Ոստիկանները ձկնաբուծարանում զենք և թմրանյութ են հայտնաբերել

Օրերս ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիրի մարզի Սիս համայնքի մի բնակիչ ձեռք է բերել գողացված ձկներ ու ձկան կերեր: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ, հունիսի 10-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Արմավիրի մարզային վարչությունների և Մասիսի բաժնի ծառայողները դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել Սիս համայնքի մի ձկնաբուծարանում: Արդյունքում՝ պահեստարաններից երկուսում հայտնաբերվել են 44 պարկ տարբեր տեսակի ու քաշի ձկան կերեր:

Բացի դրանից, քարե շինության ննջասենյակից հայտնաբերվել է դեղնականաչավուն չորացված, մանրացված զանգվածներով 7 թղթե փաթեթներ և պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված դեղնականաչավուն սերմանման զանգված:

Նույն հասցեի կիսակառույց ջերմատնից հայտնաբերվել է կանեփի մշակված 47 թուփ:

Այս ամենից զատ,  սեփականատերը Սիս գյուղի իր առանձնատնից ոստիկաններին է ներկայացրել ևս 15 փաթեթ՝ լցված դեղնականաչավուն չորացված, մանրացված զանգվածով և նույն զանգվածով տարա: Նա ներկայացրել է նաև մեկփողանի, 12 մմ տրամաչափերի, գործարանային համարներով երկու հրացան, ինքնաձիգ՝ իր փամփշտատուփով, 10 հատ փամփուշտ:

Ըստ ձնկաբուծարանի սեփականատիրոջ հայտարարության՝ փաթեթներում կանեփ թմրամիջոց է, ինքն է մշակել անձամբ օգտագործելու համար:

Սեփականատերը ակնհայտ հանցավոր ճանապարհով գույք ձեռք բերելու, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու, ինչպես և ապօրինի զենք ու ռազմամթերք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին:

Նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է քննություն: