Ինչ ուզում եք կոչեք` «վերելակային», թե «բազկաթոռային» դիվանագիտություն, կարևորն արդյունքն է

Հարցազրույց քաղաքագետ Վահրամ Աթանեսյանի հետ

 -Ռազմական փորձագետներն ահազանգում են՝ Ադրբեջանը վերադարձել է իր հին ռազմատենչ հռետորաբանությանը ինչն է, ըստ ձեզ, պատճառը։

– Որքան էլ իմ տեսակետը արտառոց հնչի, ես չեմ կիսում այն մոտեցումը, թե այսօր զորքերի շփման գծում իրավիճակը նախկինի պես լարված է։ Իմ տպավորությամբ, հայ իրականության մեջ կան փորձագետներ, որոնք ինչ-ինչ քաղաքական շահեր են  սպասարկում, նման հայտարարություններ անելով։

Այսինքն, շփման գծում իրավիճակը ես չեմ գնահատում այն աստիճանի լարված, որը կարող է եզրակացությունների կամ կանխատեսումների առիթ տալ։

-Բայց մենք արդեն երկու զոհ ունեք  իշխանության ներկայացուցիչներն արձանագրում էին,  թե Դուշամբեում ձեռք բերված պայմանավորվածությունը թույլ չի տա, որպեսզի սահմանին հնչեն կրակոցներ, սակայն տեսնում ենք, որ Ադրբեջանն անցել է  պայմանավորվածությունների խախտման։

-Դե գիտեք, նախկինում էլ կային Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Սոչիի, Կազանի ու այլ պայմանավորվածություններ, ու դարձյալ շփման գծում զոհեր լինում էին։ Իսկ Դուշամբեում գրավոր փաստաթուղթ չի ստորագրվել, կողմերը չեն երդվել, որ կրակոցներ  չեն լինելու։ Ճիշտ է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ այն պնդումը, որ պետք է շուտափույթ գործի դրվեն միջադեպերի հետաքննության մեխանիզմները, որպեսզի պարզ ու հասկանալի լինի, թե ի՞նչ է կատարվել շփման գծում վերջին 10 օրերի ընթացքում։

-Ի դեպ,  Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների ուղղությամբ մեկ տարի է՝ ոչինչ չէր արվում, ինչի համար նախկինները բազմիցս քննադատել են  ներկա իշխանությանը, շեշտելով՝ այդ ուղղությամբ աշխատելու փոխարեն Փաշինյանն զբաղված է «վերելակային քաղաքականություն» իրականացնելով։ Հիմա կարո՞ղ ենք ասել, որ գործող իշխանությունը գիտակցել է իր սխալն ու որոշել է շարունակել նախկինների կիսատ թողածը՝ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի  պայմանավորվածությունների կատարումը։

-Ես չեմ հանդիպել հայկական կողմից որևէ պաշտոնական հայտարարության, որով  Երևանը հրաժարվում է 2016-ի Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի  պայմանավորվածություններից կամ Հայաստանը դեմ է  շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը։ Նաև փաստ է, որ Դուշամբեի պայմանավորվածությունից հետո մինչև մայիսի վերջ շփման գծում կրակոցներ չեն եղել, զոհեր չեն եղել։

Իսկ այսօր, երբ  ունենք զոհեր, չի՞ նշանակում, որ ավարտված է «վերելակային քաղաքականությունը» հիշեցնեմ, Ադրբեջանի ԱԳՆ-ը ռազմատենչ հայտարարություններ է տարածել՝ շեշտելով,  թե  բանակցություններում ոչինչ չի լինի, քանի դեռ Հայաստանի զինված ուժերը շարունակում են ապօրինի մնալ Ադրբեջանի տարածքում։

– Փոքր ինչ անհասկանալի է այդ քամահրական  ձևակերպումը, երբ ասվում է՝ «վերելակային դիվանագիտություն»։ Հիմա ինչ ուզում եք կոչեք՝  «վերելակային», թե «բազկաթոռային» դիվանագիտություն, կարևորը արդյունքն է։ Իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն առաջին անգամ չէ, որ նման հայտարարություն է տարածում,  դա  պաշտոնական Բաքվի   դիրքորոշումն է ու մեր խնդիրը  չէ։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի   բանակցությունները վերսկսվեն ու շարունակվեն։

Բայց չէ՞ որ նման հայտարարություններով Ադրբեջանը փորձում է տորպեդահարել բանակցային գործընթացը, ինչպես նշել է  ՀՀ ԱԳՆը՝ տարածած հայտարարության մեջ «Ադրբեջանի գործողությունները, որոնք բնութագրվում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ, խոչընդոտում են խաղաղության համար բարենպաստ միջավայրի կայացմանը և ըստ այդմ խաթարում են խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացին»։

– Գիտեք, եկեք խնդրին մոտենանք այլ տրամաբանությամբ, եթե Ադրբեջանն ունի  բանակցությունները տորպեդահարելու նպատակ, ապա կարող է հրաժարվել արտաքին  գործերի նախարարների  հանդիպմանը մասնակցելուց։ Օրինակ, Բաքուն  կարող է հայտարարել, որ ԱԳ նախարար Մամեդյարովը չի մեկնի  Վաշինգտոն, ու այդպիսով  կխափանվի  սպասվող հանդիպումը։

– Ինչո՞ւ գնա ճակատային ընդհարման միջազգային հանրության հետ, ի վերջո, բանակցությունները ձախողելու հազար ու մի հնարք կարող է մոգոնել Բաքուն։

– Ես իրավիճակն այդպես չեմ պատկերացնում, այլ հետևյալ կերպ․ բանակցային  գործընթացում դիվանագիտական քաղաքական գործիքակազմով իր համար տեսանելի  նպատակին հասնելու Ադրբեջանի հնարավորությունները չափազանց սահմանափակ են։ Ինչպես նախկինում, նաև այսօր Ադրբեջանը ուզում է շեշտը դնել ռազմական բաղադրիչի վրա՝ ավելի շատ այդ սպառնալիքը հասցեագրելով  միջնորդներին, խնդրով  շահագրգիռ ուժային կենտրոններին, որ եթե բանակցություններում  հայկական կողմը չգնա զիջումների, ապա անխուսափելի կլինի պատերազմի վերսկսումը։ Սա Ալիևի դիրքորոշումն է։

Ադրբեջանը նպատակ ունի բանակցությունների միջոցով հասնել իր համար ցանկալի արդյունքի, ինչի մասին իրենք հայտարարում են, այն է՝ հայկական զինված  ուժերը պետք է դուրս բերվեն «գրավյալ տարածքներից»։

Ասացիք, որ շփման գծում իրավիճակն այն աստիճան լարված չէ, որքան ներկայացնում են ռազմագետները, այդ դեպքում ի՞նչ կասեք բերվող փաստերի մասին վերջին 8 ամսում առաջին անգամ Ադրբեջանի սահմանին օգտագործվում են ականանետեր, նռնականետեր, խոշոր  տրամաչափի զենք, ինչպես նաև շփման գծի տարբեր ողղություններով սահմանագծին մոտ հատվածներում ուղղաթիռներ են գործում,  ինչը սահմանին կտրուկ լարում է առաջացրել։ Ըստ ձեզ, սրանք իրականությանը չե՞ն համապատասխանում։

– Ես չգիտեմ, ես ռազմական գործիչ չեմ, ես իրավիճակի չեմ տիրապետում, համայնդեպս պետք է հիմք ընդունել պաշտոնական հաղորդագրությունները։  Երևանում կան մարդիկ, որոնք իրենց կոչում են ռազմական փորձագետներ և ամեն օր  հայտարարություն են անում, թե սահմանին լարվածության կա,  կամ հակառակորդի կողմից այս կամ այն զինատեսակն է օգտագործվել։

