Հեռուստատեսությամբ և ռադիոյով վիճակախաղերի գովազդը սահմանափակելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց

Այսօր ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է հեռուստատեսությամբ և ռադիոյով հեռարձակվող վիճակախաղերի գովազդը սահմանափակելու մասին օրենքի նախագիծը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի «Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի նախագծով սահմանվում է, որ հեռուստահաղորդակցության ալիքներով հեռարձակվող յուրաքանչյուր վիճակախաղի գովազդ թույլատրվում է կատարել ժամը 22:00-ից 07:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ռադիոյով՝ ժամը 08:00-ից 20:00-ը:

Ինչպես նաև մանկապատանեկան հաղորդումներին նախորդող և հաջորդող մեկ ժամվա ընթացքում գովազդի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 3 րոպեն:

Գովազդը մեկ ժամվա ընթացքում կարող է հեռարձակվել երկու անգամից ոչ ավելի և ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 60 վայրկյանը: