Կառավարությունում գլխավոր դատախազի ելույթը սխալ տպավորություն է առաջացնում (տեսանյութ)

Շուրջ մեկ տարվա դիտարկումներից հետո կարող ենք ասել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, այլ ոլորտներից բացի, նաև իրավունքից, իրավաբանությունից նույնիսկ բավարար չափով գլուխ չի հանում, թեև նրա հակասահմանադրական քայլերը, հակաօրինական ցուցումները, կարծում ենք, դրանով չեն պայմանավորված, քանի որ որքան էլ անտեղյակ լիներ իրավունքի ոլորտին, չէր կարող այդքան անտեղյակ լինել։ Բայց մի՞ թե քրեական իրավունքին և ՀՀ քրեական օրենսգրքին անտեղյակ է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Ս․ թ․ հունիսի 6-ին ՀՀ կառավարության նիստում բռնության կոչերը քրեականացնելու վերաբերյալ քննարկման շրջանակում ՀՀ գլխավոր դատախազը վարչապետին և ներկաներին ասաց մասնավորապես հետևյալը․

«Ինչ վերաբերում է բռնության կոչերին, մենք մեր ուսումնասիրություններով դեռևս երկու տարի առաջ նախաձեռնեցինք այս ուղղությամբ փոփոխություններ։ Հենց դատախազությունն էր ներկայացրել նախագիծ, որ քրեականացվի մեր երկրում հանցագործություն կատարելու կոչերը։ Երկարատև քննարկումներից հետո, ի վերջո, կառավարությունից Ազգային ժողով գնաց միայն ահաբեկչության կատարման կոչերը։ Այսինքն՝ տարբեր ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքում դիտարկվեց, որ, ընդհանրապես, հանցագործության կամ գոնե ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու կոչերը չքրեականացվի։ Անկեղծ ասած, ես շարունակում եմ մնալ իմ հին կարծիքին, և կարծում եմ, որ քանի դեռ օրենքը չի ընդունվել նաև Ազգային ժողովում, կարելի է այս ուղղությամբ շարունակել քննարկումները»։

Կարծում ենք, յուրաքանչյուր իրավաբանի հայտնի է, որ հանցագործության կատարման ընդհանուր կոչն ինքնին չի կարող համարվել քրեական հանցագործություն, եթե չի բովանդակում տվյալ հանցագործության հանցակազմի միաժամանակ բոլոր չորս տարրերը։ ՀՀ քրեական օրենսգրքով պատիժ է նախատեսված մի շարք այլ հանցագործությունների՝ որևէ կերպ իրականացվող կոչի (ոչ թե՝ քարոզի) համար, որպես ինքնուրույն հանցագործության, ինչպես նաև այնպիսի կոչի, քարոզի, համոզման և այլ եղանակով ազդման համար, որը հանգեցրել է մեկ ուրիշին որևէ հանցագործության կատարմանը դրդելուն:

Այն, որ իբր միայն ահաբեկչության կոչի համար է նախատեսված քրեական պատասխանատվություն, իրականության հետ անգամ մոտավոր աղերս չունի։ ՀՀ քրեական օրենսգրքի 217-րդ հոդվածը («Ահաբեկչություն») սահմանում է, թե ինչ բան է ահաբեկչությունը և ամրագրում դրա համար նախատեսված պատիժը․ «Ահաբեկչությունը` այնպիսի գործողությունը, որն ուղղված է քաղաքացիական անձի կամ զինված ընդհարման ժամանակ ռազմական գործողություններին ակտիվորեն չմասնակցող անձի մահվանը կամ ծանր մարմնական վնասվածք պատճառելուն կամ դրանց սպառնալիքին այն դեպքում, երբ այդպիսի գործողության նպատակն իր բնույթով կամ էությամբ բնակչությանն ահաբեկելը կամ պետական մարմնի կամ միջազգային կազմակերպության կամ պաշտոնատար անձի որոշման ընդունման կամ գործողության կատարման կամ դրանցից ձեռնպահ մնալու վրա ներգործելն է, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված ահաբեկչություն համարվող ցանկացած այլ գործողությունը, բացառությամբ սույն օրենսգրքի 218-րդ հոդվածով նախատեսված արարքների»։