Ես չեմ կարող ասել՝ դա իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե ոչ, կրկնում եմ, ես ռազմական գործիչ չեմ, ես դատում եմ քաղաքական իրավիճակներով։ Իսկ  իրավիճակը հետևյալն է՝ Ադրբեջանն իր դիրքորոշումը,  իր համար ցանկալի լուծումը փորձում է առաջ տանել բանակցությունների միջոցով, իսկ հայկական կողմից չկա ստատուս քվոն փոփոխելու ցանկություն։ Հետևաբար, Ադրբեջանը դիմում է ու դիմելու է ռազմական գործողությունների, այստեղ արտառոց ոչինչ չկա։

– Հունիսի 20-ին սպասվում է երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, չե՞ք կարծում, որ ադրբեջանական զինուժի ակտիվացումը սահմանին պայմանավորված է նաև նրանով, որ իր գործելաոճին հարազատ Բաքուն փորձում է հանդիպումից առաջ ճնշում գործադրել հայկական կողմի վրա, ցույց տալով, թե չի պատրաստվում երկար սպասել հայկական կողմի զիջումներին։

-Ես վերջին շրջանում ադրբեջանական կողմից նման ճնշումը չեմ տեսնում։

-Իսկապե՞ս։

-Այո։ Բայց հայկական կողմից տեսնում եմ բավական կոշտ ու աննախադեպ հայտարարություն, որը, անկեղծ ասած, չեմ ողջունում։ Խոսքս ՊՆ նախարարի հայտարարության  մասին է, թե բարձր պարգևի է արժանացրել ադրբեջանցի զինծառայողին ոչնչացրած հայկական զինուժի ներկայացուցիչներին։ Սա ինձ համար արտառոց է,  աննախադեպ հայտարարություն։ Այդ մակարդակի պաշտոնյային չէր վայելում նման խոսք ասել։

-Բայց պարգևի է արժանացել այն հայ զինվորը, որի քայլը պատասխանն էր ադրբեջանական կողմի կրակոցների, ինչի արդյունքում զոհվեց հայ զինվոր։ Անկեղծ ասած, զարմացնող է ձեր դիտարկումը, Ադրբեջանը կարող է հային թիկունքից կացնահարող սաֆարովներին հերոսացնել, մենք չենք կարո՞ղ գնահատել մեր իսկական հերոսին, որն  արժանապատիվ քայլ է կատարել։

-Ես մեկ բան կասեմ՝ այդ հայտարարության հաջորդ օրը մենք Արցախի հյուսիսային  զորամասերից մեկում ունեցանք զոհ։ Եթե հիմա էլ մենք տանք այդ զոհի պատասխանը, Ադրբեջանը կտա իրենը, այսպես ո՞ւր ենք գնում՝  էսկալացիայի՞, պատերազմի՞։

– Իրականությունն այն է, որ հենց ադրբեջանական կողմն է նպաստում  էսկալացիային։

– Ես գիտեմ մի բան, եթե կա հրադադարի ռեժիմ պահպանելու  պայմանավորվածություն, այն  պետք է հարգվի բոլոր կողմերից։

Ի դեպ, սահմանին Բաքվի ռազմական ակտիվության պատճառը նաև ՀՀ-ի ու Արցախ իշխանությունների մեջ առկա լարվածությունը չէ՞ կա մտահոգություն, որ Ադրբեջանը կփորձի մեր ներքին վիճակից օգտվել ու լայնածավալ գործողությունների դիմել։

– Չեմ կարծում, նման բան չկա, Ադրբեջանի համար այս պահին որևէ ռազմական միջամտություն սկսելը քաղաքականապես  նպատակահարմար չէ, քանի որ Բաքվում լավ են հասկանում, որ իրավիճակի սրման դեպքում  Հայաստանում տեղի կունենա ներքին համախմբում։ Հետևաբար սպասում են, որ մենք ներսում սկսենք միմյանց հետ հաշիվներ մաքրել, ինչի արդյունքում Հայաստանը կթուլանա, ու կխարխլվեն մեր բանակցային  դիրքերը։ Ինչն էլ Ադրբեջանին հնարավորություն կտա իր նպատակների իրագործում։

 

Արմինե Սիմոնյան