Արթուր Ալեքսանյանը Խոր Վիրապում վառեց Համահայկական 7-րդ խաղերի երկրորդ ջահը

Խոր Վիրապում Գրիգոր Լուսավորչի կանթեղից հանդիսավորությամբ վառվել է Համահայկական խաղերի ջահը: Համահայկական խաղերի կազմկոմիտեի տեղեկացմամբ, այն վառել է օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը՝ նշելով, որ սպորտը միջոց է՝ համախմբելու հայությանը:

Ջահի վառման համար պատահական չէր ընտրված Խոր Վիրապը, քանի որ հենց այնտեղ է եղել մեր պատմական մայրաքաղաք Արտաշատը, և մոտ 14 տարի գուբում անցկացնելուց հետո այստեղից է  Գրիգոր Լուսավորիչը, ստանալով Տրդատ 3-րդ արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձրել պետական կրոն։

Համահայկական խաղերի խորհրդանշական երեք ջահ է նախատեսված վառել այս անգամ: Մեկն օրերս վառվել է Արևմտյան Հայաստանում՝ Մուսա լեռան ստորոտին, երկրորդը՝ Խոր Վիրապում, իսկ երրորդը մի քանի օրից կվառվի Արցախում՝ Տիգրանակերտում: Այնուհետև օգոստոսի 6-ին՝ Համահայկական 7-րդ խաղերի հանդիսավոր բացման օրը, դրանք կմիանան Ստեփանակերտում՝ խորհրդանշելով Հայաստանի Հանրապետություն-Արցախ-Սփյուռք ամբողջությունը:

Հիշեցնենք, որ Համահայկական յոթերորդ խաղերն անցկացվելու են օգոստոսի 5-ից 17-ը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: