Այսօրվա վարչապետը պատասխանատվություն է կրում մարտի 1-ի մասսայական անկարգությունների համար․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հարցազրույց է տվել «Հինգերորդ ալիք»-ին։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո թիվ մեկ թիրախ դարձավ հենց ինքը,  Քոչարյանն ասել է, թե հարցը բազմաշերտ է ու դրանում կան  մի քանի հանգամանքներ, մասնավորաբար․ «Երևի իմ անցած ճանապարհն ու այսօրվա իշխանությունների անձնական վերաբերմունքն այդ անցած ճանապարհի նկատմամբ, կարծում եմ  նաև այն հանգամանքը, որ հավանաբար այս իշխանությունները կարծում են, թե 2008-ի մարտի 1-ին հաջողության չեն հասել իմ պատճառով»։

Նա նաև նկատել է, թե առկա մի շարք հանգամանքներն այս իշխանությանը թույլ են տալիս  եզրահանգել, որ․ «Ես ինչ-որ չափով վտանգ եմ ներկայացնում իրենց համար, այսօրվա իրենց քաղաքական հաջողության համար»։

Իսկ գուցե այս իշխանությունն  անհանգստացա՞վ, երբ զգաց, որ երկրորդ նախագահը կարող է վերադառնալ ակտիվ քաղաքականություն, Քոչարյանը պատասխանել է․ «Իրենց քայլերով արեցին ամեն ինչ՝ իմ քաղաքականություն վերադառնալու համար»։

Անդրադառանալով մարտի 1-ի դեպքերին, Ռոբերտ Քոչարյանն ասել է․ «Այսօրվա վարչապետն ուղղակի պատասխանատվություն է կրում 2008-ի մարտի 1-ի մասսայական անկարգությունների համար և, իհարկե, կցանկանար վերաշարադրել պատմությունն ու մեղավոր փնտրել այդ իրադարձությունների համար,  ու իր պատկերացումներով այդ մեղավորը ես եմ»։