Սողանքների դեպքում անհրաժեշտ կանխարգելիչ գործողությունների մատնանշում

Հունիսի 20-21-ը Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքապետարանում անցկացվեց բնակչության պաշտպանության նվիրված համալիր միջոցառում: ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, Փրկարար ծառայության (ՓԾ) բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման և Տավուշի մարզային վարչությունների մասնագետների կողմից կազմակերպվել էր «Տավուշի մարզի Հաղարծին համայնքում սողանքի ակտիվացման դեպքում համայնքի բնակչության պաշտպանության կազմակերպում» թեմայով շտաբային ուսումնավարժություն:

Վարժանքին ներգրավված էին Դիլիջանի քաղաքապետը, Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչները, Հաղարծինի և Թեղուտի համայնքապետերը:

Միջոցառման նպատակն էր՝ ստուգել քարաթափումների և սողանքների դեպքում գործողությունների պլանի իրատեսականությունը, միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում՝ մասնակիցների հմտություններն ու ունակությունները:

Համաձայն սցենարի՝ Հաղարծին համայնքի ղեկավարի և բնակիչների կողմից ստացվել են ահազանգեր, որ Երևան-Բագրատաշեն միջպետական ավտոճանապարհի 107-րդ կմ-ում Հաղարծինի մոտ ակտիվացել են սողանքները, նկատվել է հողի զանգվածի տեղաշարժ: Հարկավոր է իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ:

Ուսումնավարժության առաջին փուլում հետազոտվել է տարածքը, այնուհետև որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ են կազմակերպվել, և իրականացվել են բնակչության, կենդանիների, նյութական արժեքների պաշտպանության և տարահանմանն ուղղված միջոցառումներ:

Միջոցառման արդյունքով մատնանշվել են անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները.

  1. Աղստև գետի հունի ուղղում,
  2. միջպետական Մ4 ճանապարհի տվյալ հատվածի շրջանցող ճանապարհի բացում,
  3. հարակից տարածքում դպրոցի անձնակազմի և աշակերտների ուսուցանում,
  4. սողանքային զանգվածի բեռնաթափում,
  5. համայնքներում կամավոր փրկարարական ջոկատների կազմավորում: