Վրաստանում տեղի ունեցածը հեղափոխության փորձ էր, ռուս-վրացական հարաբերություններն ընդամենը առիթ էին․ փորձագետ

Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն այսօր կոչ է արել իր աջակիցներին՝ երեկոյան ժամը 19:00-ին Թբիլիսիի կենտրոնում վերսկսել նախօրեին մեկնարկած բողոքի ցույցը և Վրաստանի կառավարությունից պահանջել ադեկվատ գործողություններ ձեռնարկել։ Այս մասին տեղեկացրել է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական կայքը։
Նա նշել է, որ ցուցարարները չէին գրոհի խորհրդարանի շենքը, եթե խորհրդարանի խոսնակի և ներքին գործերի նախարարի հրաժարականի մասին ընդդիմության պահանջը հաշվի առնվեր:

Վրացական լրատվամիջոցների տեղեկացմամբ, ներկա պահին խորհրդարանի շենքին հարող տարածքն ու Ռուսթավելի պողոտան հսկվում են իրավապահ մարմինների կողմից, և իրավիճակը համեմատաբար խաղաղ է:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին, երբ Թբիլիսիում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին ՌԴ պետդումայի պատգամավոր, վեհաժողովի նախագահ Սերգեյ Գավրիլովն իր ելույթը սկսել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին նստած և ռուսերենով, ընդդիմությունն ու նրան սատարողները բողոքի զանգվածային ակցիա էին սկսել՝ ցուցապաստառներով և բղավոցներով պահանջելով  կառավարության անդամների հրաժարականը։ Ցուցարարները պահանջել էին նաև պատասխանատվության ենթարկել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեին և ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային, քանի որ նրանք թույլ են տվել «օկուպանտ երկրի ներկայացուցչին» նստել Վրաստանի խորհրդարանի խոսնակի տեղը։ Բողոքի ակցիայի մասնակիցները գրոհել են խորհրդարանի շենքը, փորձել են ներս մտնել, սակայն նրանց փորձերը կանխվել են: Գիշերը բախում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։ Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ է կիրառել:

Արտակարգ իրավիճակների կառավարման և անհետաձգելի բուժօգնության կենտրոնի տնօրեն Ավթանդիլ Թալակվաձեի տեղեկացմամբ՝ երեկ Թբիլիսիում տեղի ունեցած դեպքերի հետևանքով ընդհանուր առմամբ 240 վիրավոր է տեղափոխվել հիվանդանոցներ, նրանցից 80-ը ոստիկաններ են:

Թալակվաձեի խոսքով՝ նրանց մեծ մասն արդեն դուրս է գրվել: Այս պահի դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 102 վիրավոր, նրանցից 18-ը գտնվում են «Նյու հոսպիտալում» որոնցից երկուսի աչքերը վիրահատվել են։  Մեկի վիճակը ծանր է: Վիրավորների մեջ կան նաև լրագրողներ։

Վրաստանի արտգործնախարարությունը Թբիլիսիում երեկվա ցույցերը պետական հեղաշրջման փորձ է անվանել:

Ինչպես հայտնել է «Ալիք մեդիա» լրատվականը, խորհրդարանի փոխխոսնակ, հայ-վրացական բարեկամական խմբի համանախագահ Գիա Վոլսկին լրագրողների հարցին, թե ով է կրելու հունիսի լույս 21-ի գիշերը խորհրդարանի մոտ տեղի ունեցած դեպքերի պատասխանատվությունը, պատասխանել է, որ ամբողջ պատասխանատվությունը սադրիչների ուսերին է՝ չմանրամասներով, թե ում նկատի ունի սադրիչներ ասելով։

Գիա Վոլսիկն հավելել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակում իշխանության ներկայացուցիչները հավաքվել են քննարկելու խորհրդարանի դիմաց տեղի ունեցած իրադարձությունները և որոշելու իրենց հետագա անելիքները:

Նշենք, որ Վրաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին անդրադարձել է նաև Վաշինգտոնը։ «Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում ԱՄՆ-ի կառավարության նախկին անդամ Դևիդ Կրեմերը անհեթեթություն է որակել Վրաստանի իշխանությունների կողմից Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստը Վրաստանում անցկացնելու քայլը։

«Ելնելով այն բանից, որ Վրաստանի 20 տոկոսը օկուպացված է Պուտինի ուժերի կողմից, նմանատիպ հանդիպում անցկացնել, որը այս իրավիճակին հասցրեց, շատ հիմար քայլ էր»,- նշել է նա։

Կատարվածի մասին Վաշինգտոնից խոսել է նաև Քարնեգի հիմնադրամի ավագ վերլուծաբան Պոլ Ստրոնսկին: «Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում նա հայտարարել է, որ հասկանում է ցուցարարները զայրույթը:

