Վաշինգտոնում հիմնական «կուրատորը» Ջոն Բոլթոնն էր

Հարցազրույց քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբվերլուծելով հրապարակված սուղ տեղեկատվությունը՝ ինչպե՞ս կգնահատեք հանդիպման արդյունքները։

-Կարծում եմ՝ Վաշինգտոնում կայացածը բանակցային հերթական հանգրվաններից մեկն էր։ Ռուսաստանում տեղի ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ու երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, բնական էր, որ նույնպիսի հանդիպում պետք է լիներ նաև Վաշինգտոնում, և այստեղ տարօրինակ ոչինչ չկար։

Բանակցությունները կրեցին ձևական բնութ, քանի որ կողմերի մոտեցումներում կան մեծ տարաձայնություններ, ինչն էլ արտացոլվեց տարածված հայտարարության մեջ։

Բացի դրանից, հայկական ու ադրբեջանական մամուլում տեղ գտած մեկնաբանությունները ցույց տվեցին, որ մեծ արդյունքներ չկան այդ բանակցություններից, կարելի է ասել՝ երկու կողմն էլ հասկանում են, որ միանագամից լուրջ հաջողության հասնելու համար բավականին երկար ճանապարհ պետք է գնալ։ Խնդիրը բարդ է և լուծումը բավականին դժվար է լինելու, քանի որ ինչպես ասացի՝ կողմերի մոտեցումները խիստ տարբերվող են։

Դա հասկանալի է, միշտ է եղել այդպես այնուհանդերձ, ի՞նչ նոր մեսիջ է իր մեջ պարունակում այս հանդիպումը։

-Նորը հետևյալն է․անցած տարի Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ հայտարարվեց, որ պետք է լուծվեն հումանիտար խնդիրներ, դրա տակ հասկացվում էր՝ գերիների փոխանակում, նաև Հայաստան-Ադրբեջան մարդասիրական ծրագրերի իրականացում։ Ես չգիտեմ, թե այդ հարթության մեջ ի՞նչ գործնական քայլեր արվեցին, քանի որ չկա անհրաժեշտ տեղեկատվություն։ Նույնը կրկնվեց նաև Վաշինգտոնում, միայն ավելացվեց հետևյալը, որ հրադադարը չպետք է օգտագործվի ինժեներական աշխատանքների շարունակականությունը ապահովելու համար։ Սրանով ակնարկվեց, որ երկու կողմն էլ իրականացրել են ինժեներական աշխատանքներ․ սա էր այս հանդիպման նորությունը։ Իսկ թե ի՞նչ բնույթ են կրել կուլիսային բանակցությունները, դժվար է ասել, դրա մասին կարող ենք իմանալ որոշակի ժամանակ անց, երբ այդ տեղեկատվությունը դուրս կսպրդի տարբեր հայտարարություններով։

Ի տարբերություն Մոսկվայում կայացած բանակցությունների, որին մասնակցում էր Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն, Վաշինգտոնում հիմնական «կուրատորը» Ջոն Բոլթոնն էր։ Տարբերությունն ակնհայտ է, Պոմպեոն քաղաքական գիծն առաջ մղող գործիչ է, իսկ Բոլթոնը՝ անվտանգության հարցերը։ Սա նշանակում է, որ ամերիկյան կողմի մոտ կա շեշտադրման փոփոխություն։ Բանն այն է, որ ԱՄՆ-ը խորը հակասության մեջ է Իրանի հետ, ու չի բացառվում, որ սկսվեն լայնամասշտաբ պատերազմական գործողություններ։ Հաշվի առնելով այս հանգամանքը, Միացյալ Նահանգները փորձում է շեշտադրումների փոփոխություններ մտցնել նաև ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում։ Նկատենք՝ Ադրբեջանի քաղաքագիտական շրջանակները նշում են, որ ադրբեջանական գործոնն ունի դիրքային առավելություն, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ։

Հիշենք, որ Բոլթոնը տարածաշրջան կատարած այցի ընթացքում հայտարարեց, որ հայկական կողմը պետք է փոխի իր կարծրատիպերը։ Եթե քննարկվել է Հայաստան- Իրան սահմանը ժամանակավորապես փակելու հարցը, եթե ԱՄՆ-ի խնդիրն Իրանի դեմ գործողություններ կատարելն է, ապա բնական է, որ Բոլթոնը պետք է դաշնակիցներ գտնի տարածաշրջանում, իսկ պոտենցիալ դաշնակիցներ կարող են լինել Ադրբեջանն ու Թուրքիան։

 

ԵԹԵ ՍՐՎԵՆ ԱՄՆԻՐԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆԻՑ ԿՕԳՏՎԻ ԱԴՐԲԵՋԱՆԸ

 Փոքր-ինչ բացենք փակագծերը եթե Ջոն Բոլթոնը հակաիրանական, հակառուսական դիրքորոշման գործիչ է, որի համար շատ կարևոր է Հարավային Կովկասն օգտագործել Ռուսաստանի և Իրանի դեմ դիրքավորվելու համար, կնշանակի, Արցախյան հիմնախնդիրը ևս փորձ կարվի դարձնել միջոց կամ գործիք այդ հաշվարկներն իրականացնելու համար։

-Այո, այդ փորձն արվում է։ ԱՄՆ-ի համար Լեռնային Ղարաբաղի խնդիրը միշտ եղել է տասներորդական դիրքերում, ԱՄՆ-ը երբևէ լուրջ չի վերաբերվել այդ խնդրին։ Դոմինանտ դերը կատարել է Ռուսաստանը, պարզապես, ամերիկյան կողմն ամեն ինչ արել է, որպեսզի ԼՂ հարցում Ռուսաստանը չունենա մենաշնորհ ու միանձնյա որոշումներ չկայացնի։

Իսկ այսօր Միացյալ Նահանգների քաղաքականության մեջ կա շեշտադրումների փոփոխություն՝ հաշվի առնելով հե՛նց իրանական գործոնը, և դա մեզ համար առավել վտանգավոր է, պետք է զգոն լինենք։ Եթե ԱՄՆ-ի ու Իրանի հարաբերությունները սրվեցին, ու սկսվեց լայնամասշտաբ պատերազմ, ապա չեմ բացառում, որ դրանից կարող է օգտվել Ադրբեջանը, որովհետև պատերազմի պարագայում Ադրեբջանը կարող է անտեսել արտաքին գործոններով պայմանավորված արգելքները ու գնալ քայլի, որով կստանա դիրքային առավելություն՝ Իրանի հանդեպ, ապա կնախաձեռնի ռազմական գործողություններ Արցախի դեմ։ Սա լուրջ վտանգ է, ինչը պետք է գիտակցի թե՛ մեր ժողովուրդը, թե՛ ՀՀ քաղաքական վերնախավը և պատրաստ լինի այդ մարտահրավերներին։

Բայց թե որքանո՞վ է դրան պատրաստ այս իշխանությունը՝ ես կասկածում եմ։ Պառակտման փորձերը, որ տարվում են երկրի ներսում, հուշում են, որ իշխանության համար իրենց դասակարգային շահերն ավելի գերադասելի են, պետական շահերը։

 

ՆԵՐՔԻՆ ՊԱՌԱԿՏՈՒՄՆԵՐԸ ԹՈՒԼԱՑՆՈՒՄ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՐՔԵՐԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՃԱԿԱՏՈՒՄ

Հաշվի առնելով ներհայաստանյան դաշտում առկա ներքին լարվածությունը՝ այդ թվում հայաստանցիղարաբաղցի անընդունելի տարանջատումը, հասարակության բաժանումը «սևերի» ու «սպիտակների», կարո՞ղ ենք ասել, որ վաշինգտոնյան բանակցություններից առաջ ՀՀ իշխանության թիկունքը բավականին թույլ էր՝ ներսում առկա լարվածությամբ պայմանավորված, ինչի հեղինակը, իհարկե, հենց իշխանությունն էր։

-Բնականաբար, եթե Հայաստանում կա հանրային պառակտվածություն, ապա իշխանությունը օբյետիվորեն թուլանում է դրսի դիվանագիտական ճակատում։ Երբ Գորբաչովի կամ Ելցինի քաղաքականության արդյունքում ԽՍՀՄ-ը թուլացավ, նրանք արտաքին քաղաքական ոլորտում փորձեցին իրենց թուլությունը կոմպենսացնել զիջումներով։ Արդյունքում՝ իրենք Արևմուտքում դարձան պոպուլյար, մինչդեռ սեփական երկրում ՝ ատելի գործիչներ։ Դա շատ նման է մեր երկում ստեղծված իրավիճակին ու Նիկոլ Փաշինյանի գործելաոճին։

ՀՀ-ում սոցիալական վիճակը գնում է դեպի անկում, կենսամակարդակը էապես նվազելու է, ՀՀ-ում չկան ներդրումներ, պառակտվածությունը հասնելու է կրիտիկական մասշտաբների, և շատ կարճ ժամանակահատվածում Փաշինյանի ռեյտինգը կնվազի, որպեսզի նա կոմպենսացնի իր թուլությունը՝ ներսում կփորձի դիրքային առավելություն ստանալ ի հաշիվ Հայաստանի պետական շահերի, այսինքն՝ այն, ինչ անում էին Գորբաչովն ու Ելցինը։

 

ԳՆԱՑՔԸ ԳՆԱՑԵԼ Է, Ե՛Վ ՄԻՋՆՈՐԴՆԵՐՆ ԵՆ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՄՈՌԱՑԵԼ, Ե՛Վ ԱԴՐԲԵՋԱՆԸ

Արտգործնախարարների հանդիպումը տեղի ունեցավ սահմանային լարվածության պայմաններում, երբ հայկական կողմից եղան զոհեր, սակայն հայտարարության մեջ ոչ մի զսպող շեշտադրում չկար՝ ուղղված նախահարձակ կողմին, հերթական անհասցե հայտարարությունը դրվեց սեղանին։ Մյուս կողմից, ոչ մի խոսք չկար Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին։ Ի՞նչ կասեք այս առնչությամբ։

-Նախ կարծում եմ, որ միջնորդները որևէ կողմին՝ «դեմ» կամ «կողմ» լինել չեն կարող, նույնիսկ, եթե պարզվի, թե այս կամ այն հարցում ո՞վ է մեղավորը, իրենք չեն կարող դա անվանական, հասցեական արձանագրել։ Հակառակ դեպքում կդադարեն լինել միջնորդներ, որովհետև կկորցնեն հակառակ կողմի վստահությունը։

Ինչ վերաբերում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, կարծում եմ՝ այստեղ իր դերը խաղացին «վերելակային բանակցությունները», որն իրականացրեց Փաշինյանը։ Կարծում եմ, որ նա այդ կերպ ուզում էր հայ հանրությանը ցույց տալ, որ ինքը կարող է խնդիրը մեկ քայլով լուծել։ Ըստ էության, Փաշինյանը պայմանավորվեց Ադրբեջանի նախագահի հետ՝ օպերատիվ կապ հաստատելով՝ լիցքաթափել սահմանի լարվածությունը։

Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին կար հղում նաև վերջին հանդիպման ժամանակ, երբ կոչ էին անում շարունակել օպերատիվ կապի հաստատումը՝ Փաշինյանի ու Ալիևի միջև։ Այսինքն, «վերելակային բանակցությունները» եկել են փոխարինելու ժնևի, Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի պայմանավորվածություններին, ինչը հայկական կողմի համար դիվանագիտական մեծ կորուստ է։ Թեև, հայկական կողմը, երբ հայտնվում է բարդ վիճակում, միանգամից փորձում է հիշել այդ պայմանավորվածությունների մասին, սակայն գնացքը գնացել է և միջնորդներն այդ մասին մոռացել են, առավելևս մոռացել է Ադրբեջանը։

 

ԿԱՐԵԼԻ Է ԱՊՇԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄՈԼՈՐՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՎՐԱ

Փաշինյանը՝ գալով իշխանության, հայտարարում էր, որ ամեն ինչ անելու է, որպեսզի Արցախը որպես երրորդ կողմ մասնակցի բանակցություններին։ Սակայն դա հանդիպեց Ադրբեջանի «ոչ»-ին ու փաստորեն շրջանցվեց նաև այս բանակցություններում։

-Կարծում եմ, որ դա ի սկզբանե չհաշվարկված մոտեցում էր և տրամաբանական էր, որ մերժվելու էր։ 1994-94 թթ․ հետո Ադրբեջանն անընդհատ ասում էր, որ չի նստելու բանակցությունների մեծ սեղանի շուրջ ԼՂ հետ միասին։ Թեպետ կա բուդապեշտյան համաձայնագիրը, բայց մեծ հաշվով այդ գործընթացը չի եղել։ Պարզապես, հաշվի առնելով այն հանագամաքը, որ շատ կարևոր է բանակցությունների շարունակումը, միջնորդների հորդորով դրանք իրականացվել են Հայաստան-Ադրբեջան ձևաչափով։ Եվ սա թույլ տվեց, որպեսզի ավելի քան 20 տարի ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև պահպանվի խաղաղություն։

Հասկանալի է, որ միջնորդներն այս ձևաչափը չեն քանդի, նաև հասկանալի է, որ Ադրբեջանը դրան դեմ է լինելու, ուրեմն, թե ի՞նչ նպատակ էր հետապնդում Փաշինյանն իր այդ քայլով՝ դժվար է ասել։ Կարող եմ միայն ենթադրել, առաջին, որ Փաշինյանն այդ քայլով փորձեց պոպուլիստական ակցիա անել ու շահել հայ հասարակության վստահությունը։ Բայց լուրջ շրջանակները շատ լավ էին հասկանում, որ դրա տակ պոպուլիզմից բացի՝ այլ բան չկա։

Երկրորդ, գուցեև Փաշինյանը հավատում էր, որ այդ քայլով կարող էր ինչ-որ հրաշքով Լեռնային Ղարաբաղը ներառել բանակցային գործընթացի մեջ։ Դրանով նա կփորձեր խուսափել պատասխանատվությունից ու այն ամբողջությամբ դնել արցախյան կողմի վրա։ Ես իհարկե, այս մոտեցումը չեմ կիսում։ Տեսակետ կա, որ Փաշինյանը հայկական հեղափոխության բերնդն այնքան մեծ է համարում, որ մտածում է այն օգտագործելով՝ միջազգային հանրությանն իր կողմը քաշի։ Եթե Փաշինյանն իրոք այդպես է մտածում, ապա կարելի է ապշել նրա մոլորության աստիճանի վրա։

Արմինե Սիմոնյան