Չինաստանը զգուշացրել է, որ պատրաստ է պատերազմի

Մայիսի 31-ից հունիսի 2-ը Սինգապուրում կայացավ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) անվտանգության հարցերով «Շանգրի-լա Դիալոգ» միջազգային կոնֆերանսը: Ակնհայտ պատճառներով կոնֆերանսի մասնակիցների ուշադրության կենտրոնում էին Ամերիկա-չինական հարաբերությունները, քանի որ ընդհանուր առմամբ ԱԽՏ անվտանգությունը կախված է ԱՄՆ-ի և Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող թշնամանքի չափից: Ինչ վերաբերում է ԱԽՏ շրջանակներում ռուս-չինական հարաբերություններին, ապա դրանք, ընդհակառակը, միտված են ամրապնդելու անվտանգությունը տվյալ տարածաշրջանում:

Ինչպես մեր հրապարակումներից մեկում նշել ենք, հունիսի 8-ին Չինաստանը պատրաստակամություն է հայտնել միանալու Բաղդադի քառակողմ (Իրաք, Իրան, Ռուսաստան և Սիրիա) ռազմա-տեղեկատվական կենտրոնին: Պեկինը հաստատել է, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում Իրանի և Ռուսաստանի անվերապահ դաշնակիցն է: Հիշեցնեմ նաև, որ ապրիլի 30-ին Իրանի բարձրագույն իշխանության որոշմամբ՝ Մերձավոր Արևելքում, Աֆղանստանում և Պակիստանում, Թուրքիայում և այլ երկրներում (CENTCOM) ամերիկյան զորքերը պաշտոնապես ճանաչվել են որպես «ահաբեկչական խմբավորումներ», իսկ ԱՄՆ կառավարությունը՝ «ահաբեկչության հովանավոր»: Օրենքը հաստատվել է Իրանի խորհրդարանի կողմից ընդունվելուց երկու շաբաթ անց:

Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում Իրանի հետ համագործակցող բոլոր երկրները համաձայն են նշված տարածաշրջաններում ամերիկյան զորքերի ներկայությանն ու գործունեությանը Թեհրանի տված գնահատականի հետ: Եվ հաշվի առնելով նշված փաստերը՝ պարզ է դառնում, թե ինչու Սինգապուրում կայացած ԱԽՏ անվտանգության հարցերով «Շանգրի-լա Դիալոգ» միջազգային կոնֆերանսին զգալի ուշադրություն դարձվեց ամերիկա-չինական հարաբերություններին: Ի դեպ, հունիսի 3-ին Իրանի ԱԳՆ-ը հայտարարեց, որ Չինաստանի նկատմամբ «առևտրային պատերազմում» ԱՄՆ պատժամիջոցները «պետական ​​ահաբեկչություն» են: Այս համատեքստում Սինգապուրում պատասխանելով ԶԼՄ-ների հարցերին՝ Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենխեն հայտարարել է ԱՄՆ-ի հետ  առևտրային պատերազմին՝ իր երկրի պատրաստ լինելու մասին. «Եթե Միացյալ Նահանգները ցանկանում է բանակցել, մենք դուռը բաց ենք թողնում: Բայց եթե նրանք պատերազմ են ուզում՝ մենք պատրաստ ենք»:

Ուշադրություն դարձնենք. ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմին Պեկինի պատրաստակամության մասին հայտարարեցին ոչ թե առևտրի կամ տնտեսության նախարարները, այլ հենց պաշտպանության նախարարը: Նրանից բացի՝ Սինգապուրում չինական պատվիրակության կազմում էին այլ պետական պաշտոնյաներ, որոնց գործունեությունն ավելի շատ է առնչվում տնտեսությանը: Associated Press գործակալությունը հաղորդում է՝ գեներալ Վեյ Ֆենխեն զգուշացրել է, որ Չինաստանի զինուժը «կտրուկ միջոցներ» կձեռնարկի, եթե որևէ մեկը փորձի վիճարկել Թայվանի և Հարավչինական ծովի ջրերի նկատմամբ Պեկինի անկախությունը: Գործակալությունը նշում է, որ նախարարը ԱՄՆ-ի հասցեին հատուկ սպառնալիքներ չի հնչեցրել, սակայն նրա ելույթը լի էր Վաշինգտոնի գործողությունների քննադատությամբ:

Միևնույն ժամանակ Վեյ Ֆենխեն նշել է․ «Երկու կողմերն էլ հասկանում են, որ նրանց միջև հակամարտությունը կամ պատերազմը կարող են հանգեցնել աղետի ինչպես իրենց համար, այնպես էլ ամբողջ աշխարհի։ Այնուամենայնիվ, եթե որևէ մեկը համարձակվի բաժանել Թայվանը Չինաստանից, չինացի զինվորականներն այլ ելք չեն ունենա, քան ամեն գնով պայքարելը։ Այս դեպքում Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակը իր երկրի սուրբ հողից մատնաչափ անգամ չի զիջի։ Թայվանի հարցին ցանկացած միջամտություն դատապարտված է ձախողման»:

Եթե ​​այս ամենը վերլուծենք, ապա Սինգապուրում նախարար Վեյ Ֆենխեն զգուշացնում էր և՛ ԱՄՆ-ին, և՛ ամբողջ աշխարհին իրական պատերազմին, ոչ միայն ամերիկացիների հետ առևտրային պատերազմին ՉԺՀ-ի պատրաստականության մասին: Ես չեմ զարմանա, եթե Պեկինը ԱԽՏ շրջանակներում բարձրագույն մակարդակով բոլոր ամերիկյան զինծառայողներին  որպես «ահաբեկիչներ» ճանաչելու որոշում ընդունի։ Այդ դեպքում ինչպես ներկայումս Չինաստանն է միանում Իրանին և Ռուսաստանին Մերձավոր և Միջին Արևելքում միջազգային ահաբեկչության դեմ համատեղ պայքարի նպատակով, այնպես էլ Իրանն ու Ռուսաստանը կմիանան Չինաստանին՝ ԱԽՏ տարածքում ահաբեկչության դեմ համատեղ պայքարի նպատակով: Եվ դա տրամաբանական է. ԱՄՆ-ը առևտրային պատերազմ է մղում Չինաստանի դեմ և պատժամիջոցներ կիրառում Իրանի և Ռուսաստանի դեմ: Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի դաշինքը ողջամիտ արձագանք է Վաշինգտոնի հարձակվողականությանը: ԱՄՆ-ը Եվրասիայի երեք խոշոր տերությունների ընդհանուր թշնամին է, որոնցից երկուսը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներ են և միջուկային տերություններ:

Սերգեյ Շաքարյանց