Այսօր Հայաստանի անմիջական հարևանությամբ կարող էր բռնկվել մի աղետալի պատերազմ, որն աշխարհը կխառներ իրար

Իրանի Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հակաօդային պաշտպանության ուժերի կողմից երեկ, ինչպես արդեն հայտնի է, խոցվել է ԱՄՆ-ի ռազմավարական նշանակության «RQ-4 Glibal Hawk» լրտեսական անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ)։ Ավելի քան 200 մլն դոլար արժողության, ավելի քան 13 մ երկարության և ավելի քան 25 000 կմ թռչելու ունակ «RQ-4 Global Hawk»-ն աշխարհի ամենաառաջնակարգ լրտեսական ԱԹՍ-ներից մեկն է: ԱՄՆ-ի կործանված լրտեսական ինքնաթիռի բեկորներն Իրանի համապատասխան ուժերն արդեն դուրս են բերել երկրի ջրերից:

Անօդաչու ինքնաթիռն Իրանի օդային տարածք է ներխուժել Հորմոզգան նահանգի ափամերձ գոտում: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ամերիկյան ԱԹՍ-ն թռիչքը սկսել է հինգշաբթի օրը 00:14 րոպեին, ԱՄԷ-ի տարածքից։

Իրանի Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսը հասարակայնության հետ կապերի բաժնի հայտարարության համաձայն, ամերիկյան ԱԹՍ-ն հունիսի 20-ին, ժամը 14: 00-ին Պարսից ծոցի հարավ-արևմուտքում գտնվող ամերիկյան ռազմաբազայից բարձրացել է երկինք, անտեսելով ավիացիոն օրենքները, անջատել իր մասին ծանուցող կապի բոլոր սարքավորումները և գաղտի շարունակել է թռիչքը Հորմոզի նեղուցից դեպի Իրանի հարավ-արևելք, Չաբարահարի ուղղությամբ: Վերադարձի ճանապարհին ամերիկյան ԱԹՍ-ն, ըստ նույն հայտարարության, Հորմուզի նեղուցի արևմուտքում ներխուժել է Իրանի օդային տարածք ու զբաղվել է լրտեսությամբ: Դրանից հետո է, որ ԻՀՊԿ-ի հակաօդային պաշտպանության ուժերը Իրանի ծովային սահմանների երկնքում խփել են ամերիկյան լրտեսական ինքնաթիռը:

«Իրանի օդային սահմանը կարմիր գիծ է, և նշանակություն չունի, թե որ երկրի ինքնաթիռն է անցնելու այս կարմիր գիծը,- ասել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին։- Ցանկացած երկրի ինքնաթիռ, անշուշտ, կբախվի վճռական պատասխանի»:

Վերջինս արդեն հայտնել էր Իրանի վճռականությունը՝ ամբողջ ուժով պաշտպանելու իր օդային ու ծովային սահմանները: Երեկ «Ռոսիա Ալյոմ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Ալի Շամխանին ասել է, որ «Իրանը որևէ երկրի վրա հարձակում չի իրականացնի, սակայն եթե որևէ մեկը հարձակվի Իրանի վրա, կափսոսա դրա համար»: Ըստ նրա, «Իրանն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին ու նրա հայտարարություններին լուրջ չի վերաբերվում»: Շամխանին անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հակաիրանական միակողմանի պատժամիջոցներին և ասել, որ «ԱՄՆ-ի կողմից վարվող տնտեսական պատերազմն արդյունք չի ունենա և կձախողվի»:

Դեպքից գրեթե անմիջապես հետո ԻՀՊԿ գլխավոր հրամանատար, գեներալ Հոսեյն Սալամին ասել է. «Իրանի սահմանային տարածքում ԱՄՆ-ի լրտեսական ինքնաթիռի ոչնչացումը պարզ ուղերձ է պարունակում, այն է՝ Իրանի սահմանները կարմիր գիծ են»:

Անդրադառնալով Իրանի օդային տարածքում ԱՄՆ-ի լրտեսական ԱԹՍ-ի ոչնչացմանը, գեներալն ընդգծել է՝ «Սա է Իրանի ժողովրդի գործեղանակը թշնամու նկատմամբ», այնուհետև հավելել․«Իրանը չի ցանկանում պատերազմել որևէ երկրի դեմ, բայց մշտապես պատրաստ վիճակում է, և Իսլամական Հանրապետությունը զգուշացում է թշնամիներին այդ կապակցությամբ»:

Ուշագրավ է, որ ավելի վաղ Մերձավոր Արևելք հակահրթիռային և հակաօդային պաշտպանության «Patriot» համակարգեր, ԱԹՍ-ներ և հետախույզ ինքնաթիռներ ուղարկելու մասին հայտարարած Պենտագոնը նույնպես նշել է, որ պատերազմ չի ուզում, սակայն հավելել, որ իր շահերը պաշտպանելու է Մերձավոր Արևելքում:

