Ես հող հանձնող չեմ, ես հող գրավող եմ․ Ռոբերտ Քոչարյան

«Իմ անցյալն ու իմ տեսակը՝ Արցախի հարցի կարգավորման համատեքստում, որոշակի անհանգստություն կարող է առաջացնել այն ուժերի մոտ, որոնք այդ կարգավորումը տեսնում են ոչ հայանպաստ ճանապարհով»,- այս մասին  ասել է  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ «Հինգերորդ ալիք»-ին տված հարցազրույցում։

Անդրադառնալով հարցին՝ ներկաները հաճախ են մատնացույց անում, թե Քոչարյանը ժամանակին ցանկացել է, որպես փոխանակման տարբերակ, հանձնել Մեղին, ՀՀ երկրորդ նախագահն ասել է․

«Գիտեք, ես երբ դարձա Արցախի ղեկավար, ԼՂԻՄ-ի, այն ժամանակ այդպիսի կարգավիճակ ուներ Ղարաբաղը, տարածքի ուղիղ կեսն ադրբեջանական զինուժով էր օկուպացված։ Երբ ավարտվեց պատերազմը՝ ազատագրված էր ոչ միայն ամբողջ Ղարաբաղը,  այլև Ղարաբաղի 7 շրջանը։ Ես հող հանձնող չեմ, ես հող գրավող եմ։ Իմ՝ Ղարաբաղում ղեկավար եղած ժամանակ մենք 7 շրջան ենք ազատագրել, միացրել Ղարաբաղին, ստեղծել անվտանգության գոտի և այսօր այդ տարածքները Ղարաբաղի անվտանգության չափազանց կարևոր բաղկացուցիչ մասն են կազմում»։

Քոչարյանը նաև նշել է, թե ամեն մեկի կատարած աշխատանքը պետք է գնահատել նաև այն տեսանկյունից, թե այս կամ այն գործը ի՞նչ վիճակում է նա  ընդունում, և ապա, ի՞նչ իրավիճակում հանձնում։