Հայաստանը և Արցախը լայնածավալ ռազմական գործողությունների նախաշեմին (տեսանյութ)

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Նախիջևանում և արցախա-ադրբեջանական շփման գծում պարբերաբար իրականացվող թուրք-ադրբեջանական զորավարժություններին, ասաց, որ այս տարի դրանց քանակը կտրուկ ավելացել է։ Այդ մասին վերջերս հայտարարել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Վերջինս մասնավորապես նշել է, որ նախկին 7 զորավարժության փոխարեն՝ այսուհետ տարեկան պետք է անցկացվի 13-ը։

Հայկ Նահապետյանը դա մտահոգիչ է համարում՝ նշելով, որ լայնածավալ զորավարժությունների ժամանակ մեծանում է ռազմական անձնակազմի մարտունակությունը, յուրացվում են խաղաղ բնակչութանն արագ տարհանելու հմտություններ, բարձրանում է զինանձնակազմի բարոյահոգեբանական պատրաստականությունը և այլն։ Այսինքն՝ բանակն ավելի մարտունակ, պատրաստված է դառնում։

Ռազմական փորձագետը խոսելով վերջին ժամանակաշրջանում Արցախի սահմանում հրադադարի ռեժիմի խախտումների մասին, որոնց ժամանակ նախկին 60 մմ ականանետների հետ միասին այժմ ադրբեջանական կողմը սկսել է կիրառել նաև հաստոցավոր նռնականետեր, ակտիվացել են դիպուկահարները, ինչի հետևանքով հայկական կողմը մարդկային կորուստներ է ունենում, զուգահեռներ անցկացրեց 2016թ․ փետրվար-մարտ ամիսներին սահմանային իրավիճակի հետ՝ չբացառելով նոր լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունը։

Մանրամասները՝ տեսանյութում