«Ուղղափառ թեմը Ռուսաստանը հաճախ է կիրառում որպես քաղաքական զենք, այդ թվում բալկանյան երկրներում, Հունաստանում և այլ երկրներում: Ես հասկանում եմ զայրույթի պատճառը, սակայն լավ տեսարան չէր: Ինձ վախեցնում է այն փաստը, որ տեղի ունեցածը ռուսական քարոզչությունը կարող է օգտագործել իր օգտին»,- հայտարարել է Ստրոնսկին:

Այսպիսով, ինչպես երևում է, Վաշինգտոնը, թիրախավորելով Ռուսաստանին, փորձում է Վրաստանում տեղի ունեցածի պատասխանատվությունը այդ պետության վրա դնել։

Մինչդեռ Վրաստանի կառավարությունը հունիսի 20-ի բողոքի ակցիան որակել է որպես «անպատասխանատու ուժերի կողմից սադրանքի փորձ»՝ հավանաբար նկատի ունենալով երկրի ընդդիմությանը և Սահակաշվիլու ռուսատյաց կողմնակիցներին, որոնք երկրում հեղաշրջում իրականացնելու հերթական փորձն արեցին:

Վրացի հրապարակախոս և քաղաքագետ, «Գրուզինֆորմ»-ի  գլխավոր խմբագիր Առնո Խիդիրբեգաշվիլին «Սպուտնիկ Գրուզիային» տված հարցազրույցում մեկնաբանելով բողոքի ակցիաները, հակապետական հայտարարություններն ու անկարգութունները՝ նույնպես նշել է, որ այդ ամենը Վրաստանում ռուսատյացների նախաձեռնությունն էր։ Քաղաքագետի կարծիքով, բողոքի ակցիան հրահրեցին սադրիչները, Սահակաշվիլու կողմնակիցները՝ խորհրդարանում նրա  կուսակցության ներկայացուցիչները։

Նրա կարծիքով խորհրդարանի շենքում անցկացվող վեհաժողովը քաղաքական բովանդակություն չի ունեցել և միտված էր երկու պետությունների հարաբերությունների բարելավմանը և վերքերի ապաքինմանը։  Ըստ նրա՝ Վրաստանում նորաձև է ամեն ինչ Ռուսաստանի վրա բարդել․ «Լավ է, որ կա Ռուսաստանը, այլապես ո՞ւմ վրա էին բարդելու։ Դա ծիծաղելի է»,- ասել է Խիդիրբեգաշվիլին։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, արձագանքելով երկրում կատարվող իրադարձություններին, ըստ «Ալիք Մեդիայի»,  նույնպես Ռուսաստանին է մեղադրել՝ ասելով, թե Ռուսաստանը Վրաստանի և վրացիների  թշնամին է։

«Ռուսաստանի կողմից ղեկավարվող հինգերորդ շարասյունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան բացահայտ ագրեսիան»,- ասել է նա:- Ես կցանկանայի մեկ անգամ ևս նշել, որ երկրի և հասարակության պառակտումը բացի Ռուսաստանից՝ որևէ մեկին պետք չէ: Ռուսաստանն այսօր կիրառեց իր ամենափորձված զենքերից մեկը»:

Ինչպես տեսնում եք, վրացական կողմի արձագանքները տարբեր են, այնինչ ռուսաստանյան կողմը միանշանակ պնդում է, որ Վրաստանում փորձ արվեց սադրելու և հերթական անգամ Ռուսաստանի հետ հարաբերություններում սեպ խրելու համար։

Միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ, ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը «Կոմերսանտին» տված հարցազրույցում ասել է, որ Վրաստանի խորհրդարանը երկու տարի շարունակ իրենց առաջարկում և խնդրում էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը Վրաստանում անցկացնել, և իրենք վերջապես համաձայնել են։ Նրա խոսքով, վրացական կողմից նրանք անգամ գրավոր երաշխիք են ստացել ասամբլեայի բոլոր անդամների անվտանգության, մասնակիցների նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու համար:

«Մեր նպատակը ազնիվ էր և բաց՝ մեր բոլոր երկրների միջև հարաբերությունների ամրապնդում մարդասիրական, կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտներում, ուղղափառության և մեր ավանդական արժեքների հիման վրա․․․

Ես նստել եմ այնտեղ, որտեղ ինձ հրավիրել է հյուրընկալող կողմը։ Արարողակարգի համաձայն՝ այդ պատվավոր տեղը հատկացվում է վեհաժողովի նախագահին։ Նույն պատվավոր տեղն ինձ հատկացվել է նաև Հունաստանի և այլ երկրների Ազգային ժողովում, և որևէ խնդիր չի եղել։ Թեև ես պատրաստ եմ նստել սովորական աթոռին, անկեղծ, ես համեստ մարդ եմ և փառքի հետևից չեմ վազում»,- ասել է պատգամավորը։

