Ճանապարհային ոստիկանությունն ու քաղաքապետարանը մրցակցում են անգործության հարցում, ո՞վ կհաղթի (լուսանկարներ)

LIVEnews.am կայքի խմբագրությունը տեղակայված է Երվանդ Քոչար փողոցի սկզբնամասում, և գրեթե ամեն օր աշխատանքի գնալիս ու տուն վերադառնալիս միևնույն պատկերի ականատեսն եմ լինում՝ բերնեբերան լի և տարածքից դուրս լցված, անտանելի բուրող աղբով շրջապատված աղբամանները և հետիոտնի տեղաշարժին խոչընդոտող ու մայթերին առոք-փառոք կայանած ավտոմեքենաներն «ազդարում են», որ  երկրում իրավիճակ է փոխվել և ամենևին ոչ ի նպաստ հասարակ քաղաքացիներիս։ Իրավիճակ փոխվելը պայմանական եմ ասում, քանի որ նախկինում էլ, երբ երկիրն ամենևին ժողովրդի լեգիտիմությունը ստացած իշխանությունը չէր կառավարում, նորից կարելի էր նման իրավիճակների ականատեսն ու ակամա մասնակիցը դառնալ։ Իրավիճակ է փոխվել այն առումով, որ եթե առաջ գոնե պատկան կառույցները լռում էին իրենց մեղավոր անգործության մասին և խուսափում անհիմն արդարացումներից, ապա հիմա ամեն անկյունում բղավում են, թե ոստիկաններն անկաշառ են և շահագրգռված՝ խիստ վերահսկողություն իրականացնելու հարցում, որովհետև նրանք այլևս օրինական երկիր կառուցելու գաղափարակիցներ են, իսկ քաղաքային իշխանություններն էլ աշխուժորեն լծված են իրենց փիառելու գործին, թե աղբատար մեքենաներ են բերվել ու մայրաքաղաքն արդեն ավելի մաքուր կլինի, որովհետև «Սանիտեքից» բացի նաև համայնքն է որպես  օպերատոր զբաղվելու մայրաքաղաքի մաքրությամբ ու պատասխանատվություն կրելու դրա համար։ Բայց ստացվում է, որ նախկիններին ամեն պատրվակով ու երբեմն էլ անպատրվակ սևացնող, բոլոր հնարավոր մեղքերի մեջ մեղադրողներն այսօր ի վիճակի չեն քաղաքը ճիշտ, արդյունավետ կառավարելու, և հին օրերի երգը այսօր էլ արդիական է ու մտահոգիչ, այսօր էլ սովորական քաղաքացին չի զգում, որ պաշտպանված է օրենքներով, ու այդ օրենքները կյանքի կոչող պետական կառույցներով, որ իշխանություններն իրոք սրտացավորեն հոգ են տանում իրենց մասին։

Այժմ՝ ավելի առարկայական։ Երևանի այդ հատվածում՝ Երվանդ Քոչար փողոցի սկզբնամասում, մայթերին կայանող մեքենաների մասին մեկ անգամ չէ, որ վերջին ժամանակշրջանում բարձրաձայնել եմ, անգամ ֆեյսբուքյան համապատասխան հարթակներում տեսանյութեր եմ տեղադրել, այն հարթակներում, որոնք նաև ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ուշադրության կենտրոնում են։ Այդ հարթակներից մեկը ֆեյսբուքյան «Մի արեք «ԱՅՍՊԵՍ» խումբն է։ Սակայն հրապարակումները այդպես էլ որևէ ուշադրության չեն արժանացել, և, բնականաբար, մեքենաները կայանող վարորդները պատասխանատվության չեն ենթարկվել։ Երևի ոստիկանությունն արձագանքում է միայն այն օգտատերերի գրառումներին, որոնցից քիչ թե շատ զգուշանում է, համենայնդեպս տպավորությունն այդպիսին է։ Ուստի մենք էլ կփորձենք այնպես անել, որ մեզանից էլ զգուշանան, որպեսզի կարողանանք հասարակության, երևանցիների շահերը պաշտպանել։ Ավելին, այսօր անգամ այդ փողոցով ճանապարհային ոստիկանության երկու մեքենաներ էին անցնում, որոնց աչքից հնարավոր չէր, որ վրիպեին  մայթերը բռնագրաված օրինախախտ մեքենաները։ Մեր պահանջը մեծ բան չէ, գուցե հնարավո՞ր է այդ մայթերին արգելող նշաններ տեղադրել կամ գուցե նաև արգելաձողեր, որպեսզի, օրինակ, մանկասայլակով կամ հաշմանդամության սայլակով անցնող քաղաքացիները պարտադրված չլինեն այդ հատվածը փողոցով շրջանցել, քանի որ մայթերին կանգնած մեքեաների արանքներով միայն քայլող մարդիկ կարող են մանևրել՝ այնքան որ նեղ են այդ միջակայքերը։

Մի քանի ամիս առաջ անգամ փորձեցի «գործ տալու» մեթոդը գործնականում կիրառել։ Հիմա նորաձև է օրինապահ քաղաքացիներին «գործ տվող» եզրույթով անվանարկել ու այդ քարկոծողները հենց այն քաղաքացիներն են, որոնց արյան մեջ է օրենքները շրջանցելը և որոնք միշտ փորձել են ցանկացած օրենքը իրենց հարմարեցնել, եթե հարմար չէ, ուրեմն սխալ օրենք է։

Ամիսներ առաջ էր, մայթին հանգրվանած և այդ հատվածով անցնելու հնարավորությունն ամբողջությամբ փակած մեքենաների համար ոստիկանություն կանչեցի։ Եկան, փաստն արձանագրեցին ու գնացին, մեքենաները մնացին։ Հետո երբ զանգահարեցի հետաքրքրվելու, թե ինչու մեքենաներն այդպես էլ չհեռացվեցին տարածքից, զավեշտալի պատասխան ստացա։ Պարզվում է՝ ճանապարհային ոստիկանությունում դեռ չգիտեն՝ հատվածը, որով հետիոտն է անցնում, և որը զուգահեռ է փողոցին, մա՞յթ է, թե փողոց։ Եթե փողոց է, նշանակում է հետիոտն այդ մասով անցնելու իրավունք չունի և մնում է, որ ծառերի վրա մագլցելով անցնի կամ օրենք խախտի ու դեռևս չհստակեցված հատվածը հատի։

Ու այդ բարձիթողի վիճակը փոխլրացնում է, ավելի ճիշտ ամբողջանում է առնվազն մի քանի օր մոռացված աղբամանների ու դրանից դուրս թափված աղբի տեսարանը, որի կողքով առանց քիթ փակելու հնարավոր չէ անցնել։ Եվ սա քաղաքի կենտրոնական մասում է, փողոցի եզրին, Վարդան Մամիկոնյանի արձանի հետնամասում, որտեղով, ի դեպ, հաճախ եմ նկատում, որ խմբերով զբոսաշրջիկներ են անցնում։ Բայց, սպասեք, սովորել ենք ամեն ինչի համար «վախեցել» զբոսաշրջիկներով։ Կարծում եմ` առաջինը օրենքի գերակայությունը պետք է ապահովել մեզ՝ այս քաղաքի արժանապատիվ բնակիչներիս համար, մենք իրավունք ունենք քայլելու մեզ համար նախատեսված անվտանգ մայթերով, այլ ոչ թե փողոցներն ընկնել ու վարորդների մի քանի հարկանի հայհոյանքների հասցեատերը դառնալ, այն նույն վարորդների, որոնք օրենքները խախտելով զբաղեցնում են հետիոտնի համար նախատեսված տարածքը, իրավունք ունենք չշնչելու մի քանի օր չդատարկված աղբամաններից փչող գարշահոտը, մանավանդ որ դրա համար քաղաքային իշխանությունները մեզ շնորհ, լավություն չեն անում, երևանցիներս վճարում ենք այդ ծառայության համար, հետևաբար պահանջատեր ենք։ Բայց երևի մեր սովորական իրավունքների համար էլ պիտի փողոցներ փակենք, քանի որ այս իշխանությունների համար առայժմ փողոցային լեզուն է ընկալելի ու ընդունելի։

Թագուհի Ասլանյան