Թբիլիսիում այսօր նախատեսված է երրորդ ակցիան․ պահանջը ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականն է
Վրաստանում անցած երկու օրերին անցկացվեցին բողոքի լայնամասշտաբ երկու ակցիաներ:
Առաջին հավաքից հետո, որի ժամանակ տուժեցին հարյուրավոր քաղաքացիներ, հեղվեց արյուն, խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հրաժարական ներկայացրեց:
Նախօրեին փողոց դուրս եկած քաղաքացիները պահանջեցին երկրի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը։ Երկրորդ ակցիան ավելի մարդաշատ էր, բայց, «Ալիք Մեդիայի» տեղեկացմամբ, անցել է առանց արյունի:
Եվ ահա այսօր ևս, նույն տեղում ու նույն ժամին նախատեսվում է երրորդ ակցիան, հիմնական պահանջը կրկին Գախարիայի հրաժարականն է լինելու:
ՌԴ-ի նախագահը հայտարարել է ռուսական ավիաընկերությունների՝ դեպի Վրաստան ուղևորափոխադրումների արգելքի մասին: Արգելքն ուժի մեջ կմտնի հուլիսի ութից: Ըստ մոտավոր հաշվարկների՝ Վրաստանում ներկայում հանգստանում են 5-7 հազար ռուսաստանցի զբոսաշրջիկներ: Խոսքը կազմակերպված տուրիստական խմբերի մասին է, որոնք մինչև հուլիսի ութը պետք է լքեն Վրաստանը:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ հանրային համաձայնության հասնելու համար պատրաստ է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք չունեն ապակայունացմանն ուղղված որևէ գաղափար կամ մարտահրավեր:
Վրաստանում ՀՀ դեսպանության տեղեկացմամբ, բախումներից հետո ձերբակալվածների թվում կա նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ 1995 թ. ծնված Մինաս Մինասյանը, ով սովորում է Թբիլիսիում։ Նախնական տեղեկատվությամբ Մինաս Մինասյանը ծնունդով ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից է։
Դատարանի որոշմամբ՝ Մինաս Մինասյանը 13 օր կմնա կալանքի տակ։