Գավրիլովը նաև կարծիք է հայտնել, որ Թբիլիսիում միջազգային վեհաժողովի խափանումը նախապես մտածված էր՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները բարդացնելու, այդ հարաբերություններն ավելի բարիդրացիական դարձնելու համար խոչընդոտներ ստեղծելու միտումով։ Նրա հավաստմամբ՝ Ռուսաստանը հետաքրքրված է Վրաստանի հետ տնտեսական, մշակութային, զբոսաշրջային հարաբերություններ զարգացնել, և դրան պետք է նպաստեր պատգամավորների այցը Վրաստան։

«Մենք գիտենք, որ Վրաստանում եկեղեցին մեծ ճնշման և հարձակումների է ենթարկվում ծայրահեղականների կողմից, և մենք ցանկանում ենք վրացական ուղղափառ եկեղեցու և վրացական հասարակության հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել և աջակցել նրանց»,- հավելել է Գավրիլովը։

Վրացական հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը LIVEnews.am-ի հետ զրույցում ասաց, որ Վրաստանում երեկ տեղի ունեցածը ներքաղաքական զարգացումների հետևանք էր․ բողոքի ակցիայի և անկարգությունների կազմակերպիչները, որոնք ըստ փորձագետի՝ Վրաստանի ընդդիմութան ներկայացուցիչներն էին, ի սկզբանե գիտեին, թե ինչ աղմուկ կարող են  բարձրացնել Ռուսաստանի պատգամավորի այցի միջոցով և այդ աղմուկն ինչ արդյունք կարող է տալ։ Այնպես որ, ընդդիմությունը կարողացավ շատ ճիշտ օգտվել այդ առիթից՝ օգտագործելով վրաց հասարակության մեջ հակառուսական տրամադրությունները, դժգոհությունն իշխող կուսակցությունից և այդ ամենն օգտագործել սեփական շահերի համար։

«Ընդդիմությունը մարդկանց փողոց հանեց և փորձեց խորհրդարանը գրավելու միջոցով իշխանության գալ, բայց նրա փորձը չստացվեց։ Երեկվա կատարվածը վերջին երկու տարվա քաղաքական ակտիվ գործընթացների շարունակությունը կարելի է համարել։ Ի վերջո պարբերաբար իշխանությունը սեփական ձեռքը վերցնելու փորձեր են արվում Վրաստանում և դեռևս ամեն անգամ այդ փորձերը ձախողվել են։ Կարծում եմ, որ երեկվա բողոքի ակցիան ամենևին ուղղված չէր Ռուսաստանի դեմ, վրաց ժողովրդին ռուսների դեմ լարելու նպատակ չուներ, նպատակն ավելի շուտ հեղափոխությունն էր։

Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունների այն ձևաչափը, որ այսօր կա, չէի ասի, թե դրական է, չկան դիվանագիտական հարաբերություններ, կա միայն առևտուր, որը վրացական կողմին ձեռնտու է։ Անգամ եթե այսօրվա ընդդիմությունը գա իշխանության, նրանք ևս դեմ չեն լինի, որ այդ առևտրային հարաբերությունները պահպանվեն Ռուսաստանի հետ, այնպես որ, չէի ասի, որ այս ամենի նպատակը վրաց-ռուսական հարաբերությունների դեմ էր»,- ասաց Ջոնի Մելիքյանը։

Անդրադառնալով Վրաստանի նախագահի քննադատությանը՝ հասցեագրված Ռուսաստանին և երեկվա իրադարձություններում Ռուսաստանի հետքը գտնելու փորձերին, նա ասաց, որ դեռևս նախագահական ընտրություններից առաջ նախագահի թեկնածուները՝ Գրիգոլ Վաշաձեն և Սալոմե Զուրաբիշվիլին, միմյանց մեղադրում էին Ռուսաստանի գործակալ լինելու և Ռուսաստանի շահերը պաշտպանելու մեջ, և երեկվա դեպքերը նրանց համար ևս մեկ հարմար առիթ էին միմյանց Ռուսաստանի հետ կապելու և այդկերպ հեղինակազրկելու համար։ Այս դեպքում Վրաստանի նախագահը Ռուսաստանին թիրախավորելով՝ ցանկանում է նշել, որ ընդդիմադիրներն առաջնորդվել են այդ երկրի թելադրանքով՝ փորձելով հեղինակազրկել ընդդիմությանը։ Ըստ փորձագետի՝ այս իրավիճակից այժմ թե ընդդիմությունը, և թե իշխող կուսակցությունը փորձելու են օգտվել և մեկը մյուսին անվանարկելով՝ սեփական հեղինակությունը փրկել։

«Իշխանությունները պետք  է վերլուծեն իրենց քայլերը և բացթողումները հասկանալով՝ միջոցներ ձեռնարկեն, անգամ կադրային փոփոխություններով՝ ստեղծված իրավիճակը մեղմելու համար»,- հավելեց մեր զրուցակիցը։

Թագուհի Ասլանյան