Իրանի՝ որևէ երկրի հետ պատերազմ չցանկանալու անկեղծությանը կարելի է հավատալ՝ ի տարբերություն ԱՄՆ-ի նույնաբնույթ հավաստման։ Իրանն այլ պետությունների տարածքներ գրավելու, բնական ռեսուրսներին տիրանալու կարիքը չունի, և բավականաչափ տարածք ունի, և նավթի գազի, այլ հանածոների հարուստ պաշարներ։ Բացի այդ, ի տարբերություն ԱՄՆ-ի, Իրանը չունի միաբևեռ աշխարհակարգ հաստատելու, այլ պետությունների իր կամակատարը դարձնելու, ապրելու իր կերպը նրանց թելադրելու, պարտադրելու նպատակ ու հավակնություններ։ Չունի նույնիսկ իր թշնամիներ, Իրանի ոչնչացումը կամ բռնազավթումը ցանկացող, առնվազն ներկայիս վարչակարգի տապալմանը ու խամաճիկ վարչակարգով Իրանի հպատակեցմանը ձգտող Իսրայելի և ԱՄՆ-ի հետ պատերազմելու ցանկություն, որովհետև ողջամտորեն գիտակցում է այդ պատերազմի առավել աղետալի հետևանքներն իր, քան թե Իսրայելի ու նրան ամբողջապես իր պաշտպանության տակ առած ԱՄՆ-ի համար։

Հիշեցնելով, որ Իրանը հաղթել է ամեն անգամ, երբ դիմադրել է, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարն ասել է նաև, որ «Թշնամին պետք է հարգի Իրանի ազգային շահերն ու տարածքային ամբողջականությունը»:

Իր հերթին, Իրանի տարածք ներխուժելու հետևանքների կապակցությամբ զգուշացմամբ է հանդես եկել նաև Իրանի արտգործնախարարությունը։

Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին երեկ խստորեն դատապարտելով ամերիկյան ԱԹՍ-ի ներխուժումն Իրանի տարածք, ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետության  տարածքի դեմ իրականացվող ցանկացած ագրեսիայի և նրա սահմանների խախտման բոլոր հետևանքների պատասխանատուն ագրեսորներն են»:

Չուշացավ նաև Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի արձագանքը։ Երեկ իր թվիթերյան էջում անդրադառնալով ամերիկյան ԱԹՍ-ի խոցմանը, նա գրել է՝ «ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ահաբեկչություն է իրականացնում, իսկ հիմա էլ խախտում է Իրանի օդային  սահմանները», ապա հավելել․ «Իրանն ԱՄՆ-ի վերջին ոտնձգության վերաբերյալ զեկուցել է ՄԱԿ-ին և կապացուցի, որ միջազգային ջրերում իր օդանավի թռիչքի վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունը սուտ է»:

ԻԻՀ արտգործնախարարը հավաստել է, որ ԻԻՀ-ն պաշտպանելու է իր օդային, ջրային և ցամաքային սահմանները:

Իրանը ՄԱԿ-ում իր մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթռավանչիի միջոցով միջազգային այդ կառույցին երեկ արդեն բողոք է ներկայացրել է ԱՄՆ-ի դեմ՝ իր օդային սահմանների դեմ ռազմական ոտնձգության առնչությամբ։

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթռավանչին, հինգշաբթի երեկոյան հայտարարել է, որ Թեհրանը բողոքում է ամերիկյան լրտեսական ինքնաթիռի կողմից ԻԻՀ օդային սահմանը խախտելու դեմ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշին հղված Թախթռավանչիի նամակում նշված է, որ ԱՄՆ-ի այս սադրիչ քայլը խախտել է միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրությունը։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն ընդգծել է՝ Իրանը պատերազմի չի ձգտում, բայց իր բացաձակ իրավունքն է համարում պատասխանել իր տարածքի դեմ ցանկացած տեսակի ոտնձգության, պաշտպանելու իր օդային, ջրային ու ցամաքային սահմանները:

Թեև ամերիկյան պաշտոնյաները հայտարարում են, որ ԱՄՆ-ի հետախույզ անօդաչուն Իրանի օդային տարածք մուտք չի գործել ու թռիչք է իրականացրել միջազգային ջրերի օդային տարածքում, սակայն Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը թվիթերյան իր գրառմանը զուգահեռ հրապարակել է «RQ-4 Global Hawk»-ի թռիչքի պատկերները, որոնք ցույց են տալիս, որ այն մուտք է գործել Իրանի օդային տարածք:

Ամերիկյան անօդաչուի կործանումից հետո Միացյալ Նահանգների նախագահը հավանություն է տվել Իրանի որոշակի թիրախներին (ՀՕՊ-ի հրթիռային մարտկոցներ, ռադիոտեղորոշիչ կայաններ) հարվածելուն, սակայն հետագայում փոխել է միտքը։ Այս մասին տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ամերիկյան «The New York Times» թերթին։

Ըստ թերթի աղբյուրների, երեկ ժամը 19.00-ին (Երևանի ժամանակով՝ այսօր 01։00-ին) Սպիտակ տանը նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականների, և Կոնգրեսի ղեկավարների միջև ակտիվ խորհրդակցություններից ու վեճերից հետո, զինվորականները և դիվանագետներն սպասում էին, որ հարվածներ կհասցվեն։

«The New York Times»-ի տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ը պետք է գրոհեր Իրանում ուրբաթ արշալույսից առաջ, սակայն շուտով ամերիկյան զինվորականները տեղեկացվել են, որ հարվածներ չեն հասցվելու գոնե ժամանակավորապես։

Դարձյալ ըստ հիշյալ թերթի տեղեկությունների, նշված ռազմական գործողության իրականացման օգտին ԱՄՆ-ի նախագահի շրջապատում հանդես են եկել ԿՀՎ տնօրեն Ջինա Հեսփելը, նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը, պետքարտուղար Մայք Պոմպեոն, «Սակայն Պենտագոնում առանցքային անձինք նախազգուշացրել են, որ այդ քայլերը կարող են հանգեցնել արագ թեժացման և սպառնալիքի տակ դնել ամերիկյան ուժերը տարածաշրջանում»։ Ի դեպ, ԱՄՆ-ի օրենսդիրներից դեմոկրատները հայտարարել են, որ Իրանի դեմ Միացյալ Նահանգների ցանկացած ռազմական գործողություն պահանջում է ամերիկյան օրենսդիրների հավանությունը։

ԱՄՆ-ի նախագահն թվիթերյան իր էջում գրել է՝ Իրանը մեծ սխալ է գործել։ Ավելի ուշ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդի հետ համատեղ մամուլի ասուլիսում Թրամփն ասել է․ «Ես կարծում եմ, որ, հավանաբար, Իրանը սխալ է գործել, ես կենթադրեի, որ դա գեներալ կամ ինչ-որ մեկն է եղել, որը սխալ է թույլ տվել՝ խփելով այդ անօդաչուն»։

Պենտագոնի ղեկավարությունը, բարձր հրամկազմը, կարծում ենք, շատ ճիշտ են հաշվի առել նման հարձակման դեպքում տարածաշրջանում ամերիկյան ուժերի լուրջ կորուստները, քանի որ Իրանն այն պետությունն է, որ անհետևանք չի թողնի իր նկատմամբ ցանկացած ռազմական ոտնձգություն՝ նույնիսկ եթե այն կատարվի գերտերություն ԱՄՆ-ի կողմից։ Վերջին տարիներին Իրանը ռազմատեխնիկական ոլորտում լուրջ հաջողությունների է հասել, իր բանակը զինել նաև ռուսական С- 300 ՀՕՊ համալիրներով։ Ավելին․ միանգամայն սպասելի է, որ ԱՄՆ-ի, ապա Իրանի պատասխան հարվածներից հետո պատերազմի ջինը շշից բաց կթողնվի, ինչը եթե ոչ կործանարար, ապա շա՜տ աղետալի կլինի նաև ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակից Իսրայելի համար։

Ավելի ուշ «Reuters»-ը՝ հղում կատարելով Իրանի պաշտոնատար անձանց վրա, տեղեկացրեց, թե Դոնալդ Թրամփն Օմանի միջոցով նախազգուշացրել է պաշտոնական Թեհրանին, որ Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումն անխուսափելի է։  Նշենք նաև, որ ըստ իրանական «Fars» լրատվական գործակալության, որը հղում է կատարել Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին մոտ կանգնածի վեբ-կայքին, Թեհրանն արդեն հերքել է այն տեղեկատվությունը, թե Օմանի միջոցով ուղերձ է ստացել ԱՄՆ-ի նախագահից։ Ըստ հրապարակման, Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հերքել է «Reuters»-ի տեղեկատվությունը՝ այն անվանելով հերյուրանք։

Թե ինչպես կզարգանան հետագա իրադարձությունները, դժվար է միանշանակ ասել։ Հաշվի առնելով ԱՄՆ-ի նախագահի անձը, բնավորությունը, անհավասարակշիռ լինելը, խելքովի փոխարեն, «դուխով» լինելը, բացառված չէ Միացյալ Նահանգների ռազմական արկածախնդրությունը, որն, անշուշտ, թանկ կնստի նաև ԱՄՆ-ի ու նրա դաշնակից Իսրայելի վրա (Իրանը, ի տարբերություն Հյուսիսային Կորեայի, ցավոք, չունի միջուկային մարտագլխիկով բալիստիկ հրթիռներ)։ Իրանի և ԱՄՆ-ի միջև պատերազմի բռնկման դեպքում մի շարք առումներով մեծապես տուժելու են նաև Հայաստանն ու Արցախը, այդ թվում նաև՝ էկոլոգիական։ Շատ կարևոր է, թե Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների ագրեսիան զսպելու համար ինչ քայլեր կկատարեն աշխարհի մյուս հզորները՝ Ռուսաստանը և Չինաստանը։ Սրանից բացի, մնում է հույսը դնել միայն ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ղեկավարության շրջանում ողջախոհության հաղթանակի և, իհարկե, առաջին հերթին, Աստծո վրա։

Արթուր Հովհաննիսյան