Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի երիտասարդները կայցելեն Արցախ (տեսանյութ)

Հուլիսի 4-7-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կկայանա Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ» ուխտագնացությունը: Համահայկական հավաքին կմասնակցի Հայաստանի, Արցախի  և Սփյուռքի թեմերից ժամանած շուրջ 250 եկեղեցասեր երիտասարդ:

Վեհափառ Հայրապետի օրհնությամբ ուխտագնացությունը ավանդաբար կմեկնարկի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից: Երիտասարդական հավաքի մասնակիցները կայցելեն Հայաստանի և Արցախի տեսարժան վայրեր, կհանդիպեն Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:

Այս տարի հավաքի գործնական մասը լինելու է նոր ձևաչափով: Երիտասարդական միությունների ներկայացուցիչները ոլորտի առաջատար փորձագետների հետ կքննարկեն իրենց գաղափարներն ու նախաձեռնությունները` բաժանվելով 7 խմբերի. հոգևոր-ազգային միջոցառումներ, բիզնես-ֆորումային, սպորտային-օլիմպիական, մշակութային, սոցիալական, տեղեկատվական և կրթա-դաստիարակչական: Ծրագրային խմբերի աշխատանքները միտված են երիտասարդ ակտիվիստների մեջ առաջնորդական կարողությունների զարգացմանը, քույր թեմերի (Հայաստան-Սփյուռք) համագործակցության խթանմանը, ՀԵՀԵՄ տարածաշրջանային և միջտարածաշրջանային, ինչպես նաև համաերիտասարդական նոր ու կազմակերպված միջոցառումների նախագծմանը:

2018 թվականին Երիտասարդական հավաքն անցկացվեց «Դեպի հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» խորագրի ներքո: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակված Երիտասարդության տարվա շրջանակներում կայացած ուխտագնացությանը մասնակցեց ավելի քան 400 երիտասարդ: Հավաքի մասնակիցները հանդիպեցին Նորին Սրբություն Գարեգին Բ Կաթողիկոսի, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: