Ահմադինեջադը ԱՄՆ-Իրան պատերազմի հնարավորություն առայժմ չի տեսնում

Իրանի և Միացյալ Նահանգների միջև հիմնական առճակատումը տնտեսական և քաղաքական դաշտերում է, և ներկայումս ռազմական առճակատման պատճառ չկա։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը (2005-2013):

«Ներկայում հիմնական պատերազմը տնտեսական և քաղաքական է, և կարծում եմ՝ ԱՄՆ-ը Իրանի դեմ պատերազմելու պատճառներ չունի»,- ասել է նախկին նախագահը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում:

Նրա խոսքով, Վաշինգտոնը տնտեսական ճնշում է գործադրում Իրանի վրա և «միայն վերջում» այն  կարող է վերաճել  ռազմական գործողությունների:

«Այսինքն, եթե նրանք հասկանան, որ իրենց տնտեսական քաղաքականությունն ու քաղաքական ճնշումը արդյունք չեն տալիս, նրանք… կդիմեն զենքի: Ի՞նչ ունի ԱՄՆ-ը զենքից և դոլարից բացի»,- ասել է Ահմադինեջադը՝ միաժամանակ հավելելով, որ Իրանը բավականաչափ ուժեղ է:

Խոսելով երկրի տնտեսական վիճակի մասին, Ահմադինեջադը հայտարարել է, որ Վաշինգտոնը փորձում է առավելագույնս օգտագործել ներկայիս կառավարության պետական պլանավորման թերությունները՝ ճնշում գործադրելով թույլ կողմերի վրա, որպեսզի թուլացնի տնտեսությունը և «մեկ հպումով երկիրը կործանի»:

Այնուամենայնիվ, նախկին նախագահը հավելել է, որ Իրանը կարող է իր հարստությունն օգտագործելով` հաղթահարել նավթային կախվածությունը և այնպես անել, որ ԱՄՆ-ը չկարողանա ճնշում գործադրել Իրանի վրա:

«Եթե Իրանն օգտագործի իր հարստության մի մասը, ապա նա ընդհանրապես նավթի կարիք չի ունենա»,- ընդգծել  է Ահմադինեջադը: