ԱՄՆ-ը հազարավոր զինվորներ է ուղարկում, որ Իրանը «վախենա՞»

Ճապոնական և Պարսից ծոցի մոտակայքում Պանամայի դրոշի ներքո լցանավերի դեմ սադրանքների բացահայտ ձախողումից հետո ԱՄՆ-ը ևս մեկ քայլ ձեռնարկեց Մերձավոր Արևելքում իրավիճակը սրելու համար: Ընդ որում այս անգամ Վաշինգտոնն ակնհայտորեն լկտիաբար խոստովանեց, որ ամեն ինչ արվում է՝  Իրանին վախեցնելու համար: Համաշխարհային պատմությունը, թերևս, կարող է հիշել միայն մեկ նման դեպք, երբ մեկ երկիր «նշանառության տակ էր վերցնում մեկ այլ երկրի» և առաջ էր բերում ապագա զոհի համար բացարձակ անընդունելի պահանջներ, հստակորեն փորձելով պատերազմ հրահրել։ Սա այն ժամանակ էր, երբ 1914 թ. հունիսի 28-ին Սարաևոյում սպանվեց Ավստրո-Հունգարիայի էրցհերցոգ, Հաբսբուրգի թագաժառանգ Ֆրանց-Ֆերդինանդը և նրա կինը, իսկ Ավստրո-Հունգարիան սպանության մեջ մեղադրեց Սերբիայի Թագավորությանը: «Ավստրիայի կառավարության մասնակցությամբ Սարաևոյի սպանության յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ հետաքննություն անցկացնելու» վերջնագրից Սերբիայի հրաժարվելուց ուղիղ մեկ ամիս անց Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային: Այդպես սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը …

Այն, ինչ այժմ ԱՄՆ-ը ձեռնարկում է Իրանի հանդեպ, թեև ոչ հարյուր տոկոսով, բայց շատ առումներով նման է 1914 թվականի ամռանը Սերբիայի հանդեպ Ավստրո-Հունգարիայի վարքագծին: Կարծում եմ, որ դա պատահական չէ․ բոլոր ագրեսորները, ազգային ազատագրական շարժումների բոլոր դահիճները փորձում են հենց սկզբից ոչնչացնել այն երկիրը, որից ինչ-ինչ պատճառներով ամենից շատ են վախենում: 1914 թ.-ին Ավստրո-Հունգարիան վախենում էր Սերբիայից և սերբերից ավելի, քան Ռուսաստանից կամ Ֆրանսիայից, քանի որ սերբական հողերի ազատագրման վերաբերյալ սերբերի պահանջները ոչ միայն զրկելու էին Ավստրո-Հունգարիային Բալկաններում իրենց ունեցվածքից, այլև պայթյունավտանգ իրավիճակ էին ստեղծելու Հաբսբուրգյան կայսրության մյուս սլավոնական մարզերում`Չեխիայում, Լեհաստանում, Սլովակիայում: ԱՄՆ-ը Իրանից զգուշանում է ավելի, քան Չինաստանից և Ռուսաստանից, քանի որ Իրանը ցայտուն օրինակ է, թե ինչպես կարելի է «ԱՄՆ պատժամիջոցների» պայմաններում, այնուամենայնիվ, զարգանալ և դառնալ աշխարհաքաղաքական բևեռ:

Անդրադառնանք մեկ այլ թեմայի․ հունիսի 18-ին լուրեր տարածվեցին, թե ԱՄՆ Պենտագոնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիկ Շենահանը հաստատել է «Մերձավոր Արևելք հավելյալ 1000 ամերիկյան զինծառայող ուղարկելու մասին տեղեկությունները»: Պատրիկ Շենահանի հայտարարությունը հաջորդեց ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի արած հայտարարությանն այն մասին, որ Վաշինգտոնը քննարկում է Իրանի դեմ հակաազդեցության բոլոր հնարավոր տարբերակները, այդ թվում՝ ռազմական: Միևնույն ժամանակ Պոմպեոն ակնհայտորեն ակնարկեց, որ ԱՄՆ վարչակազմը չի դիմի օրենսդիրներին Թեհրանի դեմ հնարավոր ռազմական գործողություններ իրականացնելու թույլտվության համար` իր այդ քայլը հիմնավորելով ամերիկյան շահերի պաշտպանությամբ: Բանն այն է, որ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներն էլ կտրականապես դեմ են, որ ԱՄՆ առանց ամերիկյան խորհրդարանի հաստատման՝ պատերազմ հրահրի, մասնավորապես` Իրանի դեմ:

Եվ դատելով ԶԼՄ-ների հաղորդումներից՝ Պենտագոնի ղեկավարի պարտականությունները կատարող Շենահենը հստակորեն չգիտի, թե ինչու է այդ զինվորներին և սպաներին ուղարկում ԱՄՆ-ից հազարավոր կիլոմետրեր հեռու։ Ինչպես հաղորդում էր ՏԱՍՍ գործակալությունը, Շենահանը մի կողմից հավաստիացրել է, թե «ԱՄՆ-ը Իրանի հետ կոնֆլիկտ չի փնտրում», և նրա կողմից ձեռնարկված միջոցները նպատակ ունեն ապահովելու Մերձավոր Արևելքում զինվորական ծառայություն իրականացնող ամերիկյան զինվորականների անվտանգությունն ու բարեկեցությունը և պաշտպանելու ԱՄՆ ազգային շահերը», բայց մյուս կողմից հայտնել է, թե «Իրանի վերջին հարձակումները հաստատում են Միացյալ Նահանգների ունեցած հուսալի և ճշգրիտ հետախուզական տեղեկությունները իրանական ուժերի թշնամական վերաբերմունքի ու տրամադրվածության և նրանց կողմից վերահսկվող՝ ամերիկյան զինծառայողներին և տարածաշրջանում ԱՄՆ շահերին սպառնացող խմբերի առկայության մասին»: Հիշեցնեմ, որ Ճապոնիան ԱՄՆ-ից խստորեն պահանջել է լցանավերի պայթյուններին Իրանի մասնակցության մասին «ավելի խոսուն ապացույցներ» ներկայացնել, ընդ որում, Տոկիոն Վաշինգտոնից դա պահանջում է վերջնագրի տեսքով: Գուցե Մերձավոր Արևելք լրացուցիչ զորք ուղարկելու փոխարեն, Շենահանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և պետքարտուղար Պոմպեոյի փոխարեն փորձի պատասխանել Ճապոնիայի կառավարությանը:

Նշենք նաև, որ դժվար թե անգամ 10 և 100 հազար ամերիկյան զինվորականները կարողանան վախեցնել Իրանին: Իրանի մոբիլիզացիոն ռեսուրսը, ի տարբերություն ԱՄՆ-ի, գրեթե անսահմանափակ է, որքան էլ տեղեկատուները ներկայացնելով ԻԻՀ մոբիլիզացման ռեսուրսի սահմանները՝ նշում են 10 միլիոն թիվը։ Իրանի զինված ուժերում գրեթե 600 հազար մարդ կա, որոնցից մոտ 300 հազարը ժամկետային զինծառայողներ են, 350 հազարը պահեստազորն է, որը մշտապես գտնվում է պատրաստականության մեջ: 1988թ. ռուս հեղինակներ Պրիոտրովսկին և Պրոզորովը «Իսլամ. Աթեիստի ​​բառարան» հրապարակության մեջ պնդում էին, որ ԻՀՊԿ-ում ծառայում է ավելի քան 350 հազար մարդ: Ոչ պաշտոնական տվյալներով՝ ԻՀՊԿ-ում գրեթե 600 հազար մարդ կա: Չմոռանանք «Բասիջ» ժողովրդական աշխարհազորի մասին։ 14 տարի առաջ «Iran: Paramilitary Force Prepares For Urban Unrest, September 2005 GlobalSecurity.org» աղբյուրը նշում էր, որ «Բասիջ» աշխարհազորայինների կազմում ընդգրկված են 10 միլիոն լավ պատրաստված ռազմիկներ: Բայց «Բասիջ» աշխարհազորի պաշտոնական կարգախոսն է «20 միլիոնանոց բանակ»: 1988 և 2005 թվականներին Իրանը շատ ավելի փոքրաթիվ բնակչություն ուներ, քան հիմա: Այսպիսով, մենք իրավունք ունենք ենթադրելու, որ Իրանում առաջին իսկ կոչով կամ հրամանով առնվազն 25-30 միլիոն մարդ պատրաստ է զենք վերցնելու: Ուրեմն Իրանը ինչո՞ւ պետք է վախենա Շենահանի ուղարկած հազար ամերիկացիներից:

Հունիսի 18-ին ՌԴ Պետդումայի Պաշտպանության կոմիտեի նախագահ, Ռուսաստանի ռազմաօդային դեսանտային ուժերի նախկին գլխավոր հրամանատար, գեներալ Վլադիմիր Շամանովը, անդրադառնալով հազար ամերիկացիներին Մերձավոր Արևելք ուղարկելու փաստին, նշել է, որ «այդ զինվորները չեն կարող խուճապ առաջացնել Իրանի ղեկավարության շրջանում։ Հազար մարդը զինծառայողների այն քանակը չէ, որը կտրուկ կփոխեր իրավիճակը այս տարածաշրջանում»։ Այս օրերին այցով Ռուսաստանում է գտնվում նաև Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի (ԱԱԳԽ) քարտուղար, ծովակալ Ալի Շամխանը: Համոզված եմ, որ ռուսական և իրանական կողմերի գնահատականները դեռ կլինեն, և մենք կվերադառնանք իրանա-ամերիկյան հակամարտության թեմային:

Սերգեյ Շաքարյանց