկարծակիորեն սառեցվեց: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չսատարեց իրադարձությունների զարգացման այդ սցենարն այն բանից հետո, երբ նրան հաղորդեցին իրանցիների կողմից RQ-170 Sentinel անօդաչու թռչող սարքը զավթելու մասին,  արդյունքում, 2015թ. հուլիսին ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքվեց միջուկային գործարքը:

Բայց Թեհրանն այս ամենը լավ գիտի, կարող է ամեն ինչ հաշվարկել: Իրանը վաղուց արդեն տեղյակ է Իսրայելի «միայնակ» հարվածելու մտադրության մասին:

Հունիսի 23-ին Իրանի ՌՕՈՒ հրամանատար բրիգադի գեներալ Ալիռեզա Սաբահի Ֆարդը հանդիպել և բանակցություններ է վարել Իրանի և Իրաքի համատեղ հանձնաժողովի նախագահ Թարիք Աբբաս Իբրահիմ Աբդուլ Հուսեյնի հետ: «Mehr News» գործակալությունը հաղորդում էր, որ «Իրանի ՀՕՊ և Իրաքի ՀՕՊ համագործակցության մասին խոսելով`Սաբահի Ֆարդը նշել է՝ Իրանի ՀՕՊ-ը լիովին պատրաստ է բավարարել Իրաքի ՀՕՊ կարիքները բոլոր բնագավառներում», «Իրանի ՀՕՊ-ը պատրաստ է աջակցել Իրաքին`տարատեսակ ՀՕՊ համակարգերի արտադրության և տեխնիկական աջակցության հարցում՝ հենվելով տեղական փորձագետների վրա»: Երկու գեներալների հանդիպումից հետևում է, որ Թեհրանը չի բացառում Իրաքի օդային տարածքով Իրանի վրա հարձակվելու թշնամիների փորձերը և արդեն նախօրոք պատրաստվում է վերահսկողության տակ առնել ամբողջ իրաքյան երկինքը։

Սերգեյ Շաքարյանց