Քննարկվել են պետական կենսաթոշակներին և նպաստներին առնչվող նախագծեր

ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ հունիսի 21-ին հրավիրած նիստում քննության է առել կենսաթոշակների և նպաստների նշանակմանն առնչվող օրենսդրական նախաձեռնություններ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը։

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով վերաշարադրվում են գործող օրենքի մի շարք դրույթներ: Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանի՝ նպատակն իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծումն է: Փոխնախարարը տեղեկացրել է, որ նախագիծը մշակվել է քաղաքացիների բողոքների և առաջարկությունների հիման վրա:

Դրույթներից մեկով սահմանվում է, որ 2016 թվականի հունվարի 1-ից ՀՀ զինված ուժերի զինծառայողների՝ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության ժամանակահատվածը զինվորական ծառայության ստաժում հաշվարկվում է կրկնակի չափով:

Պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը նշելով, որ օրինագիծը մարդակենտրոն և քաղաքացիների շահերին է միտված՝ գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել:

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով փորձ է արվում լուծել ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման և ժամկետներին առնչվող խնդիրներ:

Սմբատ Սաիյանի հավաստմամբ՝ ծերության նպաստը նշանակվում է դրա իրավունք տվող տարիքը (65 տարեկանը) լրանալու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո`երեք ամսվա ընթացքում:

Հաշմանդամության նպաստը նշանակվում է հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո`երեք ամսվա ընթացքում:

Կերակրողին կորցնելու դեպքում նպաստը նշանակվում է կերակրողի մահվան օրվանից, եթե դիմումը ներկայացվել է կերակրողի մահվան օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում:

Նշված ժամկետներից հետո դիմելու դեպքում նպաստը նշանակվում է դիմելու օրվանից:

Պատգամավոր Կարինե Պողոսյանը նշել է, որ օրենսդրական նախաձեռնությունը բխում է քաղաքացիների շահերից:

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ, որով գործող օրենքը ճանաչվել էր հակասահմանադրական:

Ըստ Սմբատ Սաիյանի՝ առաջարկվում է մաքսային և հարկային ծառայությունների քննիչների կենսաթոշակ ստանալու իրավունքը նույնականացնել հատուկ քննչական ծառայության քննիչների կենսաթոշակ ստանալու իրավական կարգավորումների հետ:

Պատգամավոր Արման Բոշյանը, կարևորելով օրենքի նախագծի ընդունումը, առաջարկել է կողմ քվեարկել:

Քննարկված երեք նախագծերը դրական եզրակացությամբ կընդգրկվեն առաջիկա արտահերթ նստաշրջանի օրակարգում: