Ըստ 1000 կենդանածնի ցուցանիշների`2018-ին 0-1 տարեկան երեխաների մահվան 260 դեպք է գրանցվել

Կայացել է առողջապահության նախարարին կից մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի անդրանիկ նիստը` Արսեն Թորոսյանի գլխավորությամբ:

ՀՀ առողջապահության նախարարության լրատվական բաժնի տեղեկացմամբ, ողջունելով ներկաներին` առողջապահության նախարարն ընդգծել է, որ մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհուրդը կոչված է ոչ թե պատժիչ միջոցառումներ կիրառելու, այլ մայրական և մանկական մահացության կամ կրիտիկական դեպքերը քննարկելու միջոցով նմանատիպ իրավիճակները կանխելուն:

«Մայրական մահացության յուրաքանչյուր դեպք պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում,- նշել է Արսեն Թորոսյանը:

Մանկաբարձություն և գինեկոլոգիայի գծով ԱՆ խորհրդատու Վահե Գյուլխասյանը ներկայացրել է Հայաստանի նախորդ 20 տարվա և միջազգային վիճակագրական տվյալները, նաև վերջին 2 տարվա մայրական մահացության 10 դեպքի պատճառագիտական կազմը, յուրաքանչյուրի նախապատմությունը, մասնագիտական վերլուծությունը և եզրակացությունը:

Խորհրդի անդամներն անդրադարձել են նախահղիության շրջանում պետության դերին ու քայլերին՝ թերությունները շտկելու և ոլորտը բարելավելու նկատառումով:

Ինչը վերաբերում է մանկական մահացության դեպքերին, ըստ վիճակագրության պետական կոմիտեի, մանկական մահացության դեպքերի նվազում է դիտվել: Ըստ 1000 կենդանածնի ցուցանիշների` 0-1 տարեկան երեխաների մահվան 370 դեպք է գրանցվել 2015-ին, 2016-ին` 356, 2017-ին` 307, իսկ 2018-ի նախնական տվյալներով` 260:

Ոլորտի պատասխանատուները նշել են, որ մշակվել է մեխանիզմ սոցիալապես խոցելի խմբերում ընդգրկված հղի կանանց վաղ հայտնաբերելու համար: 1% դեպքում հղիներն ինչ-ինչ պատճառներով չեն դիմում բժշկական կազմակերպություն և դուրս են մնում նախածննդյան հսկողությունից` ռիսկի ենթարկելով թե՛ իրենց, թե՛ երեխայի կյանքը:

Արսեն Թորոսյանը հույս է հայտնել, որ նմանատիպ քայլերի շնորհիվ` մայրական մահացության դեպքերը կկանխվեն և ցուցանիշը կտրուկ կնվազի, ինչպես` մանկական մահացությանը:

Օրակարգում ներառված հարցերին զուգահեռ քննարկվել են նաև նախա և հետծննդյան խնամքը, ծննդօգնության ծառայությունների պատշաճ մատուցումը: