Համահայկական 7-րդ խաղերի ջահը Վանից ուղևորվել է Ստեփանակերտ

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ընդլայնված պատվիրակությունն իրականացրել է  Համահայկական 7-րդ խաղերի ջահի վառման արարողությունը, և իր ուղևորությունը սկսել է դեպի Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ: Այս մասին տեղեկացրել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մամուլի ծառայությունը։

Երևան-Վան թռիչքով հայկական պատվիրակությունը ժամանել է Վան: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությանը օդանավակայանում դիմավորել են Վանի քաղաքային իշխանության ներկայացուցիչները:

Վանի քաղաքապետ Բեդիա Էրթանը նշել է, որ մարզական, զբոսաշրջային և մշակութային կապերի զարգացմանը կարող են նպաստել համահայկական խաղերը, որոնք համախմբում են աշխարհի բոլոր ծայրերում, այդ թվում՝ Թուրքիայի տարածքում ապրող հայերին:

Ի պատասխան՝ Իշխան Զաքարյանը տեղեկացրել է, որ կոմիտեն մտահղացում ունի՝ հաջորդ համահայկական խաղերը կազմակերպել Վանում և Երևանում:

Կարսի քաղաքապետ Այհան Բիլգենի հետ հանդիպման ժամանակ Իշխան Զաքարյանը քննարկման է դրել համահայկական խաղերի ծրագրով Գյումրի-Կարս քաղաքներում միջոցառումներ անցկացնելու գաղափարը:

Իգդիրի քաղաքապետ Յաշար Աքքուշը, ընդունելով հայկական պատվիրակությանը, ցանկություն է հայտնել, որ սահմանը բացվի, ու հենց նման մարզական խաղերի միջոցով տարբեր բնագավառներում բարիդրացիական հարաբերություններ հաստատվեն:

Սփյուռքի ջահը վառվել է Մուսան լեռան ստորոտում:

Հայաստանի և Արցախի պետական դրոշների ներքո՝ Պոլսի Սուրբ Վարդանանց եկեղեցու հոգևոր առաջնորդ, Հայր Սուրբ Թաթուլ Անուշյանի աղոթքով վառվել է ամառային 7-րդ խաղերի ջահը:

Այնուհետև ջահը հասել է Մուսա լեռան հերոսամարտի վայրը՝ լեռան գագաթը:

Մուշում պատվիրակությանը ընդունել է քաղաքապետ Ֆեյաթ Ասյան։

Վանի, Մուշի, Իգդիրի և Կարսի քաղաքապետները ընդունել են Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի հրավերը՝ մասնակցել ամառային 7-րդ խաղերին: