Ոչ մեկս օրենքից վեր չէ․ եթե ես եմ խախտել օրենքը, ուրեմն պետք է պատասխանատվության ենթարկվեմ

Մոտ մեկ շաբաթ առաջ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի դիմում-բողոքի հիման վրա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում վարչական վարույթ է հարուցվել «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ, նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանի նկատմամբ՝ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի պահպանումը պարզելու նպատակով։ 27-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ դեղատոմսով իրացվող դեղերի մասին տեղեկատվության տարածումը զանգվածային լրատվամիջոցներով արգելվում է: Այս դեպքում, հավանաբար, խոսքը «Գարդասիլ-4» պատվաստանյութի մասին է, քանի որ Մարինա Խաչատրյանը մի շարք առիթներով անդրադառնալով մեզանում այդ պատվաստանյութի կիրառմանը՝ նշել է, որ դա արվում է օրենքների խախտումներով։

Մինչդեռ ՀՀ առողջապահության նախարարությունը պարբերաբար փորձում է հակադարձել նրա հայտարարություններին՝ տարբեր պատճառաբանություններ, պատրվակներ ու արդարացումներ ներկայացնելով և հավասարաչափ «Գարդասիլ-4»-ի մասին տեղեկատվություն տարածելով։ Բայց, չգիտես ինչու, այս դեպքում միայն Մարինա Խաչատրյանի հայտարարություններն են հակաօրինական դիտարկվել։ Գուցե իրականում պատճառն այն է, որ վերջերս «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահի դիմումի հիման վրա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վարույթ էր հարուցել «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Բուժինֆո» հաղորդման հեղինակ և վարող, բժիշկ Վահե Տեր-Մինասյանի նկատմամբ իր հաղորդման ժամանակ «Գարդասիլ-4»-ը գովազդելու համար։ Մինչդեռ «Գարդասիլի» գովազդը Հայաստանում արգելված է՝ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ կետի և «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 8-րդ կետերի համաձայն։ Ըստ այդ օրենքների՝ արգելվում է դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդը` առանց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության: Արգելվում է նաև թմրադեղերի, թունավոր և ուժեղ ազդող դեղերի գովազդը, այն դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների, որոնց կիրառումը պահանջում է բժշկի հատուկ նշանակում: Դրանց ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Օրենքով արգելվում է նաև զանգվածային լրատվության միջոցներով դեղերը գովազդելիս հիշատակել հետևյալ հիվանդությունների մասին՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններ, ուռուցքային հիվանդություններ, տևական անքնություն, շաքարային դիաբետ և նյութափոխանակության այլ հիվանդություններ, սիրտանոթային հիվանդություններ:

Այնինչ Վահե Տեր-Մինասյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է․ «…ոչ միայն գովազդում ենք, այլև ես ասում եմ, որ մեր հաղորդաշարը շարունակելու է գովազդել այդ պատվաստանյութը…»՝ նկատի ունենալով «Գարդասիլ-4»-ը։

Ավելի ուշ բժիշկը ֆեյսբուքյան էջում անդրադառնալով տեսչական մարմնի կողմից իր նկատմամբ վարչական վարույթ իրականացնելու և տուգանք նշանակելու փաստին,  հայտարարել էր, որ պատրաստվում է առաջիկայում տեսչական մարմնին մի շարք բողոքներ ներկայացնել բոլոր լրատվամիջոցների, պաշտոնյաների, առողջապահության նախարարի, Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի նախագահի, պատգամավորների, վարչապետի դեմ, որոնք խոսել են այդ պատվաստանյութի մասին և պահանջելու է տուգանել նաև նրանց:

Բայց, փաստորեն, նրա փոխարեն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հակադարձ նախաձեռնությամբ հանդես եկավ՝ հավանաբար մամուլի քարտուղարի ձեռքով Մարինա Խաչատրյանի դեմ բողոք ներկայացնելով առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին՝ թերևս այդկերպ փորձելով նաև «դուխ տալ» «Գարդասիլ-4»-ը գովազդող իր բոլոր գործընկերներին։

Մեզ հետ զրույցում նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը չբացառեց, որ իր դեմ տեսչական մարմնին ներկայացված դիմում-բողոքն ընդամենը Վահե Տեր-Մինասյանին սատարելու յուրօրինակ ակցիա է, այլապես ինչպե՞ս բացատրել դեպքերի հաջորդական զարգացումը և միայն իր դեմ նման բողոք ներկայացնելու՝ նախարարի պատրաստակամությունը․ «Ես էի դիմում ներկայացրել Վահե Տեր- Մինասյանի դեմ, և թերևս դրա համար հայտնվեցի թիրախում։ Օրերս նա հարցազրույց է տվել, որտեղ նշել է, թե բողոք եմ ներկակացրել «Շանթ» հեռուստաընկերության դեմ, բայց ես իրավախախտման մասին դիմումը հասցեական ներկայացրել եմ հենց Վահե Տեր-Մինասյանի կատարած գործողությունների ու հայտարարությաննների համար։ Իսկ «Շանթ» հեռուստաընկերության արարքներում որևէ հանցակազմ, օրինախախտում չեմ տեսել, և կարծում եմ, որ Վահեի կողմից սա մանիպուլյացիա է։ Այո, կարծում եմ՝ Արսեն Թորոսյանի այս նախաձեռնությունը հակահարված է իմ կատարած քայլին, և լավ է, որ ամբողջ այս գործընթացը գնում է այն ուղղությամբ, որը թելադրում է մեր թիմը, մենք ենք թելադրում, թե իրենք ինչ քայլեր ձեռնարկեն»։

Անդրադառնալով «Գարդասիլ» պատվաստանյութին՝ նա ասաց, որ եթե իր դեմ դրա համար են դիմում-բողոք ներկայացրել, ապա նույն հաջողությամբ շատերը պետք է դրա համար պատասխանատվության ենթարկվեն, այդ թվում առողջապահության նախարարությունից, քանի որ առաջին անգամ հենց նրանքն են սկսել տարբեր լրատվամիջոցներով խոսել «Գարդասիլով» պատվաստվելու անհրաժեշտության մասին։

««Գարդասիլ-4» պատվաստանյութի մասին սկսել են խոսել և այն գովազդել ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչները, այն բանից հետո, երբ հունվարի 29-ին առողջապահության նախարարը հրաման էր ստորագրել այդ պատվաստանյութի կիրառման տարիքային շեմը բարձրացնելու համար։ Իսկ դա ապօրինի հրաման է, չի համապատասպանում Հայաստանում կիրառվող և չգրանցված «Գարդասիլ-4» պատվաստանյութի ներդիր թերթիկի պահանջներին։ Ըստ այդ ներդիր թերթիկի՝ պատվաստանյութը ցուցված է կիրառել մինչև 25 տարեկանների համար։ Այնինչ նախարարի հրամանով տարիքային շեմը բարձրացվել է մինչև 45 տարեկան՝ 14 տարեկանից սկսած։

Մարտի 22-ին մենք ասուլիս հրավիրեցինք, որի ժամանակ հայտնեցինք հանցագործության մասին ԱԱԾ հաղորդում ներկայացնելու մասին՝ գաղտնի և ապօրինի հրամանի, այդ հրամանով պատվաստանյութի տարիքային շեմը անօրինականորեն բարձրացնելու, «Գարդասիլը» նորից անօրինականորեն գովազդելու, տարիներ շարունակ սքրինինգային ծրագրերը պատշաճորեն չիրականացնելու հիմքերով։ Եվ եթե մենք՝ ես, իմ համախոհները, անգամ խոսել ենք «Գարդասիլի» մասին, ապա միայն հանրությանը ճիշտ, լիարժեք տեղեկատվություն տրամադրելու, ամբողջական իրազեկելու նպատակով ենք դա արել, ոչ թե այդ դեղը գովազդելու կամ դրա մասին գովազդ, հակագովազդ տարածելու»,- ասաց Մարինա Խաչատրյանը՝ հավելելով, որ առողջապահության նախարարությունը իրենց բնորոշ մանիպուլյատիվ միջոցների են դիմել։

Մարինա Խաչատրյանի հավաստմամբ՝ ինքը և իր թիմակիցները պատվաստանյութերի դեմ երբևէ չեն արտահայտվել, քանի որ պատվաստվելն անհրաժեշտ է և կյանքեր է փրկում։ Հակառակը՝ նա միշտ հորդորել է հետևել պատվաստումների ազգային օրացույցի պլանին։ Այլ խնդիր է «Գարդասիլ-4»-ը, որի պատվաստումը, ըստ մեր զրուցակցի, պետք է իրականացվի դրա ներդիր թերթիկի ցուցումների համաձայն․ կիրառվի մինչև 26 տարեկան անձանց շրջանում․ «Մենք ասում ենք, որ դա պետք է կատարվի կամովի, որևէ պարտադրանք չպետք է լինի, իսկ մենք փաստեր ունենք, որ պոլիկլինիկաներում քաղաքացիներին վախեցնում են և ապատեղեկատվություն տալիս, թե պատվաստվելուց հրաժարվելու դեպքում կարող են լուրջ առողջական հետևանքներ լինել։ «Գարդասիլը» լիարժեք ուսումնասիրված չէ, այն իմունիտետ է ստեղծում Պապիլոմա վիրուսի միայն 4 տեսակների դեմ, պարունակում է մոտ 35 անգամ ավելի ալյումին։ Նման տեղեկատվություն  տրամադրելով հանրությանը՝ ցանկանում ենք, որ մարդիկ իրենք որոշում կայացնեն, այնինչ առողջապահության նախարարությունը շատ բան թաքցնում է կամ աղավաղվում է։ Օրինակ՝  «Գարդասիլ 4»-ը հակավիրուսային միջոց է, իսկ առողջապահության նախարարության կողմից ներկայացվում է որպես հակաքաղցկեղային միջոց։ Այնինչ պատվաստանյութի ներդիր թերթիկում նշված է, որ ապացուցված չէ դրա հակաուռուցքածին ազդեցությունը։ Ես իմ պարտավորությունն եմ համարում հանրությանը տեղյակ պահել այդ ամենի մասին՝ թեկուզև ճնշումների ներքո»։

Նա նաև հայտնեց, որ պատրաստ է օրենքի առաջ պատասխան տալու, եթե ՀՀ առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմինը իր գործողություններում օրենքի խախտում հայտնաբերի․ «ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը որևէ ձևով կաշկանդված չէ ՀՀ օրենքները պաշտպանելու հարցում, և եթե ես օրինախախտում եմ արել, պատրաստ եմ օրենքի առաջ պատասխան տալ։ Թեև կարծում եմ, որ ես, իմ ընկերները, համախոհներն օրենքի խախտում թույլ չենք տվել, և պատրաստվում ենք մեր փաստաբանական թիմի հետ տեսչական մարմնի նիստի ժամանակ հիմնավորումներ ներկայացնել։

Ի դեպ, Մարինա Խաչատրյանի տեղեկացմամբ՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ ևս դիմում է ներկայացվել, սակայն ոչ իր կողմից։ Դիմումի համար հիմք է դարձել ոչ պատշաճ պայմաններում «Գարդասիլ-4»-ը նախարարին և առողջապահության նախարարության այլ աշխատակիցների ներարկելու արարողությունը լրատվամիջոցներով հանրայնացնելու փաստը, որով խախտվել է պատվաստումների մասին ՀՀ օրենքը։ Օրենքը սահմանում է, որ  պատվաստանյութերի կիրառումը պետք է կատարվի հատուկ պայմաններում, ոչ թե ցանկացած սենյակում ու միջավայրում։

«Պոլիկլինիկաներում պետք է համապատասխան սենյակներ լինեն պատվաստման համար, որտեղ համապատասխան պայմաններ են ապահովված։ Մինչդեռ մենք ուղիղ եթերում տեսանք, թե ինչպես է Արսեն Թորոսյանն իր աշխատակազմի մի շարք անդամների հետ ոչ ստերիլ ու պատշաճ պայմաններում ստանում այդ պատվաստանյութը։ Ուստի նա ևս պետք է պատասխանատվության ենթարկվի, այլապես ցանկացած քաղաքացի կմտածի, թե կարող է բուժաշխատողներին հրավիրել իրենց տուն իրեն պատվաստելու համար»։

Հակառակ դեպքում ստացվում է, որ ինչպես միշտ, նորից խտրական վերաբերմունք է ցուցաբերվում բարձրաստիճան պաշտոնյայի և քաղաքացիների նկատմամբ։

Թագուհի Ասլանյան