Կուզեմ, որ մեր երկրում մի մերան լինի, մեր կաթը դարձնի մածուն․ Ստեփան Շաքարյան (տեսանյութ)

Կյանքից հեռացել է Ստեփան Շաքարյանը

Կյանքի 84-րդ տարում մահացել է  կոմպոզիտոր, դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Ստեփան Շաքարյանը։

«Պինգվինաշեն», «Հայելի», «Անհաղթը», մուլտֆիլմերի երաժշտությունների հեղինակը Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ էր, սիմֆոնիկ գործերի ու հարյուրից ավելի ջազային երկերի հեղինակ, եղել է Արամ Խաչատրյանի միակ հայ ուսանողը։

Ստեփան Շաքարյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 23-ին Բաքվում: 1952 թվականին տեղափոխվել է Երևան: Ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, իսկ 1956 թվականին Արամ Խաչատրյանի  խորհրդով և հրավերով տեղափոխվել է Մոսկվայի Գնեսինների անվան ինստիտուտ, այնուհետև՝ Լենինգրադի կոնսերվատորիա: Չնայած ուսուցչի՝ Արամ Խաչատրյանի հորդորներին, ուսումն ավարտելով՝ վերադարձել է Երևան։ «Արտագաղթը նմանեցնում եմ ցեղասպանության հետ։ Նույն բանը չէ, բայց նույնքան տխուր է։ Իմ հայրենասիրությունն ամեն օր լացում է»,-ասել է սիրված կոմպոզիտորը։

Եղել է ՀՀ ռադիոպետկոմի մենակատարների ջազ-անսամբլի հիմնադիր-ղեկավարը։

Ստեփան Շաքարյանի «Լուսինը սարերի վրա» ձայնասկավառակը ներառվել է «Հայկական ջազ 70» ձայնասկավառակների հավաքածուում:

Շաքարյանն ստեղծել է ավելի քան 100 ջազային կոմպոզիցիաներ, որոնք ընդգրկված են հայկական տարբեր ջազային կոլեկտիվների նվագացանկերում։ Ստեփան Շաքարյանը մշակել է հայկական ժողովրդական երգերը՝ տալով նրանց ջազային շունչ։

Շաքարյանի հանրահայտ ստեղծագործություններն են`«Խորեոգրաֆիկ սիմֆոնիա», «Նախանձ», «Աղավնավանք» բալետները, Սյուիտ՝ կամերային նվագախմբի համար, «Կոմիտասի հիշատակին», «Հայաստան» սիմֆոնիկ պոեմները, Սիմֆոնիկ նախերգանքը:

Ակադեմիական ընտիր կրթություն ստացած կոմպոզիտորը համարում էր, որ ինքնակրթությունն իրեն ավելին է տվել․ «Իսկական կրթություն ստանալու համար դու պետք է մտնես դարերի ծալքերը,- մի առիթվ ասել է Շաքարյանը։ Պետք է քեզ գտնես այդտեղ»։ «Մոսկվայում Լենինի անվան գրադարան կար,- պատմում էր Շաքարյանը,- որը նախկինում եղել է կոմս Ռազումովսկու տունը։ Գրքեր կային, որոնք արգելված էին տրամադրել ընթերցողին։ բայց ես գրադարանի աշխատակիցներին շոկոլադե սալիկներ էի նվիրում, և ինձ թողնում էին առանձնանալ գրադարանում, ուսումնասիրել այդ արգելված գրքերը։

Ես չեմ ասում, թե այսօրվա երիտասարդությունը կիրթ չէ։ Բայց ժամանակները փոխվել են, և մենք 21-րդ դարում ապրում ենք 19-րդ դարի մոտեցումներով։ Այդպես լինել չի կարող»։

Շաքարյանը երազելով հայության համախմբվածության մասին, ասել է․«Ես հիանում եմ գյուղի կանանցով։ Կաթը եռացնում են, մերանը ավելացնում, դառնում է մածուն։ Սա փիլիսոփայություն է, գիտե՞ք։ Մերանը մտցնում ես կաթի մեջ, դարձնում է մածուն։ Սա համախմբվածության սիմվոլ է։ Կուզեմ, որ մեր երկրում մի մերան լինի, մեր կաթը դարձնի մածուն»։