Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին

Հունիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ  Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի հնագույն համայնքներից Մինեսոտա նահանգի 36  ուխտավորների հետ, որոնք երկշաբաթյա այցով հայրենիք էին ժամանել Սուրբ Սահակ եկեղեցու հոգևոր հովվի` Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Բարսեղյանի առաջնորդությամբ: Այս մասին տեղեկացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը։

Ողջույնի իր խոսքում Թադեոս քահանան տեղեկացրել է, որ ուխտավորների մեծ մասն առաջին անգամ է Հայաստանում` ուրախություն հայտնելով, որ այցն սկսվում է Հայոց Հայրապետի օրհնությամբ: Տեր Հայրը Նորին Սրբությանը ներկայացրել է համայնքային կյանքի ձեռքբերումները`հավելելով, որ համայնքը տարեցտարի ավելի է մեծանում, ավելանում է նաև հայկական ամենօրյա և կիրակնօրյա դպրոցների սաների թիվը:

Հայրական իր օրհնությունը բերելով ամերիկաբնակ հայորդիներին`Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է ուխտագնացությունների կազմակերպումը դեպի հայրենիք, որոնք նորոգում են հայորդիների ազգային, հոգևոր ապրումները՝ հաղորդ դարձնելով սեփական ինքնությանը, հայ ժողովրդի հերոսական անցյալին: Նորին Սրբությունը նշել է, թե քրիստոնեական հավատքի և հայրենասիրության շնորհիվ է, որ Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայ շարունակում է ազգային-հոգևոր արժեքներով կրթել և դաստիարակել մատաղ սերնդին՝ ակտիվ պահելով հայ համայնքը:

Հայոց Հայրապետն անդրադարձ է կատարել նաև Սուրբ Էջմիածնի խորհրդին` նշելով, որ Էջմիածինը բոլոր հայերի սրտում և աղոթքներում է, և պատմության ամենադժվար պահերին քրիստոնեական հավատքն ու հույսն են օգնել աշխարհասփյուռ հայությանը դիմագրավել ազգի ու Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին: Նորին Սրբությունը մասնավորապես խոսել է Հայրենիքի և Սփյուռքի կյանքում առկա դժվարությունների ու խնդիրների և դրանց հաղթահարման ուղիների մասին:

Այս առիթով Հայոց Հովվապետն ի դեմս Տեր Թադեոսի իր գնահատանքն է բերել Սփյուռքի հայոց թեմերում սպասավորող եկեղեցականներին` իրենց հոգևոր առաքելությունը նախանձախնդրությամբ և նվիրումով իրականացնելու և ազգային արժեքները պահպանելու համար:

Հանդիպումից հետո ուխտավորները մասնակցել են Սուրբ և Անմահ Պատարագին: