Փաշինյանին առաջարկվել է իր իսկ նկատմամբ վստահության հանրաքվե նախաձեռնել (տեսանյութ)

Կան նաև պահեստային քայլեր, եթե վարչապետը չընդունի առաջարկը

«Ռեֆորմիստներ» կուսակցությունը մոտ մեկ շաբաթ առաջ հանդես է եկել հայտարարությամբ և մամուլի ասուլիսով, որոնցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է նախաձեռնել իր իսկ նկատմամբ վստահության հանրաքվե։ Ռեֆորմիստների կարծիքով, դրա պահը հասունացած է, Փաշինյանն արդեն ակնհայտորեն չունի հասարակական այն վստահությունը, որը ժամանակին ուներ, մի շարք պատճառներով նրա հանդեպ վստահության բավական մեծ անկում է արձանագրվել, իրավիճակն այն չէ, ինչ մեկ տարի առաջ էր։

«Դա տեսանելի է, դուք այդ գործողություններին հետևեք և տեսեք զարգացումը․․․ Օրինակ, նայեք վարչապետին աջակցող ակցիաներն ինչ ձևաչափով են անցկացվում, որքան մարդ է մասնակցում այդ ակցիաներին,- կայքի տաղավարում ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության փոխնախագահ Կարեն Վարդանյանը։- Կարծում եմ, նկատած կլինեք, որ նրան աջակցող վերջին ակցիաներն արդեն բավական սակավամարդ էին»։

Որպես Փաշինյանի նկատմամբ վստահության նվազման, նրա վարկանիշի անկման ապացույց, Կարեն Վարդանյանը նշեց նաև վերջերս Աբովյան քաղաքում և այլ համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները, որոնցով պարզ դարձավ, որ դրանց մեծ մասում իշխանության թեկնածուները պարտվել են։

«Դա նշանակում է, որ այլևս չկա այդ վստահությունը, մարդիկ իրեն չեն վստահում, հիասթափվել են,- ասաց «Ռեֆորմիստներ»»-ի փոխնախագահը։- Պատճառները, կարծում եմ, շատ պարզ են՝ սպասելիքներ ունեին մարդիկ, չափից դուրս մեծ սպասելիքներ ունեին․․․ Այսինքն՝ Փաշինյանը եկավ իշխանության՝ օգտագործելով հասարակական դժգոհությունը, որը կար, տվեց խոստումներ, մարդիկ հավատալով այդ խոստումներին, աջակցեցին իրեն, և հիմա մարդիկ չստացան իրենց սպասելիքները։ Խոստումները չեն կատարվել»։

Կարեն Վարդանյանը տեղեկացրեց նաև, թե ինչ են պատրաստվում անել, եթե Փաշինյանը չընդունի իրենց առաջարկը։

Մանրամասները՝ տեսանյութում