Վաշինգտոնում Մնացականյանի և Մամեդյարովի հանդիպման արդյունքներից պետք է զգուշանալ, իսկ լավատեսության հիմքեր ահա թե ինչու չկան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես արդեն հայտնի է, հանդես են եկել Վաշինգտոնում հունիսի 20-ին կայացած ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման արդյունքների մասին հայտարարությամբ։

Առնվազն միամտություն կլինի վերոնշյալ հայտարարությունում հայ և ադրբեջանական հասարակություններին հուզող հարցերի պատասխաններն ակնկալելը. բանակցությունները կամ կողմերի միջև քննարկումները հասարակություններից գաղտնի են վարվում ու պահվում, հետևաբար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում չեն կարող բացվել դրանց վերաբերյալ փակագծերը: Բայց, այնուհանդերձ, ամեն ինչ սքողելը կարծես ընդունված չէ, և հանդիպման վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունից կարելի է ինչ-որ եզրակացություններ կատարել:

«Հանդիպման մասնակիցները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցով վերջին զարգացումներն ու հիմնական հարցերը»,- նշված է հայտարարության մեջ:

Եթե սա հերթապահ հայտարարությամբ ներկայացված կեղծիք չէ, որովհետև մեր հասարակությանը հայտնի են Արցախյան հակամարտության ոչ թե կարգավորման, այլ չկարգավորման հարցով վերջին զարգացումները՝ հանձինս Ադրբեջանի զինված ուժերի շարունակական սադրանքների ու հայ զինվորների կյանքը խլելու, նշանակում է կողմերի միջև, մինչ հունիսի 20-ի հանդիպումը, եղել են Արցախյան հակամարտությանն առնչվող (խիստ թերհավատ ենք, թե կարգավորման…) ինչ-ինչ գաղտնի քննարկումներ կամ, ավելի հավանական է, պայմանավորվածություններ («զարգացումներ» բառն ավելի շատ այդ մասին է հուշում)՝ արտգործնախարարների կամ վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի մակարդակով:

Ինչ վերաբերվում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցով հիմնական հարցերը քննարկելուն, ապա հայտարարության այս մասը վկայում է, որ հիմնական հարցերը՝ ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն, ուժի չկիրառում կամ հրադադարի ռեժիմի պահպանում, փախստականների վերադարձ, այնուհանդերձ, քննարկվել են, քանզի Հայաստանը կամ ՀՀ ներկայիս ղեկավարության դիրքորոշումը ներկայացնող արտգործնախարար Մնացականյանը չի հրաժարվել հիմնական հարցերի քննարկումից, ինչը պարտավոր էր անել ու պետք է աներ, քանի դեռ Ադրբեջանը չի կատարել 2016թ. ապրիլին սանձազերծած ռազմական լայնածավալ գործողություններից հետո Վիեննայի, ապա Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ընթացքում իր ստանձնած հայտնի պարտավորությունները: Սա բանակցային գործընթացում դեռ նախկին իշխանությունների կողմից ձեռք բերած դիրքերից ցավալի նահանջի արձանագրում է, որի վտանգավոր հետևանքներից առաջիկայում դժվար թե հաջողվի խուսափել:

Բացի վերը նշվածից, Վաշինգտոնում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումից պետք է զգուշանալ նաև այն առումով, որ Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր էջում գոհունակություն է հայտնել ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ ԼՂ խաղաղ կարգավորման շուրջ ունեցած դրական, բովանդակալից և հետաքրքիր քննարկումից, ինչը հուշում է, որ Բոլթոնն էլ գոհ է եղել Մնացականյանի և Մամեդյարովի հանդիպման ու քննարկման արդյունքներից:

Բացի ԼՂ հակամարտության կարգավորման հարցով վերջին զարգացումներն ու հիմնական հարցերը քննարկելուց, ըստ համանախագահների հայտարարության, «ԱԳՆ ղեկավարները ներկայացրել են իրենց դիրքորոշումները և ակնկալիքները տարածաշրջան կատարած վերջին այցի ժամանակ համանախագահների կողմից առաջարկված հումանիտար և անվտանգության միջոցառումների առնչությամբ։

Ափսոսանքով արձանագրելով վերջին կորուստները, համանախագահները կոչ են արել կողմերին ձեռնարկել անհապաղ միջոցներ խաղաղությանը և առարկայական բանակցություններին նպաստող մթնոլորտի վերականգման ուղղությամբ։ Միջնորդները կոչ են արել կողմերին վերահաստատել հանձնառությունը՝ անշեղորեն պահպանել հրադադարը և ձեռնպահ մնալ ցանկացած սադրիչ գործողություններից, այդ թվում՝ դիպուկահարների կիրառումից և շփման գծի և միջազգային սահմանների երկայնքով ինժեներական աշխատանքներ կատարելուց։

Համանախագահների հետ զրույցում արտաքին գործերի նախարարները կարևորել են գոյություն ունեցող ուղիղ կապի օգտագործումը՝ լարվածության վտանգի նվազեցման համար։

Արտգործնախարարները պայմանավորվել են մոտ ապագայում կրկին հանդիպել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո»:

Նկատենք, որ, համենայն դեպս, Հայաստանի ԱԳՆ նախկին ու ներկա ղեկավարները հումանիտար և անվտանգության միջոցառումների առնչությամբ իրենց դիրքորոշումները և ակնկալիքները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարած միայն վերջին այցի ժամանակ չէ, որ ներկայացրել են, այլ նաև դրանից առաջ նրանց հետ տարբեր վայրերում ունեցած հանդիպումներում, սակայն արդյունքը եղել է գրեթե զրոյական: Հետևաբար դժվար է որևէ լավատեսական ակնկալություն ունենալ տարածաշրջան կատարած վերջին այցի ժամանակ համանախագահների կողմից հումանիտար և անվտանգության միջոցառումների առաջարկումից, քանի դեռ նույն համանախագահները համարժեք գնահատական չեն տվել Ադրբեջանի կողմից այդ կապակցությամբ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շարունակական խախտումներին:

Ցավոք, նույնը կարելի է ասել նաև խաղաղությանը և առարկայական բանակցություններին նպաստող մթնոլորտի վերականգման ուղղությամբ անհապաղ միջոցներ ձեռնարկելու, հրադադարն անշեղորեն պահպանելու հանձնառությունը վերահաստատելու և ցանկացած սադրիչ գործողություններից, այդ թվում՝ դիպուկահարների կիրառումից և շփման գծի և միջազգային սահմանների երկայնքով ինժեներական աշխատանքներ կատարելուց ձեռնպահ մնալու վերաբերյալ կողմերին ուղղված համանախագահների հերթապահ կոչերի առնչությամբ, քանի որ Ադրբեջանը միջազգային հանրություն կոչվածի կողմից մշտապես անպատիժ մնալով, նրա որևէ լուրջ հակազդեցությանը չհանդիպելով, նախկինում ու ներկայում շարունակել է խախտել այդ կապակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները և իր իսկ հանձնառությունները: Մեր զինվորների վերջին կորուստներն ևս այդ մասին են վկայում:

Արթուր Հովհաննիսյան