Եթե փորձում ես քո և մյուսների իրավունքները պաշտպանել, դառնում ես «գործ տվող» (տեսանյութ)

Ֆեյսբուքյան «Մի արեք «այսպես»» խմբի համահիմնադիր Լևոն Հարությունյանը LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդման ընթացքում խոսեց մեզանում ճանապարհատրանսպորտային պատահարների և դրանց հետևանքով մահացությունների դեպքերի մտահոգիչ վիճակագրության մասին՝ ասելով, որ վերջին տարիներին աճի միտումը պահպանվում է։ Ըստ նրա՝ պատճառները տարբեր են՝ ճանապարհային երթևեկության ոլորտում վարվող մեղմ քաղաքականությունը, ճանապարհային ոստիկանների շրջանում աշխատելու խթանի բացակայությունը, նրանց ցածր աշխատավարձերը։ Փաստորեն մեղմ քաղաքականությունը որոշ վարորդների մոտ այնպիսի վստահություն է ձևավորել, որ իրենց կատարած բազմաթիվ խախտումները նորից ներվելու են, ուստի  իրենք չեն խորշում օրենքները շրջանցելուց։ Իսկ կարգազանց վարորդին անպատիժ թողնելը, փաստորեն, օրինապահ քաղաքացիների իրավունքների խախտում է դառնում։

Լևոն Հարությունյանի ներկայացմամբ՝ «Մի արեք «այսպես»» խումբը ստեղծվել է ՃՏՊ-ների քանակը նվազեցնելու, թեկուզ մեկ կյանք փրկելու մտահոգությամբ, և այսօր այդ էջին հետևում են նաև ՃՈ աշխատակիցները և որոշ հրապարակումների հիմքով գործընթաց սկսում։

Բայց առայժմ մեր հասարակության մեջ կա այն մտայնությունը, որ սեփական և մյուսների իրավունքների պաշտպանության նպատակով օրենք խախտողների մասին հրապարակումներ անելը «գործ» տալ է, և նման քաղաքացիները, մեր զրուցակցի հավաստմամբ, այն մարդիկ են, որոնք սեփական կորուստների դեպքում չեն հապաղի դիմել ոստիկանություն։

Մանրամասները՝ տեսանյութում