Այսինքն՝ ահաբեկչության ընդհանուր կոչը, ի տարբերություն այլ հանցագործությունների կատարման կոչերի (օրինակ՝ 225-րդ հոդվածի 4-րդ մաս, 225.1-րդ հոդվածի 2-րդ մաս, 301-րդ հոդված և այլն), որոնց դեպքում հանցագործության կատարման կոչն ինքնին հանցակազմ է բովանդակում, կարող է հանցակազմ բովանդակել, եթե հանգեցրել է դրդչության: Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի («Հանցակիցների տեսակները») 1-ին մասի, «Կատարողի հետ մեկտեղ հանցակիցներ են համարվում կազմակերպիչը, դրդիչը եւ օժանդակողը»: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն, «Դրդիչ է համարվում այն անձը, ով մեկ ուրիշ անձի դրդել է հանցանք կատարելու՝ համոզելու, նյութապես շահագրգռելու, սպառնալիքի միջոցով կամ այլ եղանակով»:

Ընդհանուր կոչը ոչ մի իրավական արժեք չունի, եթե այն սուբյեկտիվ առումով միտված չէ որոշակի անձի կողմից որոշակի անձի դեմ ահաբեկչություն իրականացնելուն՝ վերոնշյալ այս կամ այն նպատակով: Ընդ որում, այս դեպքում խոսքը բացառապես ուղղակի դիտավորության մասին է, քանզի միայն ուղղակի դիտավորությամբ է հնարավոր հանցակցության ցանկացած տեսակ: Եթե որևէ մեկը վերացական կոչեր է հնչեցնում, սակայն չկա որևէ ապացույց, որ նա իր խոսքով ողղակի դիտավորություն ունի «համոզելու, նյութապես շահագրգռելու, սպառնալիքի միջոցով կամ այլ եղանակով» դրդելու որոշակի անձի կամ անձանց խմբի կատարելու որոշակի հանցագործություն, ապա այն չի կարող քրեական հետապնդման հիմք լինել, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի կոչն արդեն իսկ քրեական օրենսդրությամբ դիտարկվում է իբրև հանցագործություն (ինչպես արդեն նշեցինք, 225-րդ հոդվածի 4-րդ մաս, 225.1-րդ հոդվածի 2-րդ մաս, 301-րդ հոդված և այլն):

Ահավասիկ․ ՀՀ քրեական օրենսգրքի, օրինակ, 301-րդ հոդվածում «Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը» ինքնին քրեական պատասխանատվության հիմք են, այս դեպքում արդեն կարիք չկա պարզելու դրդչության առկայությունը, կոչն արդեն իսկ բովանդակում է հանցակազմ՝ անկախ հնարավոր հետևանքներից:

Ընդ որում, որևէ պաշտոնյայի նկատմամբ բռնության քարոզը դեռ ահաբեկչություն չէ, քանի դեռ այն չի փոխկապակցվել 217-րդ հոդվածով ամրագրված նպատակի հետ: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ քաղաքականության մեջ հաճախ են միմյանց հասցեին հեգնական կամ բանավեճի բնույթով թելադրված սպառնալիքներ հնչեցնում, ինչը երբեք որևէ մեկի մտքով չի անցնի որակել որպես ահաբեկչություն: Հիշենք Լորդերի պալատի կին պատգամավորի «քարոզը»՝ ուղղված Չերչիլին. «Պարոն, եթե դուք իմ ամուսինը լինեիք, ես ձեզ թունավոր թեյ կմատուցեի», ինչին ի պատասխան Չերչիլը ոչ թե կնոջը մեղադրեց ահաբեկչության կամ դրա քարոզի մեջ, այլ սրամտեց. «Տիկին, եթե դուք իմ կինը լինեիք, ես անհապաղ հաճույքով կխմեի այդ թեյը»:

ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով պատասխանատվություն է նախատեսված «Զանգվածային անկարգությունների ժամանակ իշխանության ներկայացուցչի օրինական պահանջին ակտիվորեն չենթարկվելու կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու» կոչերի համար։

ՀՀ քրեական օրենսգրքի 225․1 հոդվածի 2-րդ մասով պատասխանատվություն է սահմանված օրենքով սահմանված կարգի խախտմամբ «Հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի օրինական որոշմանը չենթարկվելուն ուղղված» կոչերի համար։

ՀՀ քրեական օրենսգրքի 385-րդ հոդվածով պատասխանատվություն է սահմանված ագրեսիվ պատերազմի հրապարակային կոչերի համար։

Կարծում ենք, թվարկումը բավարար է համոզվելու համար, որ Հայաստանում մի շարք հանցագործությունների կոչեր արդեն իսկ քրեականացված են, հետևաբար ՀՀ կառավարությունում այս առումով գլխավոր դատախազի ելույթն առաջացնում է սխալ տպավորություն։

Արթուր Հովհաննիսյան