Ազգային ժողովն ընդունեց Հարկային օրենսգրքի փաթեթը

Ազգային ժողովն ընդունեց Հարկային օրենսգրքի փաթեթը՝ 73 կողմ, 32 դեմ ձայներով։ Նախագծին կողմ էր միայն իշխող խմբակցությունը, ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն դեմ քվեարկեցին։

Նշենք, որ Հարկային օրենսգրքի փոփոխություններով մինչ 2023թ. եկամտահարկը կիջեցվի մինչև 20%։

Ըստ փոփոխությունների՝ եկամտային հարկի դրույքաչափի անընդմեջ կնվազեն առաջիկա 5 տարում։ 2019թ հուլիսի 1-ից՝ 23%, 2020թ․ հունվարի 1-ից` 22%, 2021թ հունվարի 1-ից` 21%, 2022թ հունվարի 1-ից` 20.5%, 2023թ հունվարի 1-ից՝ 20%։

Նախագծով շրջանառության հարկի շեմը 58,35 մլն դրամից կրկին կբարձրանա մինչև 115 մլն դրամ։

Օրենքով 2019 թվականի հուլիսի 1-ից առավել առաջանցիկ տեմպերով կբարձրանան ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը: Կբարձրանա նաև օղու և էթիլային սպիրտի նվազագույն իրացման գները՝ 1 լիտր 100 տոկոսանոց սպիրտի հաշվով 3500 դրամի փոխարեն նախատեսելով 6000 դրամ։

2019 թվականի հուլիսի 1-ից կընդլայնվի ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք֊ների շրջանակը՝ որպես ենթաակցիզային նոր ապրանք սահմանելով 100 գրամ ըմպելիքի մեջ հինգ և ավելի գրամ շաքար պարունակող ըմպելիքները, ինչպես նաև 2019թ․ հուլիսի 1-ից բարձրացնել գարեջրի ակցիզային հարկի դրույքա֊չափը։ 2020 թվականի հունվարի 1-ից վերանայել 301 և ավելի ձիաուժ ունեցող մեքենաներից շրջակա միջավայր արտանետումների համար բնապահպանական հարկի դրույքաչափը՝ մեկ ձիաուժի համար ներկայումս նախատեսված 50 դրամի փոխարեն սահմանելով 150 դրամ։

Առաջարկվում է նաև ինքնազբաղված անձանց հարկման համակարգի և ընտանեկան ձեռնարկատիրության համակարգի փոխարեն ներդնել միասնական միկրոձեռնարկատիրության հարկման համակարգ՝ սահմանելով, որ հարկման այս համակարգից կարող են օգտվել ինչպես իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, այնպես էլ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, եթե վերջիններիս իրացման շրջանառության տարեկան մեծությունը չի գերազանցում 20 մլն դրամը: