Գավառի տարածքային բաժնի պետը կալանավորվել է՝ կաշառք պահանջելու և ստանալու դեպքերով

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության Գավառի տարածքային բաժնի պետի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր:

ՀՀ ԱԱԾ լրատվական ծառայության տեղեկացմամբ, ձեռքբերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ սոցիալական ապահովության ծառայության Գավառի տարածքային բաժնի պետը, պաշտոնեական կեղծ փաստաթղթեր պատրաստելով և դրանց օգտագործմամբ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում աշխատանքային ստաժի հետ կապված կեղծ տեղեկություններ մտցնելով՝ կենսաթոշակառուների առավել բարձր կենսաթոշակի գումարի չափն ապահովելու համար, վերջիններից 2019թ. հունվարից առ այսօր պահանջել և ստացել է յուրաքանչյուրից մինչև 300 հազար դրամի, ընդհանուր առմամբ՝ առանձնապես խոշոր չափերով 1 280 000 դրամի չափով կաշառք: 2019թ. հունիսի 19-ին հերթական` 210 հազար դրամ կաշառքն ստանալու պահին նշված պաշտոնատար անձը և կաշառք տվողը բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից: Գումարը հայտնաբերվել է քաղաքացու անձնագրի միջից:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով: Նշված պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: