Հայերն Արցախն առևտրի առարկա չեն դարձնի՝ հանուն թուրքերի հետ հարաբերությունների

10 տարի առաջ՝ 2009թ. սեպտեմբերի 4-ին, թուրքական «Stratejikboyut» կայքը, հղում կատարելով 2005թ. «Milliyet» թուրքական թերթի հրապարակումներից մեկին, հոդված էր տպել «Բոզ Քուրդ» («Գորշ գայլեր») նեոֆաշիստական ​​կազմակերպության պարագլուխ Ալփարսլան Թուրքեշի և ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումների մասին: «Բոզ Քուրդ» ջոկատները 1991-94 թթ. ազատագրական պատերազմի տարիներին մարտնչում էին Ադրբեջանի կողմից, 2016թ. ապրիլին «Բոզ Քուրդի» անդամները սպանում էին հայերին՝ Թուրքիայում (այդ թվում նաև Հրանտ Դինքին) և Թուրքիայից դուրս: Մի ժամանակ Թուրքեշը թուրքական բանակի գնդապետ էր, ակտիվորեն մասնակցում էր ռազմական հեղաշրջումներին: Օրինակ, թուրքական քաղաքականության վերաբերյալ Խորհրդային Միության տարիների նյութերում Թուրքեշը բնութագրվել է որպես «Հիտլերի հավատարիմ հետևորդ»: 4 տարվա ազատազրկումից հետո դարձել է MIT թուրքական հատուկ ծառայության գաղտնի գործակալ, ինչպես և «Բոզ Քուրդ»-ում, այդտեղ էլ նրա «աջ ձեռքը» մարդասպան և թմրագործ Աբդուլլահ  Չաթլին էր:

Ազատազրկման ժամկետի ավարտից հետո նոր պայմաններում Թուրքեշը կենտրոնացել էր Թուրքիայի տարածքային ամբողջականության համար պայքարի վրա և նույնիսկ անձամբ մասնակցել քրդական ազատագրական շարժման անդամների դեմ մարտերին: ԽՍՀՄ փլուզումից հետո Ալփարսլան Թուրքեշը միացավ հետխորհրդային երկրներում՝ առաջին հերթին Ադրբեջանում, պանթուրքական շարժումներին: 1992-ին նա այցելել է Բաքու՝ աջակցելու թուրքամետ կողմնորոշման գաղափարակից Աբուլֆազ Էլչիբեյի թեկնածությանը նախագահական ընտրություններում: Թուրքեշի մասնակցությամբ Եվրոպայում թուրքական կազմակերպությունները ստեղծեցին հիմնադրամ`Ադրբեջանում և նույնիսկ Չեչնիայում պանթուրքիստներին աջակցելու համար:

Այժմ անդրադառնամ «Stratejikboyut» կայքի՝ 2009 թվականի հրապարակմանը, որում նշված է, որ «Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման գործում իր դերն է խաղացել նաև նրա որդին՝ Թուղրուլ Թուրքեշը»: Թուղրուլ Թուրքեշը՝ Ալփարսլան Թուրքեշի ավագ որդին, պաշտոնապես տնտեսագետ-մենեջեր, լրագրող և աջ ազգայնական քաղաքական գործիչ է: Նա ազգայնական շարժման կուսակցության (MHP) փոխնախագահ էր: Շարունակենք ներկայացնել «Stratejikboyut» կայքի հրապարակումը. «1993 թ. մարտի 12-ին Փարիզում տեղի ունեցավ երկկողմ գաղտնի հանդիպում: Թուրքեշին դիմավորեց Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը: Փարիզի Hôtel de Crillon հյուրանոց հյուրերի համար նախատեսված մեքենայով ժամանել էր այն ժամանակ Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Թուրքեշը հայտարարել է, որ եթե հարաբերությունները կարգավորվեն, Թուրքիան Հայաստանի տրամադրության տակ կդնի իր ցամաքային և ծովային ուղիները՝ կյանքի կոչելով Տրանսկովկասյան մայրուղու նախագիծը: Մայրուղուն պետք է ավելանային երկաթգիծը, գազամուղն ու նավթամուղը, և զարգանար միջսահմանային առևտուրը:

1994թ. ապրիլին Ֆրանկֆուրտի թուրքական հյուպատոսությունում հանդիպել են Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանն ու Ալփարսլան Թուրքեշը: 1995թ. փետրվարի 23-ին Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի հրավերով ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ժիրայր Լիպարիտյանն այցելել էր Անկարա և «Hilton» հյուրանոցում հանդիպում ունեցել Ալփարսլան Թուրքեշի որդու՝ Թուղրուլի հետ: 1997թ. հայերը պատրաստվում էին արդեն Երևան հրավիրել Ալփարսլան Թուրքեշին, սակայն ստացան նրա մահվան մասին լուրը»:

Նախորդ տարիներին ես բազմիցս անդրադարձել եմ Տեր-Պետրոսյանի, ՀՀՇ-ի և Թուրքիայի նեոֆաշիստական շրջանակների անդրկուլիսյան շփումներին։ Գրել եմ այդ մասին, խոսել մամուլի ասուլիսների ժամանակ, հայտարարել եմ այդ մասին զանազան հեռուստատեսային հարցազրույցներում: Տեր-Պետրոսյանի և թուրքական հատուկ ծառայության գործակալի կապի մասին տեղեկացել եմ 1997-ին թուրքագետ-փորձագետ Հակոբ Չաքրյանից, որն առաջինը Երևանում լուսաբանեց «Milliyet» թերթում հրապարակված փաստերը: Հասկանալի է, թե ինչու այդ ամենը տեղի ունեցավ այն տարիներին. Տեր-Պետրոսյանը և ՀՀՇ-ն արգելեցին ՀՅԴ կուսակցությունը, շատ դաշնակցականներ, այդ թվում՝ պատերազմի մասնակիցները, բանտարկվեցին: Պարզ է նաև, թե ինչու 2009թ. «Stratejikboyut» կայքը վերհիշեց «Milliyet» թերթի հրապարակումները. այդ ժամանակ Հայաստանը գրեթե կրկնեց Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը թուրքական ուղղությամբ, նախաձեռնվեց «ֆուտբոլային դիվանագիտությունը», որն ավարտվեց 2009թ. հոկտեմբերին Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմամբ: Մի՞թե պարզ չէ, թե թուրքական «արտոնությունների» դիմաց Ալփարսլան Թուրքեշն ի՞նչ պահանջ է դրել Տեր-Պետրոսյանի առաջ: Նույնը, ինչ թուրքերը միշտ պահանջել են պաշտոնական մակարդակով` հայեր, հանձնեք Արցախը:

Ես լավ հիշում եմ 2009թ. սեպտեմբերին Հայաստանի նախագահի աշխատակազմին կից Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում կայանալիք «Ցյուրիխյան արձանագրությունների» բուռն ու երկարատև քննարկումները, հիշում եմ, որ այդ թղթերին կտրականապես դեմ էին անվտանգության գծով նախագահի գլխավոր խորհրդատու Գառնիկ  Իսագուլյանը և այդ ինստիտուտի բոլոր փորձագետները։ Որոշակի առումով մենք այդ ժամանակ հեռակա կարգով դեմ արտահայտվեցինք Թուրքեշի և Տեր-Պետրոսյանի «սիրավեպին»։

Անդրադառնալով 1997թ. Թուրքեշի մահվանն ու Երևան չժամանելուն` կարող եմ ասել՝ շնորհակալություն այն երկրի հատուկ ծառայություններին, որոնք կազմակերպեցին թուրք նեոֆաշիստի մահը և կանխեցին հյուսիսային սահմաններում թշնամական մթնոլորտից:

1996-97 թթ. «Բոզ Քուրդ» կազմակերպության գլխատումը կազմակերպած հատուկ ծառայություններն այսօր էլ քնած չեն։ Այնպես որ, պետք չէ Արցախն առևտրի առարկա դարձնել Տեր-Պետրոսյանի և «ֆուտբոլային դիվանագիտության» կողմնակիցների օրինակով։ Չնայած ի պատիվ վերջիններիս՝ նշեմ, որ նրանք չեն հանձնվել Արցախի հարցում, և 2018թ. մարտին «արձանագրությունների» հարցը հանվեց նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով:

Սերգեյ Շաքարյանց