Քաղաքական և դատաիրավական նման մոլեռանդությունը գործում է միայն Արցախի դեմ․ Առնուվիլի քաղաքապետ

Պասկալ Դոլը կբողոքարկի Արցախի Շեխեր քաղաքի հետ Բարեկամության հռչակագիրը չեղարկելու որոշումը

Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի քաղաքապետ Պասկալ Դոլը հայտարարել է իր մտադրության մասին՝ բողոքարկել Առնուվիլ և Արցախի Շեխեր քաղաքների միջև Բարեկամության հռչակագիրը Ֆրանսիայի դատարանի կողմից չեղյալ հայտարարելու որոշումը:

Այս մասին տեղեկացրել է «Արցախպրեսը»՝ հղում անելով  «France-artsakh» կայքին:

«Ֆրանսիական սահմանադրությունը տեղական մարմիններին երաշխավորում է ազատ կառավարում և նրանց  տալիս է բազմաթիվ ապակենտրոնացված իրավասություններ, այդ թվում միջազգային գործունեություն վարելու իրավունք, պայմանով, որ այդ գործունեությունը հարգի Ֆրանսիայի միջազգային հանձնառությունները,- նշել է քաղաքապետը:- Հռչակագիրը իրենից ներկայացնում է հայտարարություն երկու ժողովուրդների միջև՝ սպորտի, մշակույթի, կրթության և այլ բնագավառներում բարեկամություն հաստատելու մասին։ Այն որևե կերպ չի ոտնահարում գործադիր իշխանության իրավասությունները երկրի արտաքին քաղաքականության ոլորտում»։

«Սա մոլեռանդության հասնող հետապնդում է, որը ես դժվարանում եմ բացատրել,  բայց որի սկզբնաղբյուրը ակնհայտորեն դիվանագիտական շրջանակներում է»,-  բացատրել է Պասկալ Դոլը։ «Համենայն դեպս, զարմանալի է, որ չեղարկման է ենթարկվում բարեկամության մասին պարզ մի հայտարարություն և, մասնավորապես, երբ այն արված է տեղական մարմնի պատգամավորի կողմից, մի երկրում, որը խոսքի ազատության առաջատարն է համարվում: Նշեմ, որ քաղաքական և դատաիրավական նման մոլեռանդությունը գործում է միայն Արցախի դեմ»,-եզրափակել է Պասկալ Դոլը: