Փաշինյանի կողմից Զարեհ Սինանյանի նշանակումը նույնիսկ տեղիք է տվել վարչապետի կողմից սահմանադրական կարգի հերթական խախտման եզրակացության

Գլենդելի նախկին քաղաքապետ, Գլենդելի քաղաքային խորհրդի այժմ արդեն նախկին անդամ Զարեհ Սինանյանը, որը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 14.06.2019թ. թիվ 756-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ վարչապետին կից սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար, ըստ իրավաբան, ամերիկաբնակ քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանի, հնարավոր է, որ հիշյալ պաշտոնին նշանակվել է ՀՀ Սահմանադրության և օրենսդրության խախտմամբ։

Նրա դիտարկմամբ, ՀՀ կառավարության կազմում սփյուռքի գործերի հանձնակատարի զբաղեցրած դիրքը մնում է անորոշ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, սփյուռքի գործերի հանձնակատարը նշանակվում է ՀՀ վարչապետի կողմից, ինչը հիմք է ծառայում ենթադրելու, որ հիշյալ պաշտոնյան համարվում է ՀՀ կառավարության անդամ ու նախարարի լիազրություններով մասնակցում է կառավարության նիստերին:

Համենայն դեպս, Սինանյանն «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է, որ իր ղեկավարած գրասենյակը շատ ավելի բարձր կարգավիճակ ունի, քան նախարարությունը։ Եթե ՀՀ վարչապետին կից սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը համարվում է կառավարության անդամ ու նախարարի լիազրություններ ունի, ապա Սինանյանը վերոնշյալ պաշտոնին նշանակվել է ՀՀ Սահմանադրության և օրենսդրության խախտմամբ։

«ՀՀ Սահմանադրության 148-րդ հոդվածի համաձայն, կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները, իսկ 48-րդ հոդվածն ընդգծում է, որ «Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք»,- ընդգծել է Ռոբերտ Մարգարյանը։- Մինչդեռ Զարեհ Սինանյանը 2013 թվականին ընտրվել է ԱՄՆ Կալիֆորնիայի Գլենդել քաղաքի խորհրդի անդամ, իսկ երկու անգամ` 2014 եւ 2018 թւականներին, քաղաքապետ, ու այդ պաշտոնում ծառայել է մինչեւ 2019 թվականի ապրիլ ամիսը: Լինելով Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ և քաղաքապետ` բնականաբար, նա ունեցել է ԱՄՆ քաղաքացիություն ու մշտական բնակություն է հաստատած եղել հիշյալ քաղաքում` չլրացնելով ՀՀ կառավարության կազմում պետական պաշտոն զբաղեցնելու սահմանադրական պահանջը: Հետևաբար կարելի է եզրակացնել, որ Սփյուռքի գործերի հանձնակատարի պաշտոնում Զարեհ Սինանյանին նշանակելով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խախտել է սահմանադրական կարգը»։